Համառոտ «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունների» մասին

28-02-2018
21584 դիտում
Համառոտ «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունների» մասին

Փետրվարի 21-ին Բրյուսելում Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ստորագրեցին «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթություններ» վերնագիրը կրող փաստաթուղթը։

Այն նպատակ ունի սահմանել կողմերի փոխգործակցության հիմնական ոլորտները։ Փաստաթուղթը միտված է հեշտացնելու կողմերի համագործակցությունը՝ այդ թվում 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում, ավելին՝ ամրապնդել ԵՄ-ՀՀ կապը, խթանել համամարդկային արժեքների, անվտանգության, կայունության, խաղաղության, ժողովրդավարության, մարդու իրավունքների ամրապնդումը, օրենքի գերակայությունն ու տնտեսական աճը։

ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունները փաստաթղթում հետևյալ չորս ենթախմբով են ներկայացված․

1․ Կառույցների հզորացում և պատշաճ կառավարում։ Այս ոլորտում նախատեսվում է համագործակցություն մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև հիմնարար ազատությունների պահպանման ուղղությամբ։ Նախատեսվում է ամրապնդել հանրային կառավարման մարմինները՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմիններն ու իրավապահ մարմինները, պայքարել կոռուպցիայի դեմ և ամրապնդել քաղաքացիական հասարակությունը։

Առանձնահատուկ շեշտ կդրվի համապատասխան օրենսդրական կարգավորումների, այդ թվում՝ նոր սահմանադրության իրականացման վրա։ Քայլեր կձեռնարկվեն քաղաքացիական հասարակության գործունեության համար բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ։ Քաղհասարակությունը ևս մասնակցություն կունենա «Գործընկերության առաջնահերթությունների» իրականացման մշտադիտարկման գործընթացում։

Այս ենթաբաժնով նախատեսվում է նաև համագործակցություն անվտանգության ոլորտում՝ մասնավորապես կազմակերպված հանցագործությունների, թմրանյութերի և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում։

2․Տնտեսական զարգացում և շուկայի հնարավորություններ։ Այս հատվածում կողմերի ընդհանուր նպատակն է Հայաստանում կայուն և ներառական տնտեսական զարգացման ապահովումը։ Այս ոլորտում համագործակցությունը ներառելու է հանրային ֆինանսների կառավարում, բանկային ոլորտի վերահսկողություն՝ միջազգային ստանդարտներին համապատասխան, մաքսային և հարկային վարչարարության բարեփոխումներ, բիզնես ոլորտի բարեփոխում, ինչպես նաև գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ոլորտում առաջընթաց։

3․ Միակցվածություն, էներգաարդյունավետություն, բնապահպանություն և կլիմա։ Այս ոլորտում համագործակցությունը նպատակ ունի օգնել Հայաստանին հաղթահարել շրջափակման հետևանքները՝ ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների, մասնավորապես, Վրաստանի հետ տրանսպորտային կապի և ենթակառուցվածքների ստեղծման խթանման շնորհիվ։ Այս հատվածով նախատեսվում է Տրանսեվրոպական տրանսպորտային ցանցի ընդլայնում դեպի Հայաստանի Հանրապետություն՝ միջազգային շուկաները Հայաստանի համար ավելի հասանելի դարձնելու համար, ինչպես նաև նոր ավիացիոն համաձայնագրի վերջնականացում։

Նախատեսվում է նաև պատշաճ բնապահպանական կառավարման համակարգի կայացում և բնապահպանական բարեփոխումների իրականացում։ Ըստ այս փաստաթղթի՝ քանի դեռ միջուկային էներգիան օգտագործվում է երկրում էներգիայի մատակարարման բավարար մակարդակի պահպանման համար,կարևոր անհրաժեշտություն է միջուկային անվտանգության բարձր մակարդակի ապահովումը։ Ենթադրվում է նաև համագործակցություն վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

4․ Շարժունակություն և մարդկանց միջև շփումներ։ Կողմերը պլանավորում են սերտացնել իրենց քաղաքացիների միջև կոնտակտները՝ խթանելով շարժունակությունը, հատկապես երիտասարդների, ուսանողների, հետազոտողների, մշակութային գործիչների ևգործարարների համար նախատեսված փոխանակման և կրթական մի շարք ծրագրերի միջոցով։ Այդ նպատակով կողմերը պարտավորվում են պայքարել անկանոն միգրացիայի դեմ ևռեադմիսիայի մասին համաձայնագրի իրականացման հարցում։

Վերջում նշենք, որ «ԵՄ-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունների» մասին փաստաթղթի հիման վրա է 2017-2020թթ․իրականանալուԵՄ-Հայաստան ֆինանսական համագործակցությունը՝ մասնավորապես Միասնական աջակցության շրջանակով Հայաստանին տրամադրվելիք ֆինանսավորումը։

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»