Ամուլսարը շահագործելով՝ Նիկոլ Փաշինյանը գնում է պետական հանցագործության՝ սերունդների վրա բարդելով ծանր բեռ. Գարեգին Միսկարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը

– Պարո՛ն Միսկարյան, երեկ վերջնականապես ուրվագծվեցին Ամուլսարի շահագործման վերաբերյալ կառավարության մտադրությունները, և վարչապետը հստակ ասաց, որ այն շահագործելու մտադրություն ունեն:

Դուք թերևս միակ քաղաքական ուժն եք, որն ունի հանքը չշահագործելու սկզբունքային դիրքորոշում: Նման զարգացում կանխատեսո՞ւմ էիք:

– Անկեղծ ասած, այն, որ այդ հանքի շահագործման-չշահագործման հարցը չէր փակվում, անհանգստացնում էր, ու կար մտավախություն, որ, այո՛, ձգձգում են և հարմար ժամանակի են սպասում հանքը շահագործելու համար: Ասել, որ անակնկալ էր, սխալ կլինի: Այս կառավարությունից նման բան սպասելի էր՝ առաջին անգամը չէ, որ մի բան ասում են, մեկ այլ բան անում:

– Վարչապետի խոսքից դատելով՝ այլընտրանք չկա, և հանքի շահագործումը կարող է խթանել տնտեսական ակտիվությունը երկրում ճգնաժամից հետո: Կարծում եք՝ միակ ելքը դա՞ էր:

– Դեռ ոչ մի ճգնաժամ ու նույնիսկ դրա հնարավորություն չկար, բայց, միևնույն է, Ամուլսարի շահագործման հնարավորության մասին իրենք էլի խոսում էին: Խնդիրը բացարձակ ստացվող գումարները չեն, որովհետև դրանք չնչին գումարներ են տնտեսությունը ոտքի կանգնեցնելու համար:

Այստեղ խոշոր, շատ խոշոր ներդրումներ են անհրաժեշտ: Դատական համակարգը ժամանակին բարեփոխելով՝ հիմա ավելի բարենպաստ պայմաններ կունենայինք ներդրումների համար և ոչ թե կսպասեինք, թե որ աֆերիստներն են գալու Հայաստանում բիզնես դնեն, որ տարեկան մի 50 միլիոն էլ մեզ տան:

Այն ժամանակ բիզնեսը կգործեր արդար, ազնիվ մրցակցային դաշտում, ու ներդրումներ էլ կլինեին: Բայց, ինչպես տեսանք, չարեցին ոչ մի բան և հիմա փորձում են իրենց բացթողումները Ամուլսարով փակել:

– Կա տեսակետ, որ շրջակա միջավայրի նախկին նախարարն ընդդիմանում էր Ամուլսարի շահագործմանը: Եթե հետադարձ հայացք գցենք, դուք ի՞նչ կարծիքի եք, համաձա՞յն եք նման տեսակետների:

– Դժվար է միանշանակ կարծիք հայտնել: Ենթադրում եմ, որ նրա հեռանալու պատճառներից մեկն էլ կարող էր լինել այն, որ նա հանքի շահագործմանը դեմ էր: Հենց Էրիկ Գրիգորյանն էր, որ բարձրաձայնեց ՇՄԱԳ-ի թերությունների մասին և հայտարարեց, որ ՇՄԱԳ-ում կան թերություններ, կան ջրային մեծ հոսքեր, որոնք ՇՄԱԳ-ում ներառված չեն ու մեծ ռիսկ են պարունակում: Նրա ղեկավարած կառույցը մեծ ուսումնասիրություն էր իրականացրել ու պարզել էին, որ ՇՄԱԳ-ը կեղծված է ու չի համապատասխանում իրականությանը:

– Դուք ու ձեր քաղաքական ուժը մի քանի անգամ հանդիպել եք վարչապետի հետ, չի՞ խոսվել այս հարցի մասին, հանքը չշահագործելու վստահեցումներ չե՞ք ստացել:

– Այո՛, հանդիպումներ ունեցել ենք, բայց, իհարկե, ոչ բոլոր հանդիպումներն են եղել Ամուլսարի թեմայով, բայց Ամուլսարի հետ կապված հանդիպում եղել է անձամբ վարչապետի հետ:

Եթե կհիշեք, «Էլարդի» փորձագետների հետ էր հանդիպումը, ուղիղ եթերով էլ հեռարձակվեց, և վարչապետը դա կազմակերպել էր մեր հորդորով: Նա խոստացել էր, որ եթե «Էլարդի» եզրակացությունը հաստատվի բացասական, հանքի շահագործում չի լինի:

Եվ հենց այդ եթերում «Էլարդը» հաստատեց, որ եզրակացությունը բացասական է: Սակայն վարչապետը չպահեց իր խոստումը. եթե նա մինչ այժմ հայտարարում էր, որ հարցը բնապահպանական է, ու բնությանը վտանգ սպառնալու դեպքում հանքը չի շահագործվի, բայց դրանից հետո երբ պարզվեց, որ բնությանն իսկապես վնաս է, սկսեցին ինչ-որ արդարացումներ շրջանառել՝ ասելով, թե հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունը խոստացել է ավելի լավ աշխատել: Չգիտեմ, երևի այդ հանդիպումներն այդքան էլ մեծ արդյունք չեն տվել:

– Դուք, փաստորեն, ձեզ խաբված եք զգում:

– Այո՛, շատ: 

– Պարո՛ն Միսկարյան, երեկ շրջակա միջավայրի նախարարությունում խորհրդակցության ժամանակ վարչապետը խոսել էր բնական պաշարների խելամիտ շահագործման մասին: Այս պարագայում դա հավանակա՞ն է:

– Մենք առհասարակ հանքարդյունաբերությանը դեմ չենք, մենք դեմ ենք մետաղական հանքարդյունաբերությանը, որովհետև դրա տված վնասները բազմակի շատ են, քան հինգ տարվա տված օգուտը:

Հանքի ծանր մետղաների հետևանքով այն թունավորումը, մարդու առողջության հյուծումը պետության վրա ավելի շատ գումար է նստում, քան հանքից ստացած օգուտը:

Մենք պետք է կարողանանք հասկանալ, որ հանքարդյունաբերությամբ երկիր չես զարգացնի: Հիմա միջնադար չի կամ 20-րդ դարի սկիզբը չի, 21-րդ դարն է, և հիմա պետք է աշխատել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ, ոչ թե փորձենք կորզող տնտեսություն պահել ու ասել, որ դրանով որոշել ենք զարգանալ:

– Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում, հնարավո՞ր են բողոքի ակցիաներ Ամուլսարի շահագործման դեմ:

– Վատագույնը կարող է լինել այն, որ հանքը շահագործվի՝ դրա դեմ բողոքողների նկատմամբ բռնություն կիրառելով, լավագույնը՝ հանքը շահագործելու մտադրությունից հրաժարվելն է, որը, իմ կարծիքով, քիչ հավանական է:

Կա նաև միջանկյալ տարբերակ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու ճանապարհով հանքի շահագործումը թույլ չտալն է: Դուք էլ եք հասկանում, որ արտահերթ ընտրությունների մեծ հավանականություն կա, և այդ հապճեպ որոշում կայացնելը ուղղակի փաստի առաջ է կանգնեցնելու հաջորդ կառավարությանը, որ նա չկարողանա հրաժարվել այդ հարցից:

Եթե ի դեմս այսօրվա կառավարության, Հայաստանի Հանրապետությունը թույլ է տալիս շահագործել հանք Ամուլսարում, դա նշանակում է, որ նախկինների թույլ տված բոլոր բացթողումներն օրինականացվում են, և ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի Հանրապետության վրա և ոչ թե այն հանցագործների, որոնք տարբեր կոռուպցիոն սխեմաներով հանքի շահագործման լիցենզիա են տվել:

Դա նաև նշանակում է, որ եթե հետագայում «Լիդիանը» դիմի արբիտրաժային դատարան, մեր հաղթելու հավանականությունը քչանում է, իսկ վնասի փոխհատուցման չափը՝ աճում: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը այսպիսով գնում է պետական հանցագործության՝ սերունդների վրա բարդելով ավելի մեծ ու ծանր բեռ, քան ինքը վերցրել էր նախկիններից:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am