«Մի քիչ կանցնի, Ծառուկյանն ինքը կամավոր կհրաժարվի պատգամավորական մանդատից»․ քաղաքագետ

08-05-2019
1137 դիտում
«Մի քիչ կանցնի, Ծառուկյանն ինքը կամավոր կհրաժարվի պատգամավորական մանդատից»․ քաղաքագետ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կարծում է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջիկայում կհրաժարվի պատգամավորի մանդատից։

«Ինձ թվում է՝ հարցը լուծել են արդեն, որոշել են, մի քիչ կանցնի, Ծառուկյանն ինքը կամավոր կհրաժարվի մանդատից։ Եթե նույն կարգի անձնավորություններ չկան խորհրդարանում, նա էլ չի լինի»,- «Մեդիալաբին» ասում է Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ վերջին զարգացումներին։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով: Որպես հիմք բերվում էր ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունները։ Ըստ ՔՈ կուսակցության՝ այդ հայտարարությունների հետ կապված Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում պետք է հարուցվի, և նա պետք է զրկվի պատգամավորի մանդատից։ Բերվել են օրինակներ, որ այդ հայտարարություններով, մասնավորապես, Ծառուկյանը փաստել է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվում։ Ծառուկյանի վերաբերյալ ՔՈ դիմումը գլխավոր դատախազությունից ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն։

ՔՈ կուսակցությունը նաև դիմել է ԱԺ խմբակցություններին՝ Գագիկ Ծառուկյանի պատգամավորական էթիկայի խախտումներին առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության առաջարկով։
Խորհրդարանում մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին ասել է, որ իրենք որոշել են էթիկայի հանձնաժողով չստեղծել, քանի որ հարցն իրավական դաշտում է։

Գագիկ Ծառուկյանը մայիսի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե որ դեպքում կհրաժարվի մանդատից։

«Ես կհրաժարվեմ մանդատից այն ժամանակ, երբ որ իմ երազած երկիրը կլինի, ժողովրդի վիճակը լավանա, վարկերը փակված լինեն, բարեկեցիկ լինի, զարգանա, բոլորի դեմքին ժպիտ լինի, ես արդեն իմ կյանքով կապրեմ։ Բոլոր հարցերը լուծվել են, մնացել ա իմ մանդատի հա՞րցը»,- ասել է նա։

Նախքան խորհրդարանական ընտրությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր խորհրդարանում գործարար պատգամավորներ չեն լինի։ Հարցին, թե ինչո՞վ էր պայմանավորված որոշումը, որ Գագիկ Ծառուկյանը դարձյալ հայտնվեց խորհրդարանում, քաղաքագետ Լևոն Շիրինյանը պատասխանում է՝ իրադրային լուծումներով։ «ԲՀԿ-ի ներկայությունը խորհրդարանում այս կամ այն կերպ խանգարեց հեղափոխությանն աջակից ուժերին խորհրդարանում լինել։ Այդ հարցը լուծվեց, մավրն իր գործն արեց, մավրը պետք է հեռանա»,- ասում է Շիրինյանը։

ԲՀԿ-ականները Ծառուկյանի հեռանալը չեն կարող որակել որպես քաղաքական հետապնդում, քանի որ, ըստ Շիրինյանի, Հայաստանում ոչ մի քաղաքական հետապնդում չկա։

«Սա կարող եք համարել Հայաստանում ներքաղաքական կյանքի կարգավորում։ Իսկ էն նստածները քրեականներ են՝ Քոչարյանը և այլք։ Ով բանան է գողացել, ասում է՝ ես քաղաքական հետապնդման եմ ենթարկվում»,- հավելում է նա։

Ըստ Շիրինյանի՝ այս դեպքում չի կարող կրկնվել 2015 թվականի սցենարը, երբ Ծառուկյանը դուրս մղվեց քաղաքականությունից, նրա թիմը պառակտվեց, իսկ կողմնակիցները դա քաղաքական հետապնդում որակեցին։

«2015-ին ուրիշ իրավիճակ էր, երկու հզոր օլիգարխիկ ուժեր՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, շահերի բախման ճանապարհով իրար հանդիպեցին։ Հետո Սերժ Սարգսյանը կարգավորեց, և վերջացավ։ Հիմա, քանի որ մի թևը՝ ՀՀԿ-ն չկա, ՀՀԿ-ի մեջ եղած օլիգարխները չկան, արդեն խաղը մեկ դարպասում է, որը չի ստացվում։ Մավրը գործն արել է, այդքանը»,- հավելում է Շիրինյանը։

Քաղաքագետը նշում է, որ լավ կլինի, եթե Ծառուկյանը ինքնուրույն հեռանա, չսպասի, որ քվեարկեն ու իրեն զրկեն մանդատից։ Ըստ նրա՝ Հայաստանում կա բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժ, որը ցանկացած նախագիծ կարող է անցկացնել, այսինքն՝ կարող են քվեարկել ու զրկել մանդատից։

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Ծառուկյանին մանդատից զրկելու դեպքում ԲՀԿ բոլոր պատգամավորները կհրաժարվեն մանդատից, Լևոն Շիրինյանի խոսքով, դա քաղաքական ճգնաժամ չի առաջացնի։ Այդ դեպքում կշահի «Լուսավոր Հայաստանը»։

«Բոլոր դեպքերում «Լուսավոր Հայաստանը» հիմա շահում է, ԲՀԿ-ի կշիռը, ֆինանսական ու քաղաքական ազդեցությունը նվազում է։ Առանց Ծառուկյանի ԲՀԿ-ն իրենից ի՞նչ է ներկայացնում, թիվ է, էլի։ «Լուսավոր Հայաստանը» շահեց, իսկ Հայաստանը շահեց, թե՞ ոչ՝ դժվարանում եմ ասել։ ԲՀԿ-ն «Իմ քայլի» ու «Լուսավորի» արանքում ճոճվում է, դա բուֆերային քաղաքականություն է կոչվում, հիմա առանց Ծառուկյանի ո՞նց է լինելու։ Եթե այդ հարցը դրվել է, ուրեմն այդպես կլինի։ Հեղափոխությունից հետո ինչ շշուկ սկսել է տարածվել, ձնագնդի էֆեկտ է ստացել, մեկ էլ՝ գը՛մփ մի տեղ պայթել է, հարցը լուծվել է»,- ասում է նա։

Շիրինյանի խոսքով՝ եթե Ծառուկյանը թողնի մանդատն ու զբաղվի երկրի արդյունաբերության զարգացմամբ, դա շատ մեծ օգուտ կտա երկրին։

«Այնպես որ, հեղափոխության ընթացքը խորանում է։ Մարդիկ ասում են՝ հեղափոխություն չի եղել, բա հեղափոխությունը էլ ո՞նց է լինում»,- հարցնում է նա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am