«Աշխարհն ինձ համար փլվել է առանց Միշայի»․ 18-ամյա Միշան զոհվել է ընկերոջ կյանքը փրկելիս

«Միշաս իր կյանքը զոհելով՝ ընկերոջ կյանքն ա փրկել»,- պատմում է 38-ամյա Շուշան Թամազյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է 18-ամյա որդուն՝ Միշա Գրիգորյանին։

«Տանկի տղերքի հետ ենք հանդիպել , էդ տղային էլ, որի համար ինքը իր կյանքը զոհել ա, մեզ դեպքից մանրամասներ են պատմել։ Հրաման ա եղել՝ Հադրութի 4-րդ պաշտպանականից գնալ 3-րդ պաշտպանական, քանի որ թուրքերի տանկերը գալիս էին, պետք էր առաջխաղացումը կանխել: Էդ օրվա առավոտյան իրանք էլի մարտերի են մասնակցել, իրենց գործողություններով թշնամու ուժերը հետ մղել։ 

Միշաս տանկի մեխանիկ-վարորդն էր, հենց իր տանկով մի տանկ են խփել, 3-4 ԲՄՊ, 40-50 հետևակ»,- պատմում է մայրն ու հուզմունքով նշում, որ այդ հաղթական մարտից հետո տեղի է ունենում դեպքը։

Մոր խոսքով՝ հակառակորդի հարվածից տանկի արգելակման համակարգը խափանվում է, հարվածը տանկում գտնվող սերժանին դուրս է նետում, Միշան փախչելու և փրկվելու հնարավորություն ունենալով՝ որոշում է տանկի արգելակը կարգավորել, որպեսզի ընկերոջ կյանքը փրկի՝ ընկերը տանկի տակ չհայտնվի։ 

«Նշանառու օպերատորը մեզ պատմեց, որ դուրս ա եկել ու ասել՝ Միշա՛, գնացինք, Միշաս ասել ա՝ ես չեմ կարա գամ… Միշան դուրս ա եկել տանկից, տեսել, որ ընկերը տանկի ցեփերի տակ կմնա, նորից հետ ա նստել, արգելակել, ուզել ա արդեն դուրս գա, երկրորդ անգամ են հարվածել, որն արդեն ճակատագրական ա եղել։ Տղաս զոհվել ա էդ պահին»,- կսկիծով պատմում է Շուշան Թամազյանը։ 

Շուշանը որդու հետ վերջին անգամ կապ է հաստատել դեպքի նախընթաց օրը՝ սեպտեմբերի 29-ին։ Որդին ասել է՝ ամեն ինչ լավ է, մի՛ անհանգստացի։
Սակայն այդ զրույցից հետո մայրը կանխազգում է, որ որդին այլևս կապ չի հաստատի: «Աղջկաս ասեցի՝ Մոն, էլ Միշս չի զանգի։ Ասեց՝ կզանգի, ո՞նց, ասեցի՝ չէ՛, չի զանգի, ինչ-որ բան ինձ հուշեց»,- հուզմունքով ասում է մայրը։

Շուշանն ասում է՝ որդին իր հետ խոսելիս ասում էր, որ վախենում է այրվելով մեռնելուց, ասում է՝ չարաբաստիկ իրավիճակում մխիթարություն է գտել՝ իմանալով, որ որդին զոհվել է հարվածից, իսկ վառվելը գուցե չի զգացել։

«Ինքը շատ էր վախենում, ասում էր՝ մա՛մ, գիտե՞ս՝ ամենասարսափելին վառվելով մեռնելն ա, ու ինձ շատ հետաքրքիր էր՝ իր դեպքում ո՛նց ա եղել։ Երբ դասակի հրամանատարը եկավ մեր տուն, Միշայիս Արիության մեդալն էր բերել, պատմեց՝ իր աչքի առաջ ա ամեն ինչ տեղի ունեցել, Միշան տանկով առաջ ա եղել, իրանք՝ հետևում:

Ասեց՝ ըստ երևույթին հարվածի ժամանակ էլ զոհվել է, արդեն ոչինչ չի գիտակցել, այրվելը չի զգացել»,- ասում է որդեկորույս մայրը։

Շուշանն ասում է՝ որդին հետմահու Արիության մեդալ ստացավ, բայց երազում էր մեդալը կենդանության օրոք ստանալ: 

«Սեպտեմբեր ամիսն էր, պատերազմ չկար, «Քաջարի մարտիկ» կրծքանշան տվեցին, ուրախացել էր, ասում էր՝ գամ, գնամ սովորելու, վարձավճարից տոկոսներ դուրս կգա։ Ասում էր՝ մա՛մ, բայց պատկերացնո՞ւմ ես՝ Արիության մեդալ ստանամ, լրիվ կզրոյացվի վճարը… Ես ասում էի՝ էս երեխեն էս խաղաղ երկրում ի՛նչ արիություն ա ուզում անի, չէի մտածում ընդհանրապես, որ կարող ա պատերազմ լինել»,- հուզմունքով ասում է Շուշանը։

Մի քանի օր որդու մասին լուր չունենալով՝ Միշայի ընտանիքի անդամները սկսում են անհանգստանալ և ճշտումներ անել։ Թեժ գծի միջոցով էլ տեղեկանում են, որ Միշայի անունը զոհված զինծառայողների անունների ցուցակում է։

«Մենք արդեն խառն էինք, մեր համայնքում մի ժամկետային զինվոր կար, որ մի ամիս էր՝ ինչ գնացել էր, իր լուրն էր եկել, մենք էլ արդեն պանիկայի մեջ էինք, զանգեցի թեժ գիծ, էդտեղ ասեցին, որ զոհվածների ցուցակում կա։

Հեռախոսս ձեռքից գցեցի, մամաս վերցրեց, չգիտեմ՝ ինչ ասեցին, բայց արդեն շատ վատ էի, նույն օրը հեռուստացույցով անուններ էին ասել, մեր բարեկամներից շատերը, հարևանները հեռուստացույցից էին իմացել»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։

Որդուն մասին մայրն ասում է՝ շատ պարտաճանաչ էր, ուշադիր, խելացի, բնության հանդեպ մեծ սիրով։ «Դրսից տուն էր գալիս, իրա գրպանը թղթեր, ցելոֆաններ, դրսում չէր գցում, թափողի վրա էլ ջղայնանում էր, ասում էր՝ էդպես եք անում, որ փչացնում եք բնությունը։

Կենդանու միս չէր ուտում, ասում էր՝ եթե ես միս չուտելով փրկեմ մի կենդանու կյանք, էդ ինձ համար շատ մեծ բան ա»։

Մոր խոսքով՝ որդին սիրում էր համակարգչով աշխատանքներ անել, մոնտաժ էր անում, կարողանում էր համակարգչի վիրուսային ծրագրերը թարմացնել: Ընդգծում է՝ որդին պրպտող էր, ինքնուրույն էր սովորում: «Համարգիչը շատ էր սիրում, բայց որոշել էր բանակից գար, իրավագիտություն սովորել»։ 

Որդու զոհվելուց հետո Շուշանն ասում է՝ կարոտը խեղդում է, ցավը աննկարագրելի է․ 

«Մի աշխարհ էր, մի Միշա։ Շատ կապված էինք, իրա հետ անգամ ավելի շատ, քան աղջկաս: Առօրյա գործերս անգամ Միշային էի պատմում։ Ձայնս մի քիչ էն չէր լինում, միանգամից զգում էր, ասում՝ մա՛մ, հո բան չի՞ եղել։ Աշխարհն ինձ համար փլվել է առանց Միշայի»։

Արփինե Արզումանյան

MediaLab.am