«Դափնե» նախագծի հաջորդ պատմությունը Դիանա Սահակյանի մասին է։ «Դափնեն» նախագիծ է, որը պատմում է մարդկանց մասին, որոնք անցել են բազում դժվարությունների միջով, սակայն կարողացել են հաղթահարել և նոր կյանք սկսել։ «Ոչ թե զոհ, այլ հաղթած» կարգախոսով մեր հերոսների պատմությունները www.DaphneArmenia.com կայքում:
Երազանքին հասնելու համար Դիանա Սահակյանն ընկերների հետ ինքնաթիռ գնեց ու սեփական ձեռքերով հարթեց դրա համար նախատեսված թռիչքուղին։ Կոպիտ գրունտի մեջ խրվող ամեն դրոշակի հետ Դիանան ամրացնում էր իր որոշումը՝ զգալ երկնքի անսահմանությունը։ Երազանիքի իրականացմանը Դիանան երբեք չի կասկածել, որովհետև վստահ է՝ ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքի գեղեցկությանը։
«Էքստրիմն իմ կյանքում միշտ է եղել․ 12 տարի զբաղվել եմ լեռնագնացությամբ, Արարատն ու Կազբեկն եմ բարձրացել, թռել եմ պարաշյուտով ու պարապլանով, բայց երազանքս դեռ մանկուց ուղղաթիռն էր»,– ասում է 34–ամյա Դիանա Սահակյանը՝ Հայաստանի առաջին կին օդաչուն, որը մասնավոր թռիչքների իրականացման լիցենզիա ունի։
Դիանա Սահակյանի հայրը օդաչու է, մայրը՝ բժիշկ, պապը՝ Լևոն Սահակյանը, Արցախի առաջին օդանավակայանի հիմնադիրն ու հրամանատարն էր։ Ասում է՝ թռիչքն ու երազանքը Սահակյանների գենետիկ առանձնահատկությունն են:
«Հայրս Արցախի առաջին օդանավակայանում է մեծացել ու միշտ ասում է, որ կյանքում երկու երազանք է ունեցել՝ դառնալ օդաչու և ամուսնանալ մորս հետ․ նրանք դասընկերներ են եղել։ Հորեղբայրս և նրա որդին ևս օդաչու են։ Ես և եղբայրս էլ երազում էինք թռչելու մասին, սակայն նրան խանգարեցին տեսողության խնդիրները, ինձ՝ կարծրատիպը, թե դա կանացի գործ չէ։
7-րդ դասարանում էի, երբ հորս ասացի, որ ուզում եմ ուղղաթիռ վարել։ Հայրս այդ ժամանակ Աֆրիկայում էր աշխատում և մի շատ հայտնի կին գործընկերուհի ուներ՝ օդաչու։ Նրա օրինակով հայրս ասում էր, որ նա շատ լավ օդաչու է, բայց այդ մասնագիտությունը համադրելի չէ մայրության հետ»,– հիշում է Դիանան։
Այդպես մասնագիտության ընտրության հարցում որոշումը կայացվեց հօգուտ բժշկության։ Ճառագայթաբանությունը դարձավ այն ոլորտը, որտեղ Դիանան պատրաստ էր նվաճելու բոլոր գագաթները։ Ուսանողական տարիներին չթողեց սպորտն ու էքստրիմը, սակայն տարիներ անց աշխատանքն այլևս ժամանակ չէր թողնում այլ բանի համար:
«Մի օր ես ուղղակի նկատեցի, որ աշխատանքս, որքան էլ սիրելի և կարևոր լինի, զբաղեցնում է ժամանակիս գրեթե 100%-ը։ Եվ երբ հնարավորություն ստեղծվեց, ի վերջո, իրականացնելու երազանքս, ես միանգամից համաձայնեցի․ ընտանիքիս և ընկերներիս հետ միացանք ու 2019 թ․ գնեցինք մեր փոքրիկ ինքնաթիռը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում: