Հետաքննություն դրախտի մասին, «Paradise papers». անգամ Բրիտանիայի թագուհին է օգտվում երրորդ աշխարհի երկրների աղքատությունից

06-11-2017
2938 դիտում
Հետաքննություն դրախտի մասին, «Paradise papers». անգամ Բրիտանիայի թագուհին է օգտվում երրորդ աշխարհի երկրների աղքատությունից

Ռուսաստան, ԱՄՆ և Բրիտանիա. բացահայտված ֆինանսական մանիպուլյացիաների մեծ մասն օրինական է, բայց ոչ էթիկական:

REUTERS/Hannah McKay

Օֆշորների գործունեության հետ կապված ավելի քան 13 մլն փաստաթուղթ է հայտնվել Suddeutsche Zeitung թերթի տնօրինության տակ: Այնպես, ինչպես «պանամական արխիվի» դեպքում էր, թերթը փաստաթղթերը փոխանցել է հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին: Արտահոսքն արդեն ստացել է «Paradise papers» անվանումը:

Այս շաբաթվա ողջ ընթացքում հրապարակվելու են նոր տվյալներ հայտնի մարդկանց մասին, որոնք օգտվում են օֆշորների ծառայություններից: Բի-Բի-Սին ընդգծում է, որ ֆինանսների հետ կապված մանիպուլյացիների մեծ մասը, որոնց մասին խոսք է գնում հետաքննությունում, չի հակասում օրենքին, սակայն կասկածելի է էթիկայի տեսանկյունից:

Կիրակի հրապարակվել է հետաքննության առաջին մասը, որը կապված է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ներդրումների հետ: Այդ նութերից պարզ է դառնում, որ թագուհին անձնական միջոցները (մոտ 13մլն դոլար) ներդրել է Կայմանյան և Բերմուդյան կղզիների օֆշորային հիմնադրամներում: Նա նաև ներդրումներ է կատարել BrightHouse և Threshers ընկերություններում: Առաջինին մեղադրում էին երրորդ աշխարհի երկրներում ցածր վարձատրվող աշխատանքի օգտագործման համար, իսկ երկրորդը սնանկացել է՝ 6 հազար մարդու զրկելով աշխատանքից:

Եվս մեկն, ում ներդրումների վրա ուշադրություն են դարձրել լրագրողներն, ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսն է:

Բի-Բի-Սիի տվյալներով՝ Ռոսը պահպանել է իր մասնաբաժինը մի ընկերությունում, որը սերտորեն համագործակցում է ռուսական «Սիբուր» հոլդինգի հետ, որն ԱՄՆ պատժամիջոցների տակ է Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության պատճառով:

«Սիբուրի» բաժնետերերի մեջ կան մարդիկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատից, այդ թվում՝ նրա փեսան:

Դոնալդ Թրամփի նախագահության ողջ ընթացքում նրա և նրա թիմի անդամների կապերը Ռուսաստանի հետ ամենաքննարկվող թեման է ամերիկյան լրատվամիջոցներում: Ամեն անգամ, երբ նոր տեղեկատվություն է հայտնվում ռուսների հետ Թրամփի շրջապատի մարդկանց հանդիպումների կամ բանակցությունների մասին, ԱՄՆ նախագահն ու նրա ողջ թիմը լրջագույն քննադատության են արժանանում:

Աղբյուրը՝  JAMNEWS, ԲԻ-ԲԻ-ՍԻ-ի նյութերի հիման վրա։