Ինչ զարգացումների կտանի Արցախի Ճանաչումը Հայաստանի կողմից. Զգուշացումներ Սերժ Սարգսյանի կողմից

05-04-2016
574 դիտում
Ինչ զարգացումների կտանի Արցախի Ճանաչումը Հայաստանի կողմից. Զգուշացումներ Սերժ Սարգսյանի կողմից

Հայաստանի կողմից Արցախի ճանաչումը նշանակում է բանակցային գործընթացի վերջ, և դա բերելու է նրան, որ միջազգային հանրությունը և նաև Ադրբեջանը ստիպված են լինելու ուղիղ գործ ունենալ Ստեփանակերտի հետ: Այս կարծիքին է «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, ով նշում է, որ այս հարցում Սերժ Սարգսյանի ասելիքը հետևյալն է՝ եթե չկա ԼՂ հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթաց, հետևաբար Հայաստանն անմիաստ կհամարի քննարկել կարգավիճակի խնդիրը:

Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը հայտարարել է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն, Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը նախահարձակ գործողություններ է սկսել ԼՂՀ հետ շփման գծի ողջ երկայնքով, ինչը շարունակվում է մինչև այսօր: Ադրբեջանի սանձահարած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով արցախյան կողմի զոհերի թիվը ապրիլի 4-ի առավոտյան դրությամբ 20-ն է եղել, ևս 26 զինծառայող համարվում է անհայտ կորած: Այս պահի դրությամբ հաղորդվում է 72 զոհի մասին: Բացի այդ, սպանվել են 4 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ մեկը 12-ամյա երեխա: Ըստ քիչ առաջ հրապարակված վերջին լուրերի, Մարտակերտի ճանապարհին հակառակորդը ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, կա 5 զոհ:

Մարտերի ընթացքում Ադրբեջանը ունեցել է հետևյալ կորուստները՝ 18 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու սարք, 1 ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարության գնահատմամբ՝ հակառակորդի զոհերի թիվը 300-ից ավելի է, իսկ վիրավորների թիվը` ճշգրտման ենթակա:

«Հայաստանի Հանրապետությունը` որպես 1994 թվականի Զինադադարի համաձայնագրի կողմ, շարունակելու է լիարժեքորեն կատարել Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման իր պարտականությունները: Ավելին, ես հրահանգել եմ արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Եվ այստեղ պետք է նշեմ՝ մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը:

Նմանօրինակ հայտարարություն արվել էր նաև ավելի վաղ, իսկ մինչ այդ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է Արցախի ԱԳՆ հետ քննարկել ու մշակել Արցախին ռազմական փոխօգնություն հատկացնելու համաձայնագրի նախագիծ:

«Սա չի կարելի համարել շանտաժ, բայց նախազգուշացում է, որովհետև եթե իսկապես որևէ քայլ չի ձեռնարկվում Ադրբեջանին հանդարտեցնելու ուղղությամբ, ապա, բնականաբար, Հայաստանը ոչ միայն ճանաչում է, այլ նաև այդ հիմքի վրա փաստացի ռազմավարական համագործակցության պայմանագիր է ստորագրում Արցախի հետ, որի հիմքի վրա Հայաստանը դառնում է Արցախի անվտանգության երաշխավորը»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:

Նրա խոսքով, շատ հետաքրքիր է այս հարցում դիտարկել ադրբեջանական կողմի ռեակցիան: Սաֆարյանը նկատում է, որ սկզբնական շրջանում ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց հանրությանը կարծես չհասցրեցին այդ լուրը, ավելի շատ պատառիկներ էին փոխանցում՝ վերցված ռուսական լրատվամիջոցներից, թե Հայաստանը կողմ է ռազմական գործողությունների դադարեցմանը և այլն:

«Հիմնական սպառնալիքը՝ Ղարաբաղի ճանաչման հետ կապված, չեն ներկայացրել սեփական հասարակությանը: Բայց և այնպես, կարծես թե Բաքուն ազդված է դրանից, որովհետև հենց դրանից հետո այդ երկրի արտգործնախարարությունն արձագանքեց Սերժ Սարգսյանի ելույթին՝ նույնպես պատրաստակամություն հայտնելով հրադադար պահպանել: Բայց ադրբեջանական կողմն ակնհայտ գիտի, որ իրենք զինդադար կարող են կնքել բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նա կարծում է, որ Բաքվում չարտահայտված վախով են ընդունել Հայաստանի կողմից Արցախի ճանաչման վերաբերյալ տեղեկությունը:

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, սակայն, կարծում է, որ Արցախի ճանաչման փոխարեն Հայաստանը պետք է միավորման գործընթաց սկսի:

«Որպեսզի Հայաստանը կարողանա օրինական զորքեր տեղակայել Արցախում, դրա համար ռազմական պայմանագիր պետք է ստորագրվի կողմերի միջև: Իսկ այդ պայմանագիրը վավերացնելուց առաջ պետք է ճանաչել այդ պետությունը: Առանց ճանաչելու հնարավոր չէ նման պայմանագրի կնքում ու իրագործում: Այդ առումով դա մեկ քայլ առաջ է, բայց ես ինքս ավելի ճիշտ եմ համարում Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, որովհետև անկախությունը ճանաչելով՝ մենք այլ խնդիրներ ենք ստեղծում»,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:

Նրա խոսքով, խնդիրներից մեկն այն է, որ չենք կարողանա որևէ իրավական հիմնավորում ունենալ ԼՂԻՄ-ի շուրջ գտնվող տարածքների նկատմամբ, որովհետև այդ պետականության ստեղծումն ինքնորոշման սկզբունքի հիման վրա է:

«Իսկ այդ ինքնորոշումը, կասեն, որ վերաբերում է այն բնակավայրերին, որտեղ հայեր են ապրել մինչև 1988 թվականը: Իսկ եթե մենք իրականացնենք այն ծրագիրը, հանուն որի սկսել ենք այս պայքարը, ապա մենք իրավական հիմք ենք ունենում ազգերի լիգայի որոշմանը, որ այդ տարածքները Հայաստանի Հանրապետությանն են»,- ասաց Պապյանը:

Հայաստանի կողմից Արցախի ճանաչմամբ, Արա Պապյանի խոսքով, աշխարհի համար որևէ բան չի փոխվի, որովհետև աշխարհը չի ճանաչել ու չի ճանաչի ԼՂՀ անկախությունը: Ավելի հեշտությամբ աշխարհում կճանաչեն ԼՂՀ միավորումը ՀՀ-ին, այսինքն՝ դե ֆակտո կընդունվի այդ իրողությունը: Իսկ եթե ՀՀ կողմից Արցախը ճանաչվի, Պապյանի խոսքով, այդ դեպքում Արցախը կդրվի մեկուսացման մեջ:

«Ադրբեջանի համար առանձնապես տարբերություն չկա: Եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, ինքը պատրվակներ կունենա»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Պապյանը նշում է, որ չի քննարկում հարցն այն ենթատեքստում, թե Արցախի ճանաչմամբ հնարավոր կլինի Արցախը որպես բանակցային կողմ դիտարկել:

«Այն ժամանակ, երբ Արցախը բանակցային կողմ էր, ճանաչվա՞ծ էր: Բացի այդ, ճանաչվելու է Հայաստանի կողմից, չի ճանաչվելու Ֆրանսիայի, ԱՄՆ կամ Ռուսաստանի կողմից, որպեսզի ինչ-որ բան փոխվի աշխարհում: Հայաստանի ճանաչումը որևէ իրավական պարտավորություն կամ հետևանք չի ստեղծում մյուս երկրների համար: Առանց Հայաստանի կողմից ճանաչելու էլ Արցախը կարող է դառնալ բանակցային կողմ: Նախկինում այդպես էլ եղել է, այսինքն՝ դու բանակցային կողմ ես, պետություն չես: Զինադադարի կնքման փաստաթուղթը ստորագրել են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը: Այդ ժամանակ Արցախն արդեն բանակցային կողմ է եղել: Այսինքն՝ քեզ կարող են ընդունել որպես բանակցային կողմ, բայց չճանաչել որպես պետություն»,- նշում է Արա Պապյանը: Նա նկատում է, որ այդ գործընթացում վտանգավոր պահեր կարող են լինել, իսկ վտանգն այն է, որ դե յուրե պառակտում կմտցի ժողովրդի մեջ:

«Դրա իմաստ ո՞րն է, եթե իմաստն այն  է, որպեսզի կարողանանք այնտեղ զորք տեղակայել, Արցախը կարող ենք միացնել Հայաստանին և գործը դրանով կվերջանա: Մտածել, որ այ, եթե չենք միացնում, դրանով Հայաստանն իր վրա հարված չի վերցնում, այդպես չէ: Նայեք այսօրվա գնդակոծվող Տավուշի գյուղերը և կտեսնեք, որ դա այդպես չէ»,- ասում է Պապյանը:

Էմմա Մանուկյան

© Medialab.am