«Օր չկա, որ անծանոթ մարդն ինձ բարև չտա և ինձ չասի՝ Օվսաննա՜». Լևոն Ջավախյան

25-09-2018
4205 դիտում
«Օր չկա, որ անծանոթ մարդն ինձ բարև չտա և ինձ չասի՝ Օվսաննա՜». Լևոն Ջավախյան

Հարցազրույց արձակագիր Լևոն Ջավախյան հետ:

– Դու քո գրքերը և արծաթեղենը վաճառում ես կողք կողքի, որտե՞ղ ես ավելի շատ հաջողում:

– Էս վերջին գիրքը տպելուց հետո ավելի շատ գրքերում եմ հաջողում: Դու պատկերացրու, որ չորս ամիս է, ինչ էս գիրքը տպվել է, արդեն 400 օրինակ վաճառել եմ: Մի 50 օրինակ էլ նվեր եմ տվել: Ոչ մի գրախանութի չեմ տալիս իմ գրքերը, որովհետև գրախանութներ քիչ կան, եղած գրքերն էլ՝ իրար շալակի խցկված: «Բուկինիստ»-ում գիրք եմ տվել, փնտրում եմ, իմ գիրքը չեմ գտնում: Բնականաբար, եթե ես չեմ գտնում, ընթերցողն առավել ևս չի գտնի: Էդ պատճառով, ախպեր, եթե ես արծաթը ծախում եմ, գիրքը խի՞ չծախեմ: Վատն էն է, որ լավից-վատից իրենց նշանակալից գրողներին գրավաճառները չգիտեն: Էս վերջերս ծանոթացա «Բուկինիստի» տնօրենի հետ, անունն ի՞նչ էր…

– Խաչիկ Վարդանյան:

– Հա, Խաչիկ Վարդանյան: Էդ մարդն ինձ չէր ճանաչում: Էդ ո՞նց ա, 4 ամսում 400 ընթերցող ինձ ճանաչել ա, հատուկ ինձ համար տուն-տեղը թողել ա էս գիրքն առնելու համար, ինքն էդ գործով ա զբաղվում՝ ինձ չի ճանաչում: Էդ լավ չի: Դա մտահոգում է:

– Քանի՞ գիրք ես տպել:

– 6-7 գիրք: Գիրք կա, որ վերահրատարակվել է:

– 6-7 գիրք ես տպել, ամեն գրքից հետո չե՞ս ունենում դատարկության զգացում:

– Ամեն պատմվածքից հետո եմ ունենում դատարկության զգացում: Մի պատմվածքը, որ գրում ես, ոնց որ լիմոնը մզես: Տեղը դատարկություն ա մնում: Սարերում ապրած մարդ կլինես, կիմանաս՝ ծմծման աղբյուրը ո՞րն ա՝ որ կամաց-կամաց ջուր ա հավաքում: Պիտի սպասես, էդ աղբյուրի գուռը լցվի, որ նորից գրես: Գրողը պիտի էներգիա ունենա, որն ինչ-որ օրգանների միջոցով սուբլիմացվի, հոգևոր էներգիա դառնա: Իսկ դրա համար ժամանակ է պետք:

– Իսկ անօգտակարության զգացում ունենո՞ւմ ես:

– Իմ ամենամեծ տունը իմ հոգին է, որտեղ նույնիսկ աշխարհն է տեղավորվում: Ես արծաթը ճարահատյալ եմ վաճառում, ոչ սեր կա, ոչ բան, թեկուզ ժամանակի ընթացքում արծաթն ինձ համար դարձել է ամենաազնիվ մետաղը: Իմ հոգին պահողը արծաթն է:

Մի անգամ Տիգրան Պասկևիչյանը կինո էր նկարում, ինձ հարց տվեց, – արդեն ծամծմված է, բայց սիրում եմ ասել, – էդ արծաթի առումով ես ասեցի՝ արծաթը իմ տունն է պահում, իմ հոգին էդ գրքերն ա պահում, և 30 արծաթով Հուդան Հիսուսին դավաճանեց, վաճառեց իր հոգին: Իսկ ես հենց էդ 30 արծաթն եմ ծախում, որ հոգիս պահեմ: Օր չկա, որ անծանոթ մարդն ինձ բարև չտա և ինձ չասի՝ Օվսաննա՜: Դրանից փառավոր ի՞նչ կա: Դեռ չմեռած՝ ես տեսնում եմ իմ փոքրիկ փառքը: Կեղծ համեստություն է, որ ասում են՝ փառք չենք ուզում:

Փառքը շատ կարևոր է: Նույնիսկ Տոլստոյն իր թերություններն ու արժանիքները նշելիս ասում էր՝ այնուամենայնիվ, իմ մեջ փառասիրությունն ավելի շատ է, քան՝ ազնվությունը: Իսկ ինչո՞ւ ենք գրում:

Մի հատ հին ռաբիս երգ կար. «Ուզում եմ ասել, աշխարհն իմանա»: Շա՜տ ռաբիս երգ էր, բայց էդ նախադասությունը՝ աշխարհն իմանա: Մարդ կա, մի բան գիտի, ուզում է ասի, աշխարհն իմանա: Էդ պատճառով էլ գրում է: Մենք ծափի համար ենք ապրում: Դա փառավորում է մարդուն: Կան գնահատված գրողներ, որ քծնում, շողոքորթում են իրենց հոգևոր արժեքի համար, պատրաստ են չոքել գետնին, որ իրենց բարձրացնեն: Ստեղծագործությունը մարդու արտաթորանքն է, իրենից դուրս եկած գիրը:

Կարևորը ակունքն է: Մարդիկ կան, որ չեն գրել, խոսք են ասել ու էդ խոսքը օդում մնացել է: Էդպիսին են եղել Սոկրատեսը, նրանից առաջ՝ Հոմերոսը, Քրիստոսը, Մուհամմեդը: Կենդանի մարդկանց մեջ էլ կա՝ Լևոն Ներսիսյանը, Պոլոզ Մուկուչը, Խոջա Նասրեդինը. որ չեն իջել գրի մակարդակին: Կարևորը մարդու ակունքն է: Իսկական արվեստագետը դրանք են, որոնց խոսքի ուժը, Սայաթ-Նովայի ասած, «էնպես բան կոսիմ, որ ամպերումը ձեն տա»: Ես էդ ձեն տվող խոսքի կողմնակիցն եմ: Ես իմ ստեղծագործություններում ասում եմ՝ կուզեմ էնպես գրեմ, որ քարի վրա դնեմ, քարը ճոթ լինի:

– Լևո՛ն, քո գրքերում ունե՞ս ամենասիրելի նախադասություն, որից դենը, ըստ քեզ չկա:

– Էդպիսի նախադասություն չկա, բայց կա մի նախադասություն, որով սկսել եմ գրելը և որով էլ կավարտեմ իմ գիրը: Առաջին նախադասությունս սովորական, պարզ մի բան էր. «Շնողը սարերից գիտեմ»: Մանկությանս 15 տարիներին ես անընդհատ սար եմ գնացել: Ծնողներս տարել են էդ սարերը: Առաջին գեղարվեստական գրվածքս «Շնող» ակնարկն էր, որը Ահնիձորի (Հրանտ Մաթևոսյան –Մ. Ա.) և Կյորեսի (Ակսել Բակունց –Մ. Ա.) արձագանքն էր իմ հոգում: Հիմա գիտե՞ս ինչ, էս Տոնինո Գուեռայի խոսքերն են, իմը չէ, բայց հանճարեղ է ասել. «Մարդ, որ մեծանում է, դեպի մահ չի գնում, գնում է դեպի մանկություն»: Ես հիմա ինձ բռնել եմ էդ ճամփի վրա՝ հավերժության, մանկության: Ամեն տարի սարն եմ գնում: Էնտեղ մի սար կա՝ Քամոտ Աղաշ ենք ասում, իմ մանկության գագաթն է, ինձ թվում է, որ մեռնեմ, հոգիս գնալու է էնտեղ ծվարելու: Ես ենթագիտակցաբար ամենաուժեղ խոսքն եմ գրել՝ Շնողը սարերից գիտեմ:

– Լևո՛ն, դու էն գրողներից ես, որոնց նախկին իշխանությունները գնահատել են մեդալով: Էսօր ի՞նչ զգացում ես ունենում, երբ տեսնում ես, որ նախկինները մերժված են:

– Ծանր զգացողություն չունեմ: Ես մի պատվածք ունեմ, որտեղ մի նախադասություն կա գրած, էդ մերժված իշխանությունների կողմից ժողովրդական, – շատ դեպքերում ժողովրդական են ասում, –շատ մարդիկ մեդալներ ստացան: 200 հոգի մեդալ ստացավ, բայց անընդհատ իմ մասին խոսեցին: Չգիտեմ դա ինչ էր: Դա էն էր, որ մի կողմից արժանացա էդ մեդալին, մյուս կողմից, թե՝ ինչի՞ Սերժից վերցրեցիր էդ մեդալը: Էդ նախադասությունը ո՞րն էր:

Ասում եմ. «Անցած կոռուպցիայի հետ իմ փառքն էլ անցավ»: Էդ կոռումպացված իշխանությունները ինձ գնահատեցին, բայց հիմա սրանց ոչ մի բանին պետք չեմ, էն աստիճանի, որ մշակույթի նախարարությունը վարչապետի հետ հանդիպում կազմակերպեց, մի դահլիճ խառնիխուռն մտավորականներ, արվեստագետներ, հարկ էլ չէին համարել ինձ կանչել: Չգիտեմ, սաղ հարաբերական է:

– Ասելու ինչ-որ բա՞ն ունեիր վարչապետին:

– Ա՛յ մարդ, թող իրանք կանչեին, մի գոմ մտավորական են կանչում, ես հավանաբար չէի էլ գնա: Մտավորականն ի՞նչ ասելիք պիտի ունենա, գրողն ի՞նչ պիտի ասի, նրա ասելիքն իր գիրն ա: Ես իրանցից ո՛չ հաց եմ ուզում, ո՛չ ջուր եմ ուզում, թուղթ ու գրիչը, կամպյուտերն էլ գումարած, իմ ասելիքը էդտեղ ա: Նրանք ո՞վ են, որ ես նրանցից բան խնդրեմ:

– Երբեք ոչ մեկից ոչինչ չե՞ս խնդրել:

– Չէ՛, չեմ խնդրել, բայց ստացել եմ: Օրինակ՝ էդ մերժված իշխանությունները… Իմ բոլոր գրքերը գիտե՞ս ով ա հովանավորել:

– Ո՞վ:

– Սերժ Սարգսյանի օգնականը՝ Ավետիս Բերբերյանը: Ուրեմն ինքը օրը լիս-ճրագով ման ա եկել, որ գտնի, թե էս ո՞վ ա էս գրողը, դես-դեն, ու հովանավորել ա: Մի անգամ էլ, որ մի գիրքս էր հովանավորում, ասի՝ Ավո՛ ջան, տես, էդ որ իմանան դու ես հովանավորել, բան, էստեղ Սերժի մասին պատմվածք կա, քեզ համար կարող ա վատ լինի: Ասավ՝ տռա՞ս ես հանել, Լևո՛ն: Ասի՝ էն էլ՝ ոնց: Ասավ՝ դե մի քիչ ժամանակ տուր, մտածեմ: Մտածեց, մի շաբաթից ասավ՝ գեղարվեստը քաղաքականության հետ կապ չունի, առ փողերդ, գնա տպիր: Իմ գիրը ով որ գիտի, կիմանա, որ ես միշտ ընդունված կարծիքին հակառակ եմ գնացել: Ինձ համար ճշմարտությունը մեկը չի, ճշմարտության հակառակն էլի ճշմարտությունն ա: Ես էդ երկու կողմերի միջինն եմ փորձել գտնել:

– Լևո՛ն, նախորդ իշխանություններին գրականության մարդ չէիր համարի, հիմա իշխանության գլխին է գրականության մարդը: Դա քեզ համար ինչ-որ նշանակություն ունի՞:

– Նիկոլի հետ ես անձնական մեծ հարաբերություններ եմ ունեցել: Էն աստիճան, որ գրականության մեջ արագություն եմ հավաքել իր թերթում: 40-50 պատմվածք իրենք տպել են: Ամեն պատմվածքից առաջ էլ ինքը ինձ սուրճով հյուրասիրել է, նստել, խոսել ենք: Ես իր (Փաշինյանի –Մ. Ա.) փախած վախտը գրել եմ «Քաղաքականության սիրտը»: Էնտեղ գրել եմ, որ Նապոլեոն Բոնապարտն ասում էր, որ քաղաքականությունը սիրտ չունի. բա Նիկոլն ի՞նչ ա: Ինքը հենց քաղաքականության սիրտն ա: Բայց ես ո՛չ Սերժից եմ սպասելիք ունեցել, ո՛չ էլ Նիկոլից սպասելիք ունեմ: Իմ սպասելիքը մենակ էս Տորիչելյան դատարկությունն է (ցույց է տալիս գլուխը – Մ. Ա.), որ լցվի, մի բան կարենամ գրեմ: Մենակ աստված կամենա՝ մի տող ավել գրեմ:

– Իսկ պետության համար սպասելիքներ չունե՞ս:

– Իհարկե ունեմ: Ժողովուրդը մեծ սեր է տվել Նիկոլին, մեծ բեռ է տվել Նիկոլին, պիտի դրա տակից դուրս գա, դրա պատասխանը պիտի տա: Ես չէի ուզենա էդ բեռի տակ մտնել: Լսո՞ւմ ես: Ուրիշ բան է հանճարեղ ամբոխավար լինես, մի այլ բան է տաղանդավոր վարչապետ լինես: Էն մեկը լավ արեց, հլա տենանք՝ էս երկրորդը կարո՞ղ է խոսքից գործի անցնել:

– Լևո՛ն, դու երբևէ մտածե՞լ ես Նոբելյան մրցանակի արժանանալու մասին:

– Ես մի պատմվածք եմ գրել և «Առավոտ»-ում տպել, թե ինչպես իբր 21 թվին, չգիտեմ որ ամսին Նոբելյան մրցանակ եմ ստանում և իմ ճառն եմ տպում «Առավոտ»-ում: Զուտ ուսումնասիրել եմ նոբելյան մրցանակակիրների ճառերը և էդպիսի մի ճառ եմ գրել: Բայց ո՛չ էն ժամանակ, ո՛չ էսօր չեմ ակնկալել էդպիսի մեծ մրցանակ: Իմ ամենամեծ մրցանակն իմ ընթերցողն է, որն ինձ ամեն առավոտ ասում է բարի օր: Իսկ էդ ինչի՞ եմ գրել: Գրել եմ էն պատճառով, որ ցույց տամ՝ ամեն ինչից կարելի է գեղարվեստ քաղել, նույնիսկ ճառի տեքստը կարելի է գեղարվեստորեն ներկայացնել: Էդ արտաքին սկանդալը պիտի անես, որ ուշադրություն գրավես:

Չեխովն ասում է՝ մոխրամանի մասին էլ կարելի է պատմվածք գրել, ինչի ճառից չի՞ կարելի պատմվածք սարքես: Ձմռան մի ցուրտ օր, երբ որ գործ չէի արել, արդեն պիտի տուն գնայի, ձյունն էլ մաղել էր, վերմակի նման նստել էր, մի ձնագունդ արեցի, էն սյունը տեսնու՞մ ես (ցույց է տալիս Վերնիսաժի կենտրոնում ցցված մի բարալիկ երկաթե սյուն, որի վրա լապտեր կա – Մ. Ա.), ու անհույս, անմխիթար բան ինձ համար, ես ձնագունդ արեցի, ասեցի՝ խփում եմ, եթե կպավ՝ Նոբելյան մրցանակ կստանամ, թե չկպավ՝ չեմ ստանա:

Ա՛յ մարդ, քցելն ու կպնելը մեկ եղավ: Ասում են՝ գրողների միությունում հերթ են կանգնել, որ էդ մրցանակը ստանան: Որ ինձ էլ տան, լավ կլինի, ո՞վ չի ուզի: Բայց ես ստեղծում եմ իմ հեքիաթը, մտնում էդ հեքիաթի մեջ ու ապրում իմ հեքիաթով: Ես իմ հեքիաթներով տուն եմ ստեղծում ընթերցողի համար:

Լուսանկարը՝ «Հետք»

Հարցազրույցը՝ Մհեր Արշակյանի

MediaLab.am