«Մենք պետք է իմանանք, որ անկախ նրանից` մինուճա՞ր են, թե՞ երեխաները շատ են, բոլորն էլ պարտավոր են բանակում ծառայել». Ռադիկ Մարտիրոսյան

26-10-2017
4320 դիտում
«Մենք պետք է իմանանք, որ անկախ նրանից` մինուճա՞ր են, թե՞ երեխաները շատ են, բոլորն էլ պարտավոր են բանակում ծառայել». Ռադիկ Մարտիրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

- Պարո՛ն Մարտիրոսյան, ԱԺ-ում քննարկվում է «Զինապարտության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ գիտնականները բողոքի ալիք են բարձրացրել։ Դուք կիսո՞ւմ եք նրանց մտահոգությունները։ Մասնավորապես, նշվում է, որ դրանով արտագաղթն ավելի կխթանվի։

- Ամեն մարդն իր տեսանկյունն է ասում, ես չեմ կիսում այդ կարծիքը։ Ես կարծում եմ, որ մենք պետք է ունենանք ուժեղ, կազմակերպված ու կրթված բանակ, որովհետև բանակն այսօր միայն կենդանի ուժը չի, այլ հիմնականում տեխնիկան։ Մյուս կողմից` մեր կյանքի մնացած բնագավառներն էլ պահանջում են, որ ունենանք լավ մասնագետներ։ Այս երկու հանգամանքը չպետք է միմյանց հակադրվեն, այլ ընդհակառակը` պետք է այնպիսի ծրագրեր ու սկզբունքներ մշակել, որ և՛ նա զարգանա, և՛ նա։ Իմ ենթադրությամբ` այստեղ այդպիսի հիմնարար բաներ կան, բայց ողջ խնդիրն այն է, որ այդ սկզբունքները, որոնք մշակված են ու հոդվածների ձևով գրված, նրանց իրականացման մեխանիզմները այնպիսին լինեն, որ դրանք իրոք իրականանան, ոչ թե մնան թղթի վրա։ Զինակոչից տարկետման իրավունքն էլ ուներ իր բացասական հետևանքները, երբ գիտությամբ զբաղվող երիտասարդը՝ իր աշխատանքը կատարած թե չկատարած, սպասում է, որ իր երեք տարին լրանա, դիսերտացիա պաշտպանի, որ բանակ չգնա։ Դա իր հերթին ազդում է գիտության զարգացման, գիտության որակի վրա։ Որոշ մարդիկ ասում են` արտագաղթը կավելանա, բայց արտագաղթն առանց դրա էլ կա։

- Իսկ չե՞ք կարծում, որ տարկետման իրավունքը հանելու դեպքում արտագաղթը կավելանա։

- Պետք է նայել նաև, որ այս օրենքը նախատեսում է տարկետման որոշ հանգամանքներ, ճիշտ է, շատ չի, քիչ է, բայց նրանք, որոնք այդ տարկետման իրավունքը չստանան ռազմաարդյունաբերական համալիրում աշխատելու, դա հիմնականում Երևանում է լինում, և եթե նրանք ցանկություն ունեն գիտությամբ զբաղվելու, կհանդիպեն գիտնականների հետ, իրենց աշխատանքը միաժամանակ կտանեն։ Սա էլ իր հերթին կնպաստի լավ շրջանավարտներին գիտության մեջ ներգրավելու։ Մի խոսքով, միանգամից քննադատաբար մոտենալն այնքան էլ ճիշտ չէ, ուղղակի պետք է այնպես անել, որ հետագայում այդ օրենքն ընդունելուց հետո մեխանիզմներն այնպիսին լինեն, որ և՛ նա լավ զարգանա, և՛ նա։

- Շատերը նշում են, որ գիտնականներին չպետք է տանել առաջնագիծ, որովհետև այդպիսով նրանց դնում ենք թնդանոթի կրակի տակ, իսկ դա զգալի վնաս կհասցնի գիտությանը։ Համամի՞տ չեք։

- Բակալավրիատն ավարտելուց հետո երիտասարդը գնում է բանակ երեք տարի ծառայելու որպես սպա։ Հիմա այդ սպան կարող է և՛ առաջին գծում լինել, և՛ հետևի գծում։ Նա կծառայի ամբողջ օրը, իսկ երեկոյան կգնա տուն։ Սպան շարքային չէ, որ գիշերն անցկացնի զորանոցում, նա նաև աշխատավարձ է ստանում։ Այդ օրենքում կա նաև մյուս մասը, որ առաջին գիծ գնալը կամավոր սկզբունքով է։

- Շատերը նշում են, որ ոչ բոլոր գիտնականներին պետք է տանել բանակ, գիտական ներուժի որոշակի մաս պետք է թողնել, քանի որ մեր անվտանգությունը ոչ միայն բանակն է, այլ նաև կրթությունը, գիտությունը, տնտեսությունը։

- Նոր օրենքն էլ է տարկետում նախատեսում, ուղղակի շատ քիչ թվով։ Այդ տարկետումը տալու են նրանց, որոնք բուհն ավարտելուց հետո պետք է աշխատեն ռազմաարդյունաբերական համալիրում։ Այդ թիվն այնքան է, որ այսօր դրանից էլ քիչ են գալիս դեպի գիտություն։ Առանձնապես մեծ ցանկություն չկա գիտություն գալու։ Իսկ նրանք, որոնք այնտեղ պետք է աշխատեն, ենթադրվում է, որ պետք է լինեն ամենալավ շրջանավարտները։ Նրանք հնարավորություն կունենան աշխատելու միաժամանակ և՛ այնտեղ, և՛ զբաղվելու գիտությամբ։ Սա գիտությունը հարստացնելու մի ճանապարհ է։ Մյուս կողմից` երեք տարի ծառայելուց հետո ինչո՞ւ պետք է բոլորը հրաժարվեն գիտությունից, այնտեղից էլ են գալու դեպի գիտություն։ Այնպես չի, որ գիտությունը դատարկվեց այդ օրենքի պատճառով։

- Դուք նկատե՞լ եք, որ վերջին տարիներին թեզեր են պաշտպանում նրանք, որոնք փորձում են բանակից խուսափել։ Սա իսկապե՞ս հիմնավոր փաստարկ է կառավարության կողմից, և արդյոք նոր օրենքով հնարավո՞ր կլինի կանխել դա։

- Ես չէի ասի, որ վերջին տարիներին միայն բանակից խուսափելու համար են թեզեր պաշտպանում։ Այո՛, վերջին տարիներին կան թույլ աշխատանքներ, որոնք հապճեպ կատարված են, որ բանակ չգնան, կան այդպիսիները։ Բայց կան նաև այնպիսիները, որոնք բանակից ազատվելու խնդիր չունեն, բայց էլի թույլ են, թույլը թույլ է։ Բայց տարկետման այն կարգը, որ հիմա կա, տարիներ շարունակ ազդել է որակով գիտական աշխատանքների կատարման վրա, և դա փաստ է։

- Հիմա այս նախագիծն ունի՞ փոփոխության անհրաժեշտություն, ո՞ր դրույթն է, որ պետք է փոխվի, որի՞ն համաձայն չեք։

- Հիմնարար սկզբունքները հոդվածների ձևով, որ կան, դրանց իրականացման մեխանիզմները պետք է այնպիսին լինեն, որ այդ դրույթները պաշտպանեն, որովհետև բոլոր դրույթների դեպքում էլ միշտ հակազդեցությունը գտնում են, որ խուսափեն։

Առաջին 4 տարիներին, առաջին փուլում, իհարկե, որոշակի կազդի գիտության վրա, քիչ կլինեն գիտությամբ զբաղվող երիտասարդները, բայց 4 տարի հետո արդեն կկրկնվի, արդեն գնացածները հետ կգան, և այդպիսով կշարունակվի նոր սկզբունքով։ Նրանք, որոնք իրոք ուզում են գիտությամբ զբաղվել, ավելի մեծացած կլինեն, ավելի բարձր մակարդակի մտածելակերպ կունենան։ Գիտությունը դրանից կշահի, բայց թե նրանց թիվն ինչքա՞ն կլինի, դժվար է ասել։

 - Շատերն իրենց որդիներին դեռ մինչև 14 տարեկան դառնալը հանում են երկրից, որ բանակ չգնան։ Հիմա եթե այս նախագիծն օրենքի ուժ ստանա, չե՞ք կարծում, որ արտագաղթը շատ ավելի կխորանա։

- Ես ուղղակի արտագաղթը չեմ կապում դրա հետ։ Արտագաղթի շատ-շատ ուրիշ պատճառներ կան, որոնք ավելի հզոր են, քան այդ ճանապարհը։ Մենք պետք է իմանանք, որ անկախ նրանից` մինուճա՞ր են, թե՞ երեխաները շատ են, բոլորն էլ պարտավոր են բանակում ծառայել։ Աշխարհում տասնյակ երկրներ կան, որ այդ օրենքը պաշտպանում են։ Մենք, ունենալով այսպիսի շրջապատ, ինչո՞ւ չպետք է այդ օրենքն ունենանք։

- Մենք տեսնում ենք, որ ծառայությունից հենց պաշտոնյաների որդիներն են խուսափում։

- Ա՛յ դա ուրիշ բան է։ Այն, որ ասացի` մեխանիզմներն իրացնելու խնդիրը, հենց դա նկատի ունեի, որ հավասարություն լինի բոլորի համար։

Մանե Հարությունյան

MediaLab.am