Խոշտանգելով ցուցմունք կորզելու դեպքով իրավապահները պետք է գործեն բացառիկ թափանցիկ, որպեսզի հանրության մեջ կասկածներ ու հարցեր չմնան. իրավապաշտպաններ

23-11-2019
Խոշտանգելով ցուցմունք կորզելու դեպքով իրավապահները պետք է գործեն բացառիկ թափանցիկ, որպեսզի հանրության մեջ կասկածներ ու հարցեր չմնան. իրավապաշտպաններ

Ոստիկանության բաժանմունքներից մեկում քաղաքացուն խոշտանգելով ցուցմունք կորզելու դեպքով իրավապահները պետք է գործեն բացառիկ թափանցիկ, որպեսզի հանրության մեջ կասկածներ ու հարցեր չմնան։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում իրավապաշտպան, քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդական խմբի անդամ Զարուհի Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ցուցմունք վերցնելու ամբողջ գործընթացը տարիներ շարունակ լուրջ կասկածների տեղիք է տվել և իրավապաշտպանների քննադատության ներքո է եղել։ Կասկածներ են եղել, որ հաճախ այն կողմը, որը մեղքն իր վրա է վերցրել, դա արել է ուժի ու հատուկ միջոցների կիրառման ճնշման տակ։

«Պարզապես հետհեղափոխական շրջանում առաջին անգամ է, որ նմանօրինակ տեսանյութ է հանրայնացվում, ինչը նաև իրավապաշտպանների մոտ է առաջացրել բավական լուրջ հուզում և բողոք, որովհետև մեթոդները գոնե պետք է փոխվեին, և նոր Հայաստանում նմանատիպ իրավիճակ պետք է որ բացառվեր»,- «Մեդիալաբին» ասում է Զարուհի Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում ոստիկանները քաղաքացուն խոշտանգելով՝ նրանից ցուցմունք են կորզում։ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրել է, որ խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՔԾ-ում նախապատրաստվում են նյութեր։ 

ՀՀ ոստիկանությունից տեղեկացրել են, որ մեկ ոստիկանի լիազորություններ արդեն դադարեցվել են։ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող:

«Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Գլխավոր հարցը մնում է այն, թե արդյոք դեպքը հեղափոխությունից հետո՞ է եղել, թե՞ նախքան հեղափոխությունը։

Զարուհի Հովհաննիսյանն ասում է, որ արդեն երրորդ օրն է՝ տեսանյութը համացանցում է, և որևէ հոդաբաշխ պատասխան չկա, թե ի՛նչ է իրենից ներկայացնում այդ տեսանյութը, ե՛րբ է դեպքը տեղի ունեցել։

«Դա բավական մեծ կասկածի պատուհան է բացում, որ այնուամենայնիվ տեղի է ունեցել նոր ժամանակներում, առնվազն վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Եվ դրա մասին լռում են՝ աշխատելով կոծկել այդ փաստը»,- ասում է իրավապաշտպանը։

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում տեղի ունեցող քրեական գործընթացների և դատավարությունների շրջանակներում տարբեր խմբերի մոտեցումներ ու կարծիքներ կան՝ արդյոք դրանք քաղաքական հետապնդո՞ւմ են, թե ոչ, նախկին իշխանությունների հետ կապված հաշվեհարդա՞ր են, թե ոչ, շատ ավելի կարևոր է, որ իրավապահ մարմինները գործեն բացառիկ թափանցիկ և հաշվետու։ Ո՛չ միջազգային, ո՛չ Հայաստանի հանրության, ո՛չ էլ քրեական գործերով անցնող անձանց մոտ որևէ կասկած չպետք է մնա, այդ գործելաոճը պետք է որդեգրվի։ 

«Մարդիկ չպետք է որևէ կասկած ունենան, որ իրենց հանդեպ ուղղորդված ու կոնկրետ նախագծված պրոցեսներ են ընթանում»,- ասում է Զարուհի Հովհաննիսյանը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է, որ ժամանակ է պահանջվում այս գործի բացահայտման համար, մեկ-երկու օրում արդյունք չպետք է ակնկալել։

«Ցանկացած մարդու գնահատմամբ՝ դա բացասական երևույթ է, որը պետք է արմատախիլ արվի։ Եվ ընդհանրապես, նման երևույթ չպետք է գոյություն ունենա մեր հասարակությունում»,- «Մեդիալաբին» ասում է Վարդան Հարությունյանը։ 

Նրա խոսքով՝ դեպքով իրավապահ մարմիններն արդեն աշխատանք իրականացնում են, ծառայողական քննություն պետք է անցկացվի, պետք է պարզվեն դեպքի մասնակիցները, մեղավորները, վերհանվեն պատճառները, թե ինչո՛ւ է նման դեպք հնարավոր ոստիկանության բաժանմունքում։ Ըստ իրավապաշտպանի՝ այս դեպքը պետք է հասարակության ուշադրության կենտրոնում լինի, և ոստիկանության ամենավերին օղակները պետք է դրանով զբաղվեն։

Իրավապաշտպանն անդրադարձավ նաև հարցին, թե արդյոք նման դեպքերի առկայությունը ոստիկանության համակարգում փաստո՞ւմ է այն մասին, որ հին մեթոդները համակարգում շարունակում են կիրառվել։ 

«Մենք կարող ենք ասել, որ արձանագրվեց այս դեպքը։ Ես չեմ կարող ասել՝ համակարգում փոփոխություններ եղե՞լ են, թե՞ ոչ, բայց եթե այդ դեպքն արձանագրվեց, դա արդեն վկայում է այն մասին, որ ամեն ինչ այնքան լավ չէ, ինչքան փորձում են ներկայացնել։ Ես ուզում եմ շեշտել՝ եթե նույնիսկ մեկ դեպք է, դա արդեն շատ-շատ է։ Մենք չպետք է խոսենք դեպքերի նվազման մասին, պետք է խոսենք նման դեպքերի բացառման մասին»,- ընդգծում է Վարդան Հարությունյանը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am