Սյունիքի ներկա ու նախկին մարզպետների «բախումը». Գորիսի քաղաքապետը «կոնտակտ չունի» գործող մարզպետի հետ

28-07-2017
20433 դիտում
Սյունիքի ներկա ու նախկին մարզպետների «բախումը». Գորիսի քաղաքապետը «կոնտակտ չունի» գործող մարզպետի հետ

Սյունիքում նախկին ու ներկա մարզպետների լուռ «հակամարտության» հետևանքով տուժում են որոշ համայնքներ: Ըստ մարզում շրջանառվող լուրերի՝ Սյունիքի նոր մարզպետ Վահե Հակոբյանն ուզում է ազատվել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մտերիմ պաշտոնյաներից: Մի մասն արդեն հեռացել է, ինչպես, օրինակ` Գորիսի հիվանդանոցի նախկին տնօրեն Սաշիկ Խաչատրյանը, ով Սուրիկ Խաչատրյանի բարեկամն էր:

Այժմ սառն են Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի ու մարզպետ Վահե Հակոբյանի հարաբերությունները, ինչն ազդել է նաև Գորիսի ֆինանսավորման ծրագրերի վրա: Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը խորհրդարանի ընտրություններում պաշտպանել էր ոչ թե գործող մարզպետի, այլ «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի թեկնածությունը. նույնն արել էին նրա կողմնակիցները: Մամուլի տեղեկություններով` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն էլ սպառնացել էր աշխատանքից ազատել այն բնակավայրերի ղեկավարներին, ովքեր աջակցել են ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանին: Չանցած մեկ ամիս՝ Գորիս համայնքի Շուռնուխ և Որոտան գյուղական բնակավայրերի ղեկավարներ Հակոբ Արշակյանն ու Սուրեն Օհանջանյանը ազատվել էին աշխատանքից: Սակայն օրերս նրանք աշխատանքի վերադառնալու նոր դիմում են ներկայացրել Գորիս համայնքի ղեկավարին, որը վերականգնել է գյուղապետներին, ինչը, ըստ մամուլի, զայրացրել է մարզպետին:

«Մեդիալաբի» հարցին` ճի՞շտ է, որ իր կողմից գյուղապետների վերանշանակումը զայրացրել է Սյունիքի մարզպետին, Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցն պատասխանեց. «Չգիտեմ, ես մարզպետի հետ կոնտակտ չունեմ, որ իմանամ` զայրացրե՞լ է, թե՞ ոչ»:

«Մեդիալաբը» Գորիսի քաղաքապետից նաև հետաքրքրվեց, թե փաստորեն կա՞ հարաբերությունների խզում իր և մարզպետ Վահե Հակոբյանի միջև:

«Բարդ հարց եք տալիս: Խզումը հարաբերական է ասված: Մենք իրար հետ աշխատանքային նամակագրություն ունենք, պարտադիր չի, որ անձնական շփումներ ունենանք: Կարողանում ենք էդ հեռավորության վրա մեր աշխատանքներն իրականացնել»,- ասաց քաղաքապետը:

Հունիս ամսին Գորիսում ու շրջակա գյուղերում ջրհեղեղ ու կարկտահարություն էին եղել, վնասվել էին մարզային ճանապարհները, սակայն մարզպետարանը գումար չի հատկացրել վերանորոգման համար: «Մի մասը մեր ուժերով լուծել ենք»,- ասաց Ադունցը: Հարցին, թե համայնքի ֆինանսավորման առումով ինչ-որ բան փոխվել է, քաղաքապետն ասաց. «Դեռ ոչ, դեռևս Գորիս համայնքի համար ոչինչ չի նախատեսված մարզպետարանի խողովակներով: Ունենք Սյունիքի զարգացման հիմնադրամ, կառավարության նախատեսված պահուստային ֆոնդ և այլն: Տարին դեռ նոր է կիսվել, հույս ունեմ` առաջիկայում կլինի»,- ասաց քաղաքապետը:

Այնինչ Սյունիքի մարզպետարանից պնդում են հակառակը: «Մարզպետը բոլոր համայնքների հետ շփվում է բացառապես հավասարության սկզբունքից ելներով: Չկա նման բան, որ մի համայնքապետ ավելի շատ գտնվի ուշադրության կենտրոնում, քան մյուսները: Ելնելով աշխատանքային գրաֆիկից` մարզպետին միշտ չի հաջողվում հաճախ լինել Գորիսում կամ Սիսիանում,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասաց մարզպետի խոսնակ Վազգեն Սաղաթելյանը, շարունակելով,- բացառվում է, որ փոխհատուցում տալու պատճառ լինի ձեր ասած հանգամանքը: Կարկտահարության և ջրհեղեղի վնասների փոխհատուցման հետ կապված բոլոր համայնքներից ներկայացվել են համապատասխան տվյալները կառավարությանը, և դեռ փոխհատուցման որոշում չի եղել: Ե՛վ Գորիսի, և՛ մյուս համայնքների ակտերը ներկայացվել են կառավարություն, և մենք սպասում ենք կառավարության որոշմանը»:

Մարզպետի խոսնակը հերքեց նաև Գորիսի քաղաքապետի ու գյուղապետների հրաժարականի պահանջը. «Իհարկե նման բան չկա, անձնավորված որևէ բան չկա: Եթե նշանակովի կադրերի մասին է խոսքը, ապա այստեղ առաջնահերթությունը տրվում է կադրերի պրոֆեսիոնալիզմին: Անձնավորված մոտեցում չկա»:

Մինչդեռ գյուղապետի պաշտոնում վերականգնված Որոտան գյուղական բնակավայրի ղեկավար Սուրիկ Օհանջանյանը «Մեդիալաբի» հարցին, թե նոր մարզպետի հետ ինչպե՞ս է աշխատում, ասաց. «Եթե ինքն իմ հետ չի աշխատում, մենք ո՞նց պետք ա իրա հետ աշխատենք»: Գյուղապետը նաև վստահեցրեց, որ առողջական խնդիրների պատճառով էր երկու ամիս առաջ հրաժարական տվել: Իսկ հարցին, թե տեղեկություն կա, որ մարզպետն է ստիպել աշխատանքից ազատվել, քանի որ Սուրիկ Խաչատրյանի մարդն է համարվում, ասաց.

«Դուք որ տեղեկություն ունեք, ինձնից ինչի՞ եք հարցնում»:

Լուսանկարում՝ Գորիսի քաղաքապետը

Մարինե Խառատյան

MediaLab.am