Միջազգային արձագանքը Հայաստանում դատարանների շուրջ ստեղծված իրավիճակին

27-05-2019
189 դիտում
Միջազգային արձագանքը Հայաստանում դատարանների շուրջ ստեղծված իրավիճակին

Մայիսի 20-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանները շրջափակելու ակցիայով, փաստացի, ազդարարվեց Հայաստանի դատական համակարգի բարեփոխման ակտիվ գործընթացի մեկնարկը, որը դարձավ վերջին շաբաթվա ներհայաստանյան օրակարգի թիվ մեկ հարցը։ Սրան զուգահեռ՝ Հայաստանում դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակն արձագանք ստացավ միջազգային հանրության կողմից։

Ի՞նչ արձագանք

Հայաստանում մեկնարկած գործընթացներին արձագանքեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ԵՄ պատվիրակությունն ու Հայաստանում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանությունները, ԵԽԽՎ՝ Հայաստանի մոնիտորինգի հարցով համազեկուցողները, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը և այլք։

Հարկ է նշել, որ հնչած արձագանքները հիմնականում պետք է բաժանել երկու մասի՝ կառույցների և ինստիտուտների անունից և անհատ գործիչների կողմից հնչեցված արձագանքներ։ Ուշագրավ է նաև, որ կառույցների անունից հնչած արձագանքները ընդհանուր առմամբ դրական են, և թեև դրանցում չեն նշվում անցումային արդարադատության կամ դատավորների վեթինգի վերաբերյալ ձևակերպումներ, այնուամենայնիվ, դրանցում աջակցություն է հայտնվում ՀՀ կառավարությանը դատական համակարգի բարեփոխման հարցում։ Սրան հակառակ՝ անհատ գործիչների արձագանքները պարունակում են մտահոգություն և զգուշավորության կոչեր։

Ովքե՞ր են արձագանքել

Մայիսի 20-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշված էր, որ Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել Հայաստանում անկախ դատական համակարգի ամրապնդմանը, ինչը ներառում է կոռուպցիայի դեմ ուղղված ջանքեր և իրավունքի գերակայության հաստատությունների ձևավորում։ Ըստ դեսպանատան հայտարարության, դա պահանջում է վճռականություն, զգոնություն և կառավարման թափանցիկ ու հաշվետու հաստատությունների կառուցման երկարաժամկետ ռազմավարություն։ Միևնույն ժամանակ, դեսպանատան հայտարարության մեջ նշվում էր, որ ԱՄՆ-ն քաջալերում է ՀՀ կառավարությանը հետամուտ լինել դատական բարեփոխումներին երկրի սահմանադրությանը համահունչ ճանապարհով։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին մայիսի 21-ին հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներին և ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումն այդ հարցում։

Բացի սա, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունները մայիսի 23-ին հանդես եկան հայտարարությամբ, որով ողջունեցին ՀՀ կառավարության՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը հետամուտ լինելու աներկբա հանձնառությունը՝ համաձայն ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային հանձնառություններին։

Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հաստատել է կազմակերպության աջակցությունը Հայաստանի բարեփոխումների օրակարգին և նշել, որ Եվրոպայի խորհրդի փորձագետների պատվիրակություն կմեկնի Երևան՝ առաջարկելու իր խորհրդատվությունն ու աջակցությունն անհրաժեշտ բարեփոխումներին։ Յագլանդն ու Փաշինյանը նաև համաձայնության են եկել, որ բարեփոխումների գործընթացը, այդ թվում և պայքարը կոռուպցիայի դեմ ու դատական համակարգի բարեփոխումները, պետք է իրականացվեն համաձայն Հայաստանի Սահմանադրության և համապատասխան միջազգային չափորոշիչների։

Այս արձագանքներին զուգահեռ, հայտարարություններով են հանդես եկել նաև տարբեր կառույցների առանձին ներկայացուցիչներ։ Մասնավորապես, Հայաստանի մոնիտորինգի հարցով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Յուլյա Լավոչկինան և Անդրեյ Շիրցելը մայիսի 21-ին տարածված իրենց հայտարարությունում նշել են, որ քաղաքական գործիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են դիտարկվել որպես ճնշման գործադրում դատական համակարգի նկատմամբ։ Համազեկուցողները, մեկնաբանելով դատարանները փակելու վերաբերյալ Փաշինյանի կոչը, նշել են, որ դատական համակարգի անկախությունն օրենքի գերակայության նախապայման է, և օրենքի գերակայությունը լավագույնս դրսևորվում է քաղաքական դերակատարների ցանկացած միջամտության բացակայության դեպքում։

«Կարնեգի» հիմնադրամի՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը, իր հերթին, մեկնաբանելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, մտահոգություն է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը գնում է ոչ թե տքնաջան աշխատանքի ճանապարհով, այլ վերսկսում է հեղափոխությունը։

Տեղի ունեցողի վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց նաև Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենկանը, ըստ որի, Նիկոլ Փաշինյանը, չկարողանալով արագ ու կայուն կերպով վերափոխել Հայաստանը, վերադարձել է պոպուլիզմին։ Հարկ է նշել, սակայն, որ Շենկանի այս հայտարարությունը հայկական մամուլում ներկայացվեց որպես Freedom House-ի դիրքորոշում, այնինչ կազմակերպությունը զերծ է մնացել մեկնաբանություններից, իսկ վերը նշվածն ընդամենը Շենկանի անձնական կարծիքն էր։

Ըստ այդմ, կարելի է արձանագրել, որ Հայաստանում դատական համակարգի բարեփոխման գործընթացի վերաբերյալ միջազգային հանրության արձագանքները հիմնականում դրական և աջակցող են։ Միևնույն ժամանակ, բոլոր դեպքերում ընդգծվում է, որ բարեփոխումները պետք է իրականացվեն ՀՀ Սահմանադրության և միջազգային նորմերի համաձայն։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»