«Իմ թանկն էր Դավիթը, ես իմ ամենաթանկին եմ տվել, իմ մի հատիկ տան ճրագը մարեցին»․ որդեկորույս մայր Լալի Այդոևա՝ «այլևս երազանք չունեմ»

Ազգությամբ եզդի, Երևանում ծնված-մեծացած Դավիթ Այդոևի գործած սխրանքների մասին մայրը շատ է լսել որդու ընկերների, հրամանատարների պատմություններից, սակայն դրանցով մոր ցավը որևէ կերպ չի մեղմվում։

Լալի Այդոևայի միակ զավակն էր Դավիթը: Դավիթը նոր էր ծնվել, երբ ամուսինը մահացել է։ Լալին մենակ է մեծացրել որդուն, ուսման տվել, բոլոր նպատակներն ու երազանքները որդու հետ կապել, սակայն մեկ ակնթարթում նրա կյանքը շրջվել է։

Երկու տարի է՝ ինչ Լալին այլևս որևէ երազանք չունի։ Պատերազմում որդուն կորցնելուց հետո ասում է՝ տանս լույսը մարեց։ 

«Իմ թանկն էր Դավիթը, ես իմ ամենաթանկին եմ տվել, իմ մի հատիկ տան ճրագը մարեցին։ Բայց իմ տղան մի բան էր ասում էր՝ ես ծառայում եմ հանուն հայրենիքի․․․»- հուզվում է որդեկորույս մայրը։

Լալին պատմում է, որ որդին 1 տարի 9 ամիս եղել է զինվորական ծառայության մեջ Ջրականում։ Ավագ սերժանտ էր, դիրքի ավագը։ Պատերազմի առաջին օրից եղել է առաջնագծում, մինչև հոկտեմբերի 5-ը Դավիթը կռվել է թշնամու դեմ և գործած սխրանքների համար պատերազմի ընթացքում իր կենդանության օրոք արժանացել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի։

«Իրա հրամանատարը որ վիրավորվել ա, իրա հրամանատարությունը հանձնել ա Դավիթին, ասել ա՝ Դավիթ, դիրքդ առաջ տար: Դավիթը առաջ ա տարել դիրքերը, գրավել ա մի քանի բարձունք, մեկն իրա ազգանունով կոչել են են Այդոևի բլուր, բայց, ցավոք, մնացին թշնամուն»,- մայրը պատմում է որդու ընկերների հայտնած տեղեկությունները։

Դավիթը դեմ առ դեմ պայքարել է թշնամու դեմ։ Հոկտեմբերի 4-ին ոտքից վիրավորվել է, սակայն շարունակել է պայքարը։

Լալին պատմում է, որ որդին այդ օրը զանգել է քեռուն․ «Ախպորս ասել ա՝ քեռի ջան, որ հանկարծ մի բան լինի, ես չգիտեմ, մամայիս լավ կնայես: Նույնն էլ ընկերներին ա խնդրել՝ իմ մամային լավ կնայեք։ Ոչ մեկը չի կարողացել իրան իջացնի էնտեղից, որովհետև, ասում են՝ մեքենա չունեինք, նասիլկա չունեինք»։

Հոկտեմբերի 5-ին դիպուկահարի հարվածից զոհվել է Դավիթ Այդոևը՝ կռվելով մինչև վերջին շունչը։ 

Լալին ասում է՝ մինչ այդ որդին 19 ընկերոջ կյանք է փրկել․ «Ինքը մնացել ա մինչև վերջ՝ մենակ, տղաներին ասել ա՝ մեջքս պահեք, ես կռիվ կանեմ, ինքը պայքարում էր, ասել է՝ ես մի կտոր հող չեմ տա»,- պատմում է ու հուզվում որդեկորույս մայրը։

Լալին ասում է՝ որդին շատ հայրենասեր էր, միշտ ասում էր, որ ծառայելու է հանուն հայրենիքի: 

«Ինքը մի խոսք ուներ՝ ես ազգությամբ հայ չեմ, բայց եթե պետք լինի՝ կկանգնեմ իմ հայ ազգի կողքին։ Միշտ ասում էր՝ եթե ես չծառայեմ, մյուսը չծառայի, ո՞նց կլինի, ես ստեղ եմ, որ գլուխդներդ դնեք բարձին, հանգիստ քնեք, իմ քույրերը, եղբայրները պիտի հանգիստ լինեն»։

Մայրը որդու զոհվելու մասին իմացել է ողբերգական դեպքից 3 օր անց, ասում է՝ սկզբում իրեն ասել են, թե որդին վիրավոր է, ինքն էլ սկսել է բոլոր հիվանդանոցներում փնտրել։

«Ես գիտեի՝ իմ էրեխեն կա, սաղ հիվանդանոցներում ման եկա, բայց չգտա իմ էրեխուն։

Չէի հավատում, որ ինքը չկա, ու մինչև հիմա էլ չեմ հավատում, մտածում եմ՝ ծառայության ա, հետ կգա»,- ասում է ու կրկին հուզվում մայրը։

Դավիթ Այդոևը հուղարկավորվել է Արագածոտնի մարզի Սադունց գյուղում։

Մայրն ասում է՝ որդու զոհվելուց հետո կյանքը ոչ թե փոխվել է, այլ կործանվել։ «Շատ վատ վիճակում եմ, ո՞նց պիտի ապրեմ ես»։

Դավիթը շատ երազանքներ ուներ՝ ասում է մայրը։ Որոշել էր վիրաբույժ դառնալ, մինչև բանակ գնալը սովորել էր Երևանի «Էրեբունի» բժշկական քոլեջում։ Որոշել էր զորացրվելուց հետո շարունակել այդ ուղղությամբ, դառնալ լավ վիրաբույժ, մարդկանց կյանքեր փրկել։

«Դավիթը շատ լավ էր սովորում, ասում էր՝ պիտի լավ վիրաբույժ դառնամ, որ բոլորին կարողանամ բուժել»,- պատմում է մայրը։

Դավիթը սովորելուն զուգահեռ նաև թեթև աթլետիկայով է զբաղվել, մասնակցել բազմաթիվ մրցումների Հայաստանում և Հայաստանից դուրս, պատվավոր տեղեր զբաղեցրել։ Մայրն ասում է՝ որդին սիրում էր երկու տարբեր ոլորտները համատեղել և հաջողություններ գրանցել։

Դավիթի ամենամեծ երազանքներից էր նաև իր ու մոր համար տուն գնել, քանի որ վարձով էին ապրում։ Լալին հուզունքով է հիշում որդու խոսքը․ 

«Ասում էր՝ մա՛մ, գամ, էլ ստեղ չենք ապրի, կաշխատեմ, տուն կառնենք, թեկուզ հիփոթեկով… Տղուս բոլոր երազանքները կիսատ մնացին»,- ցավով ասում է մայրը, որը որդուց հետո առողջական խնդիրներ է ձեռք բերել, որդու գերեզմանից տուն գնալիս ավտովթարի հետևանքով 2-րդ խմբի հաշմանդամ դարձել։

Արփինե Արզումանյան

MediaLab.am