««Ելքը» և «Երկիր ծիրանին» կփոխհատուցվեն Երևանի ավագանու կազմում իրենց ՝ երկու տարի առաջ կատարած աշխատանքի համար». Արմեն Բադալյան

23-04-2017
24381 դիտում
««Ելքը» և «Երկիր ծիրանին» կփոխհատուցվեն Երևանի ավագանու կազմում իրենց ՝ երկու տարի առաջ կատարած աշխատանքի համար». Արմեն Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը։

-Պարոն Բադալյան, մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը, մասնակցող կուսակցությունները կարծես փորձում են ավելի նորարար մեթոդներով քարոզարշավ իրականացնել: Մասնավորապես, «Երկիր ծիրանի» կուսակցությունը հեծանվային արշավով սկսեց քարոզարշավը, «Ելք» դաշինքը՝ ռոք համերգով ու երգի տեսահոլավակով: Ի՞նչ փոփոխություն եք նկատում, և ի՞նչ արդյունք կարող է ապահովել այս բնույթի քարոզարշավը:

- Նախքան քարոզարշավին անդրադառնալը, նշենք, որ այս տարվա ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություները ցույց տվեցին մի բան, որ քարոզարշավն ընտրության արդյունքների վրա այլևս չի ազդում: Երբ ընտրակաշառքով տեղի է ունենում քվեարկություն, և ընտրակաշառքը դառնում է վճռորոշ գործոն քվեարկության արդյունքների վերջնական պատկերի վրա, ամբողջ հանրապետությունում ընտրակաշառքը կազմում է մոտ 80 տոկոս, դա նշանակում է, որ 80 տոկոսը քվեարկում է այնպես, ինչպես կաշառք տվողն է ուզում: Իսկ մնացած 20 տոկոսը կարող է վերցնել ու չքվեարկել կամ ընդհանրապես չմասնակցել ընտրություններին: Իսկ, ինչպես մամուլն է գրում, Երևանի կենտրոնում ընտրակաշառքի բաժանումը 60 տոկոսից  ավելի է եղել: Իսկ եթե վերցնենք ամբողջ հանրապետությունում, դա 80 տոկոսից ավելի է կազմել, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն է կաշառք բաժանել, որովհետև ընտրակաշառք բաժանել է ոչ միայն ՀՀԿ-ն: Այդ 80 տոկոսի դեպքում, երբ միակ լուծումը դառնում է ընտրակաշառքը, քաղաքական գովազդը, անկախ նրանից, թե ինչ տեխնոլոգիաների կկիրառես, կլինի դա ռոք համերգ, թե հեծանիվ կվարես կամ Ազատության հրապարակում ասուլիս կտաս, կամ, ինչպես ՀՀԿ թեկնածուներն են անում, մտավորականների մասնակցությամբ հանդիպումներ են անցկացնում ընտրողների հետ, դա մեծ հաշվով նշանակություն չունի: Այո, եթե դու գերազանց ու իդեալական քարոզարշավ անցկացնես, լավագույն դեպքում դու մեկ-երկու տոկոս կարող ես ավելացնել այն ձայներին, որը դու տանելու ես: Իսկ այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ համաձայն Ընտրական օրենսգրքի՝ Երևանի ավագանին չի կարող բաղկացած լինել երեքից քիչ կուսակցություններից: Եվ այս դեպքում կուսակցության համար անցողիկ շեմ հասկացություն չկա: Այսինքն՝ առաջադրված երեք ուժերն էլ՝ ՀՀԿ-ն, «Երկիր ծիրանին» ու «Ելք» դաշինքն անցնելու են ավագանի:

-Բայց Նիկոլ Փաշինայնն ու Զարուհի Փոստանջյանը հայտարարում են, որ իրենց պայքարը հաղթելու համար է:

-Հասկանալի է, որ բոլորն էլ ասում են, որ ուզում են հաղթել: Բայց երբ ընտրակաշառքը 80 տոկոս է դառնում, դու այդ պայմաններում չես կարող հաղթել, որովհետև այդ դեպքում երևում է, որ ընտրությունների ինստիտուտն այլևս չի աշխատում: Իսկ եթե չի աշխատում ընտրությունների ինստիտուտը, դու ինչպե՞ս ես հաղթելու: Չէ՞ որ դու պետք է հաղթես ընտրությունների ինստիտուտի միջոցով, եթե այդ ինստիտուտը չի աշխատում, ապա չես կարող ի սկզբանե հաղթել:

-Այսինքն՝ նույնը սպասվում է ավագանու ընտրություններո՞ւմ, իշխանությունները նորից վաչական ռեսուրսի կիրառմանն ու ընտրակաշառքին է դիմելու:

-Միանշանակ, բայց ոչ թե վարչական ռեսուրս է կիրառվելու, այլ հիմնականում ընտրակաշառք է բաժանվելու, որովհետև արդեն վարչական ռեսուրսն էլ է վերածվել ընտրակաշառքի: Հիշենք հայտնի ձայնագրությունը, որը տարածվեց օրերս, այնտեղ տեսնում ենք վարչական ռեսուրսի կիրառում, բայց իրականում դա ֆինանսական ռեսուրս է: Այնտեղ ասում են՝ այս անձը ձայն չի բերել, նա մեր թշնամին է, այլևս այստեղ չի աշխատելու, նրան զրկելու ենք աշխատանքից: Իսկ մյուսը, ով շատ ձայն է բերել, նրան ուղարկեցին Փարիզ: Բայց չէ որ դա էլ է ընտրակաշառք, այսինքն՝ վարչական ռեսուրսը՝ որպես կարգադրություն, այլևս չի աշխատում, զուտ փողն է աշխատում: Եվ միանշանակ նույն իրավիճակն է լինելու, որը եղավ ապրիլի 2-ին, ուղղակի ընտրակշառքի չափն է քիչ լինելու: Եթե խորհրդարանական ընտրություններում դա 10 հազար դրամ էր, որոշ դեպքերում՝ ավելի բարձր, ենթադրվում է, որ ավագանու ընտրություններում դա կկազմի 5000  դրամ, իսկ որոշ տեղերում, մասնավորապես, Ավանում 10 հազար, որպեսզի Ավանից շատ ձայներ գնան ՀՀԿ հայտնի թեկնածուին: Երկրորդ, ՀՀԿ-ն այստեղ ընդամենը մեկ խնդիր ունի՝ մարդկանց բերելու ավագանու ընտրություններին, որովհետև մարդկանց կողմից բացարձակ անտարբերություն է  նկատվում ավագանու ընտրությունների նկատմամբ: Եվ ՀՀԿ-ն ուղղակի պետք է մասնակցություն ապահովի, որպեսզի ցույց տա, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցության բարձր ցուցանիշը պատահական չէր, դա լեգիտիմ էր: «Ելք» և «Երկիր ծիրանի» կուսակցության համար, անկախ նրանից, քարոզարշավ անելու են, թե ոչ, ՀՀԿ-ն մարդ է բերելու, որ նրանց համար քվեարկեն, որովհետև նրանք ՀՀԿ-ի համար վտանգ չեն ներկայացնում: Պատահականություն է, թե ոչ, բայց այնպես ստացվեց, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են երկու ոչ իշխանական ուժերը, որոնք այն ուժերն էին, որոնց ղեկավարները սահմանադրական փոփոխությունների ժամանակ իրենց քարոզարշավով անուղղակի աջակցում էին նախագահին: Մեկի համար սահմանադրական բարեփոխումները դա կեղծ օրակարգ էր: Այսինքն՝ ասում էր՝ մի գնացեք այդ հանրաքվեին, իսկ չգնալը հօգուտ այդ բարեփոխումների էր, իսկ մյուս գործիչն էլ բոյկոտի կոչեր էր անում: Իսկ բոյկոտը նույնպես աջակցություն էր նախագահին: Եթե այդպես  դիտարկենք, ստացվում է, որ «Ելքը» և «Երկիր ծիրանին» կփոխհատուցվեն Երևանի ավագանու կազմում իրենց ՝ երկու տարի առաջ կատարած աշխատանքի համար:

-Ի՞նչ փոփոխություններ կարող են այս ընտրություններով լինել Երևանի ավագանիում:

-Երևանի ավագանին մեծ գործառույթ ու  կշիռ ունեցող, վճռորոշ մարմին չէ: Ընդամենը երկու գործառույթ ունի այդ մարմինը՝ քաղաքապետ ընտրել և տարվա վերջին բյուջե հաստատել: Եթե դու այնտեղ մեծամասնություն չունենաս, ապա այնտեղ աշխատելը դառնում է անիմաստ, որովհետև նախկինում «Բարև Երևան» խմբակցությունը բավական ակտիվ աշխատեց, բայց մեծամասամբ ոչինչ չկարողացան փոխել: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն իր համար ոչ կարևոր հարցերում զիջումների գնում է, բայց կարևոր հարցերում նրանք զիջումների չեն գնում: Իսկ խոշոր հաշվով Երևանի ավագանին չի որոշում կարևոր հարցերը, թե ով որտեղ պետք է էլիտար շենք կառուցի, ում բիզնեսը չպետք է ծաղկի և ում պետք է սիթիներ կառուցելու հնարավորություն տան:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am