«Գաղափարի համար պետք է վճարել»․ Վարդգես Գասպարի, մարդ ով պայքարում է

14-03-2016
22684 դիտում
«Գաղափարի համար պետք է վճարել»․ Վարդգես Գասպարի, մարդ ով պայքարում է

«Գիտեք, երբ ձեռնաշղթաներով քարշ են տալիս 30-40 մետր, դա ահավոր ցավոտ է, ահավոր, բայց գաղափարի համար պետք է վճարել»,֊ ինչ֊որ բան փոխելու համար առողջությամբ եւ ընտանյոք է վճարում քաղաքացիական ակտիվիստ Վադգես Գասպարին։ Ասում է, ընտանիքի անդամներն ավելի շատ են սթրեսի ենթարկվում, քան ինքը, որն անմիջական բռնությունների է ենթարկվում պայքարի համար։

Գասպարին միշտ բողոքի ակցիա է անում՝ մեկ նախագահի նստավայրի մոտ, մեկ՝ Ազգային Ժողովի դարպասների, մեկ էլ՝ կառավարության շենքի մոտ, եւ նույնիսկ Ստեփան Դեմիրճյանի, այն պատգամավորի տան մոտ, որի օգտին քվեարկել էր, մեկ էլ միանում է բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մայրերի բողոքին։ Ասում է՝ այնտեղ է լինում, որտեղ անարդարություն կա,  այն մարդկանց կողքին է լինում, որոնք անարադարությունից ամենաշատն են տուժել․

«Եթե նշանաձողը արդարությունն է, էական չէ, թե բողոքողն ով է, փորձում եմ լինել նրանց կողքին»։

Վարդգես Գասպարիի Հայաստանի հետ անմիջական ծանոթությունը եղել է 1985-ին, երբ կնոջ՝ Անահիտի հետ Թեհրանից եկել է Հայաստան՝ ուսանելու։ Մինչ այդ, Հայաստանի մասին առաջին անգամ լսել էր ռադիոյով․

«Ես փոքր երեխա էի, հայրս ռադիո բերեց ու մենք լսում էինք Հայաստանի ձայնը` «Խոսում է Երեւանը»։ Դա մեծ իրադարձություն էր։ Հետո, պատանեկության տարիներին, հայրենիքի մասին տեղեկանում էինք Իրանում այն ժամանակ գործող մարզական, մշակութային ակումբներում։ Այն ժամանակ Սփյուռքում ավելի շատ ընդունված էր հայրենիքի մասին դաշնակցական ընկալումը՝ Հայաստանը սկսում էր 1918-ին, ավարտվում՝ 1920-ին։ Նրանից հետո խավար էր, ոչինչ չկար։ Երբ եկա Հայաստան աստիճանաբար հայտնաբերեցի հայրենքը: Կյանքիս մեծ հայտնագործություն էր, դա երազ չէր, գոյություն ունեցող հայրենիք էր` Խորհրդային Հայաստանը»:

Գասպարին ասում է, իրեն շատ կարճ ժամանակ էր պետք, որպեսզի, այսպես ասած՝ հակասովետական դառնար։ Պոլիտեխնիկի կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանող էր, նախաձեռնեց ընդհատակյա «Ուսանողական Օրագրի» հրատարակումը, փոստով ուղարկում էր իրանահայությանը:

«Դե գրում էի կոռուպցիայի մասին, որ ինստիտուտներում կարելի է կաշառք տալ ու գնահատական ստանալ, խանութներում դրամաշորթության մասին էի գրում ու ուղարկում, որ Հայաստանի մասին ճիշտ տեղեկություն ունենան։ Այդպիսի բաներ գրելը համարվում էր հակասովետական ագիտացիա։ Եւ քանի որ Հայաստանում փոստը վերահսկվում էր, Լուսավորության մինիստրության հանրապետական խորհրդից ինձ կանչում էին՝ խրատում, բայց խիստ ճնշումներ չեն եղել»:

Հետո սկսվել է ղարաբաղյան շարժումը, որին, իր խոսքերով ասած՝ ինչ-որ չափով մասնակցություն է ունեցել։

«Ղարաբաղյան շարժման ժամանակ միացա հացադուլ անողներին, բայց այն ժամանակ մեզ ասում էին՝ լավ կլինի չխառվենք, որպեսզի չմտածեին, թե դրսից հրահրվող է շարժումը, եւ ես հացադուլը շարունակեցի ուսանողական հանրակացարանում»։

Երբ պիտի ընտրություն աներ՝ Հայաստան, թե ԱՄՆ, Գասպարին ընտրեց Հայաստանը․

«Քույրս Ամերիկայում էր ապրում, ինձ ասում էր՝ Վարդգես, այստեղ այնքան հայկական միջավայր կա, դու քեզ օտար չես զգա։ Բայց ես ասացի, թե որ օրը ոտք դնեմ Ամերիկա, տղայիս հետ անգլերեն եմ խոսելու: Սփյուռքն ինձ համար կորած միավոր է, ինչ իմաստ ունի Ամերիկայում հայ մնալը, ես դա չեմ ուզում։ 2004-ին վերջնական եկանք Հայաստան»։

Վարդգես Գասպարին ասում է, որքան էլ ինքը խաղաղ ցույցեր է անում, պահանջում այս կամ այն խնդիրը լուծել, չգիտես ինչո՞ւ Հայաստանի իրավապահ մարմիները վերջում իրեն են մեղավոր «հանում», խտրական վերաբերմունքի ենթարկում։ Անգամ ոչ քաղաքական պայքարի ժամանակ էլ, ասում է, ամեն ինչ շուռ եկավ իր դեմ․

«Նոր էինք տեղափոխվել Հայաստան, մեր շենքում գազ էին քաշում եւ ով մաղարիչ աներ, նրանը կարճ ժամկետում կմիացնեին։Ես բողոքեցի, բայց այդ մարդիկ սկսեցին իմ տանապակիները կոտրել, ոստիկանները ռեպրեսիաներ սկսեցին, փոխանակ հանցագործությունը պարզեին։ Այն ժամանակ Թամամյանն էր ոստիկանապետը։ Ես ի նշան բողոքի, հացադուլ սկսեցի տանը։ 35 օր տեւեց, Լեւոնս 2 տարեկան էր, եւ դա ցավալիորեն, ազդեց տղայիս հոգեկան առողջության վրա: Գիտեք, հացադուլն ազդում է սկզբում մարդու հոգեկանի, հետո եւ ֆիզիկականի վրա։ Այդ ընթացքում Լեւոնը սկսեց աստիճանաբար չխոսել, ու ընդհանրապես չխոսել. Հացադուլը դադարեցնելուց հետո մի անգամ գնացել էինք գազանանոց, ես սարսափով նկատեցի, որ Լեւոնս անտարբեր է, կարծես ոչինչ չի նկատում։ Աուտիզմի սինդրոմներ հայտանաբերեցին։Սա ամենածանր բանն էր, որ մեր հոգուն նստեց, մտածում եմ՝ նա փոքր էր, ուզում էր գալ գիրկս, իսկ ես հացադուլի մեջ, ուժասպառ, չէի կարողանում գրկել նրան, գուցե սա՞ է ազդել նրա վրա»։

Վարդգես Գասպարին ասում է ժամանակին եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներից, միշտ համակրել է Նիկոլ Փաշինյանին եւ այլն, բայց միշտ ինքնուրույն է կողմնորոշվել և մասնակցել գործընթացներին:

«Օրինակ, ես լինելով ՀԱԿ անդամ, 2012-ին, մասնակցում էի Ստյոպա Սաֆարյանի, 2013-ին Զարուհի Փոստանջյանի քարոզարշավներին, որովհետեւ գտնում էի, որ նրանք արժանի են»,-«Մեդիալաբին» ասում է նա։

«Ավելի շուտ`2008-ին, երբ Տեր-Պետրոսյանի վստահված անձն էի, այդ ընտրատեղամասում մի մեծ տեսախցիկով էի, արձանագրում էի խախտումները (էն ժամանակները բջջայիններն այդքան զարգացած չէին), այդտեղ Տեր-Պետրոսյանի օգտին ամենալավ ցուցանիշները գրանցեցին։

Հիշում է, թե  2008-ի մարտի 1-իառավոտյան ինչպես նրան ոստիկանները տարան բաժին․

«Սկզբում տարան Կենտրոնի բաժին, այնքան շատ մարդիկ կային՝ տարբեր վնասվածքներով։ Բոլորին ասում էին՝ գրի ցույցերի չեմ մասնակցել ու չեմ մասնակցի։ Շատերը գրում էին ու գլուխներն ազատում։ Ես ասացի՝ ոչինչ չեմ գրի, մինչեւ փաստաբանս չգա, մարտի մեկն էր․․․սա իրենց համար անսպասելի էր։ Քննիչն ասաց՝ երեւում է տակդ շատ կեղտ կա, հետո կանչեց ոմն Պապիչի։ Սա ինձ տարավ բաժնում մի տեղ, որտեղ երկրապահի զինվորական համազգեստով մի մարդ էր գետնին ընկած։ Պապիչը ծոցից հանեց մետաղյա «դուբինկան», բռնեց նրա թեւն ու դաստակը «դուբինկայով» կոտրեց։ Ինձ ոչինչ չարեց, ուղղակի դրանով սպառնաց»։

Հետո մեկ տարի «Նուբարաշենի» քրեկատարողական հիմնարկում, որտեղ, ինչպես ինքն է ասում, առաջին օրերը կյանքի ամենածանր օրերին էին, դաժան երեւույթների ականատեսը եղավ եւ բարձրաձայնեց այդ մասին:

Իր պայքարով, անարդարության դեմ ընդվզումով շատերի համար անհասկանալի, շատերի համար տարօրինակ պայքարող՝ գետնին պառկելով բողոքի ակցիա անող Վադգես Գասպարին միշտ չէ, որ մինաշանակ է ընդունվում եւ ընկալվում մարդկանց կողմից․

«Առաջին անգամ այդ ձեւն ինքնաբուխ սկսվեց։ Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանքի ժամանակ ոստիկանները շղթա կազմած մարդկանց հրելով հետ էին մղում, ես կանգնեցի ու չշարժվեցի, ոստիկանը հրեց ինձ ու ես ընկա, պառկեցի ու տեղից չշարժվեցի. որպես նշան դու կարող ես իմ վրայով անցնես։ Ավելի ուշ Ուկրաինայի բռնապետությունը տապալելուց առաջ մարդիկ պառկել էին գորգի պես, կարծես ասեն՝ խնդիր չկա, կարող եք անցնել մեր վրայով, եթե կարողանան թող անցնեն, միեւնույն է մեզ տրորելով առաջ են գնում»:

Գասպարին ասում է, գաղափարի համար պետք է վճարել․ կարող են լինել բռնությունների, ճնշումների միջոցով վճար, բայց կարեւորը չհանձնվելն է․

«Խնդիրն այն է, թե ես որքան կդիմանամ, եւ ինքը որքան կշարունակի այդ բռնությունը, որովհետեւ մի բան է, երբ ոստիկանը կամ քրեական հեղինակությունը մատի շարժում է անում , ու մարդիկ վախից ինչ-որ բան են անում, փախչում են, ու մեկ այլ բան է, թե մինչեւ որտեղ դա կշարունակի։ Ի վերջո, հենց առաջին մատի շարժումով չէ, որ կարելի է ենթարկվել։ Հա, մի քիչ սպասենք, դիմադրենք, մի քիչ, չեմ ասում կյանքը զոհաբերել։ Եթե մի քիչ դիմադրենք՝ կարող է իրավիճակ փոխվի։ Բայց շատ հաճախ այդպես չի լինում, հասարակությանը նկատի ունեմ»։

Խաղաղ ցուցարար Վարդգես Գասպարի դեմ ներկայումս մոտ 10 վարչական եւ 2 քրեական վարույթ կա հարուցված։ Գասպարին ասում է՝ իշխանությունների նման վերաբերմունքն ուղղակի նրանց սկզբունքի խնդիրն է․

«Երբ ինչ֊որ մեկը հակադրվում է, դա կարող է լինել վարակիչ։ Շատ դեպքեր կան՝ տեսախցիկի առաջ ինձ հարվածում՝ վայր են գցում։ Ի վերջո 80 կիլոյանոց մարդը, երբ վայր է ընկնում մեջքի վրա՝ողնաշարի վնասվածք է առաջացնում։ Այնուամենայնիվ, երբ համոզված ես ու վստահ գաղափարներիդ համար, դա ավելի ուժեղ խթան է՝ գաղափարը պաշտպանելու։ Օրինակ, կալանավայրում բոլորը վճարում էին «օբշյակին», մեկ հոգին ասում է՝ ոչ , այսինքն՝ համակարգին դեմ գնալը մեծ խնդիր է նրանց համար։ Ես շատ փոքր քայլ եմ անում, բայց համակարգի հետ չեմ համակերպվում, դա աններելի է իշխանության կողմից»։ 

Օրինակ, Հարսնաքարի ակցիայի մասնակիցներիս կարտոլի նման գլորելով տանում էին, ես չգնացի, իրենք հրեցին՝ ես վայր ընկա, բռնեցին տարան 30 հազար տուգանեցին: Վարչական դատարան հայց են ներկայացրել, իբր ես պառկելով մայթին խանգարել եմ այլոց երթեւեկությանը։ Գիտեք ինչո՞ւ են այդպես վարվում, որովհետեւ դա կարող է վարակիչ լինել, այսինքն՝ երբ ոստիկանը հրում է, կարելի է եւ չգնալ։ Ուղղակի պատկերացրեք 100 հոգի պառկեն, ոչինչ չանեն, պասիվ պառկեն, նրանց տեղաշարժելու համար 400 ոստիկան է պետք։ Կարեւորն այն է, երբ նրանք քացով խփում են, պառկած մարդը չհելնի ու փախչի, կարեւորը դիմանա։ Իշխանությունը վախենում է, որ մարդիկ հանկարծ կանգնեն ու չփախչեն»։

Ընտանիքի մասին Գասպարին ասում է՝ երեւի չկա մեկը, որ պատերազմից հետո իր ընտանքիի հետ այսպես դաժան վարված լինի․

«Անահիտը երբեմն սրտնեղում է, բայց ինչ արած»։

Օրերս Գասպարիի կնոջը՝ Անահիտ Այվազիին ՀՔԾ-ից ծանուցում է ուղարկվել՝ հարցաքննության։ Գասպարին ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նուբարաշենում ինձ կտտանքների ենթարկելու կապակցությամբ, որպես վկա հարցաքննության է կանչվել Անահիտը, նշելով, որ չներկայանալու դեպքում կարող է բերման ենթարկվել… Թե կինս տանը նստած ինչով կարող է հաստատել կամ հերքել Նուբարաշենում կատարվածը չափազանց դժվար է ասել… իսկ ՀՔԾ-ն իրականում փորձում է հաշիվ պահանջել իմ ընտանիքից՝ ինձ կտտանքների ենթարկելու կապակցությամբ արագացված կարգով ՄԻԵԴ դիմելու համար… Տրամաբանական է, որքան ընդդիմանաս անօրինականությանը, գործող իշխանությունն այդքան էլ կսեղմի օղակը»։

Նախորդ ամիս մեկ շաբաթով Վարդգես Գասպարիին կրկին կալանավորեցին։ Նա մեղադրվում էր 2014-իապրիլի 7-ին Վարչական դատարանում դատավորի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար։Այս դատական գործի շրջանակներում փետրվարի 19-ին դատարանը որոշում է կայացրել Գասպարիի նկատմամբ խափանման միջոցը փոխարինելու կալանավորմամբ եւ հենց նույն օրը նրան կալանավորել են դատական նիստերին չներկայանալու համար:

Ըստ իրավապաշտպանների, կալանավորման որոշումն օրենքի խախտումով է կայացվել։ Գասպարիի կալանավորման մասին հանրության արձագանքն առավել բուռն եղավ, երբ նա բարձրաձայնեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իր հանդեպ կատարված բռնությունների մասին։ Նա հայտարարել էր, որ «Նուբարաշենում» խցակիցներն իրեն կտտանքների եւ նվաստացումների են ենթարկել․

«Հարվածում էին ոտքիս ծնկից վերև հատվածներին, ես պառկած էի մահճակալին, իրենք կանգնած էին. Հարվածում էին կողքից: Հարվածների ցավից ես գոռում էի, իրենք ասում էին, որ ձեն չհանեմ, ինձ խփողները երեքն էին։ Իմ` ցավից արձակված գոռոցները լսվում էին մինչեւ 10-յակ մետր հեռու»։

Ազատ արձակման օրը Գասպարին լրագրողնեերին ասել էր՝ «Ինձ դարձրեցին գաղութի փոշի։ Նուբարաշենը կալանավայր չէ, սպանդանոց է»։

Արդյոք իշխանությանը հաջողվե՞ց կոտրել Գասպարիին, հարցին ի պատասխան ասում է՝ ինչ-որ չափով այո․

«Չափազանց դժվար բան է, հիշողությունից  հեշտ չէ մաքրվում, չի ջնջվում, բայց նաեւ խթաններ առաջացրեց ինչ-որ բան անելու համար, այն, ինչ սկսել եմ, ավելի արմատավոր ու հիմնավոր անել՝ իշխանությունն իր հերթին, եւ այն մարդիկ, որոնք աջակցեցին ինձ՝ իրենց հերթին։ Որովհետեւ այդ մարդիկ աջակցեցին Վարդգես Գասպարիին ոչ իր անձնական խնդրի համար, Վարդգեսը անձնական հարց չէր բարձրացնում։ Հանրային հարց էր ու մարդիկ աջակցեցին, սա պարտավորեցնող է։ Մի կողմից էլ իշխանությունն իր ատամները ցույց տվեց, բայց հիմա դժվարանում եմ ասել՝ ինչ կանեմ»։

Գասպարին ասում է, ինքը չի կարող իրեն թույլ տալ անտարբեր մնալ Հայաստանում տեղի ունեցող անօրինականությունների նկատմամբ։

«Չեմ կարող չպայքարել, հաշտվել համակարգի հետ։Մեր երկրում բնակչության երեսուն տոկոսը պաշտոնապես սոված է, աղքատ մարդիկ տարրական կարիքներ ունեն, ունակ չեն մտածելու։ 10 տոկոսին այդ ամենը պետք չէ։ Մի 30 տոկոս մարդիկ կան, որ մեզ նման են, ու ցավագին եմ տանում, որ այդ միջանկյալ 30 տոկոսը չի անում այն, ինչ պիտի անի, որովհետեւ ինքն իր հերթին հարմարվող է։ Ես դրանից շատ դժգոհ եմ։ Ինքս չեմ կարող այդպես վարվել, միայն թե այն պայքարող մարդիկ մի քիչ շատ լինեն, մի քիչ կրճատեն իրենց հանգիստը և ավելի շատ ընդդիմանան անօրինականությանը ու մենք կարող ենք իրավիճակ փոխել»։

Նելլի Բաբայան

Լուսանկարը՝ Տաթեւ Եսայան

© MediaLab.am