«Քանի դեռ ամեն ինչ կախված է շատերի կողմից սիրելի կամ ոմանց կողմից չսիրված վարչապետից կամ մեկ այլ պաշտոնյայից, ոչ մի լուրջ բան չի փոխվի». Տիգրան Խզմալյան

26-12-2018
942 դիտում
«Քանի դեռ ամեն ինչ կախված է շատերի կողմից սիրելի կամ ոմանց կողմից չսիրված վարչապետից կամ մեկ այլ պաշտոնյայից, ոչ մի լուրջ բան չի փոխվի». Տիգրան Խզմալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Տիգրան Խզմալյանը:

- Պարո՛ն Խզմալյան, դուք գրառում էիք արել Ֆեյսբուքում»՝ նշելով՝ «անցումային արդարադատությունն» աճուրդ է։ Սպանությունը, գողությունը, դավաճանությունը գրավի գին ունեն ՀՀ-ում։ Գնացուցակը հրապարակեք։ Գրառումից պարզ է դառնում, որ Հայաստանում գրավի դիմաց սպանության մեջ մեղադրվողները հնարավորություն են ստանում արդարադատությունը «գնե՞լ»։ Ի՞նչն է ձեր դժգոհության պատճառը։

- Դժգոհության պատճառն այն է, որ անհավասարությունը, սոցիալական անարդարությունը մեխանիկորեն տեղափոխվում է մի ոլորտ, որին հակացուցված է։ Փաստորեն աղքատները, որոնք չունեն գրավի հնարավորություն, չեն ստանում ազատություն դուրս գալու նույն իրավունքը։

Ես սկզբունքորեն դեմ չեմ գրավով կամ այլ եղանակներով մարդկանց ազատ արձակվելուն, խնդիրը դա չէ։ Բայց ամեն ինչ համեմատության մեջ է, և եթե մենք մի քանի շաբաթ առաջ վրդովվում էինք, որ բազմազավակ մայրը հացի փող գողանալու համար ներում չի ստանում և ցուցադրաբար պատժվում է, հասկանալի է, որ երևի սա պայմանական պատիժ կլինի, բայց մեզ հետ խոսում են այնպես, կարծես բոլոր հարցերը լուծված են, և խիստ անհրաժեշտ է հենց այդ աղքատ կնոջը պատժել։

Տասնյակ հարյուրավոր-հազարավոր դեպքեր կան, երբ մարդիկ հանցանք կամ նույնիսկ զանցանք են կատարում երբեմն աղքատությունից ու սովից դրդված, և այդ ենթատեքստում, հեղափոխական տրաբանության խիստ հակացուցված է հարուստ գողերին, որոնք հարստացել են՝ կողոպտելով և թալանելով երկիրն ու հասարակությունը, նրանք, փաստորեն, ստանում են անհավասար արտոնություններ։

Դա, իմ կարծիքով, խիստ վիրավորական է։ Նույնը մենք տեսնում էինք տարիներ շարունակ բանակում, երբ բանակը իրականում աղքատ ընտանիքների երեխաներից էր բաղկացած։ Այնպես որ, կարծում եմ՝ այստեղ մտածելու բան կա։ Ես այստեղ ավելի շատ հռետորական հարց եմ բարձրացրել։ Ինձ համար դա վրդովեցուցիչ էր։ Փաստորեն գրեթե ոչ ոք այդ աղմկահարույց գործերից հետո չի կրում պատիժը, այլ ազատ է արձակվում, այն էլ՝ անհասկանալի գումարներով։

Ի՞նչ իրավունքով է պետությունը վերցնում միլիոնավոր դոլարների հասնող գումարներ մի թիկնապահից, որը ոչ մի բիզնեսով չէր զբաղվում և չուներ որևէ օրինական, լեգալ եկամուտներ։ Որտեղի՞ց նրան այդ մեկ միլիոն դոլարը։ Ասենք՝ մարդը գողացել է, հիմա դուք առգրավել եք դա, մեկ էլ հայտնվում է ևս մեկ միլիոն դոլար։ Որտեղի՞ց։ Օրինակ՝ հենց հիմա Մեծ Բրիտանիայում ռուս միլիարդատերերին «փիտրում են»՝ պահանջելով ապացուցել, որ նրանց ներդրումներն օրինական են։ Նույնը կատարվում է ԱՄՆ-ում։ Ինչո՞ւ ենք մենք ոչ թե միլիարդատերերին, այլ գողերին, բանտարկված մեղադրյալներին թույլ ենք տալիս հարցերը լուծել նույն այդ գողացված գումարներով։

- Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, բայց դատական համակարգի փոփոխության մասին դեռ վա՞ղ է խոսելը։ Կոնկրետ ի՞նչ քայլեր պետք է արվեն, որ ժամ առաջ դատական համակարգը նույնպես ազատագրվի, և քաղաքացին զգա նաև դատական իշխանության անկախությունը։

- Ես այստեղ երկու բան կասեմ, որովհետև ես այս 6-7 ամիսների ամենամեծ ձեռքբերումը համարում եմ շուրջ 300 մարդկանց բանտերից դուրս բերելը՝ պայմանական վաղաժամկետով կամ համաներմամբ։ Սա ամենամարդասիրական ակտն էր, որ գործեց նոր իշխանությունը, և ես շատ կարևորում եմ դա։ Երկրորդ՝ արդյունավետ ժողովրդավարական և բարեկեցիկ պետությունը ստեղծվում է իշխանության թևերի բաժանման դեպքում։

Դա ոչ թե քմահաճույք է, այլ շատ խորը գնացող և կարևորագույն հանգամանք։ Երբ դատական իշխանություններն իսկապես անկախ լինեն և ճնշումների չենթարկվեն, իսկ նրանք մինչև հիմա ենթարկվում են ճնշումների, որովհետև նրանք իրենց պաշտոնները ստացել են ոչ ժողովրդավարական ձևերով և հիմա չեն վերահսկվում, պատասխանատվություն չեն կրում ժողովրդի առջև։

Մինչև այդ անկախությունը չլինի, որևէ արդարադատության մասին խոսելը վաղաժամ է։ Իսկ դա կարևոր է, որովհետև միայն դատական անկախ համակարգի դեպքում կծաղկի տնտեսությունը, քանի որ մասնավոր սեփականությունը և մարդու իրավունքները պաշտպանվելու են նախևառաջ պետությունից անկախ պետական համակարգով։ Մեզ մոտ դա չկա։ Քանի դեռ մեզ մոտ ամեն ինչ կախված է շատերի կողմից սիրելի կամ ոմանց կողմից չսիրված վարչապետից կամ մեկ այլ պաշտոնյայից, ոչ մի լուրջ բան չի փոխվի։

- Վարչապետի պաշտոնակատարը նախօրեին հայտարարեց, որ իր համար էլ էր անակնկալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելը և ազատ արձակելը։ Կարծում եք՝ Նիկոլ Փաշինյանն իսկապե՞ս փորձում է իրեն դուրս դնել և փորձում է թույլ տալ, որ դատական համակարգն ազատ գործի։

- Գաղտնալսումներն ապացուցեցին, որ դատական համակարգը շարունակում է մնալ գործադիր իշխանության ճնշման կամ գոնե նրա վերահսկողության տակ։ Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանին, ես չգիտեմ, թե որքանո՛վ էր անկեղծ վարչապետը, իրավունք չունեմ ասելու բաներ, որոնցից տեղյակ չեմ, բայց եթե բժշկական փորձաքննությունները ճիշտ են, Մանվել Գրիգորյանը ծանր վիճակում է, ունի շատ լուրջ հիվանդություններ։

Կարծում եմ՝ սա էր պատճառը ազատ արձակելու։ Մյուս կողմից՝ արդարադատությունը երբեմն կապ չունի բանտախցի հետ։ Ամենամեծ պատիժը, որ ստացել են Մանվել Գրիգորյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը՝ իրենց վարձախմբի հետ միասին, սոցիալական ստատուսի կորուստն է, այն խայտառակությունը, որն իրենք ճաշակեցին իրենց կյանքի օրոք։

Դրանից մեծ պատիժ, դրանից մեծ ու դաժան բան իրենց հետ չէր կարող լինել։ Ամեն ինչ՝ և՛ փողը, և՛ իշխանությունը մարդիկ ծառայեցնում են ընդամենը իրենց սոցիալական ստատուսը բարձրացնելու, գնելու, ապահովելու համար։ Իրենք կորցրեցին այդ ամենը։

Իհարկե, տհաճ կլիներ, եթե կիսամեռ և բոլորի կողմից արհամարհված մարդը մահանա բանտում։ Եթե նա իսկապես մահամերձ վիճակում է, նրան պետք է ազատ թողնել, որ մահը բանտում չլինի։ Դա խարան կլինի պետության վրա։ Իրենք գիտեն՝ դա երբ է արվում։ Նույնն արվեց Հաց բերողի հետ, Խանդոյանի հետ։ Նրանք գիտեն, որ կան հիվանդություններ, որոնք անբուժելի են։

- Պարո՛ն Խզմալյան, ինչպե՞ս եք գնահատում մշակույթի նախարարության միացումը կրթության և գիտության նախարարությանը։ Այս որոշումից շատերն են դժգոհ։ Ինչպե՞ս եք դուք գնահատում կառավարության այս քայլը։

- Դա երկրի հայեցակարգի, տեսլականի խնդիր է։ Բանն այն է, որ մենք երկնքից չենք ընկել, ժառանգել ենք խորհրդային շրջանի մի համակարգ, երբ մշակույթը մեծապես կախվածություն ուներ պետությունից, գաղափարախոսությունից։ Ես կինոռեժիսոր եմ և ուզում եմ հիշեցնել, որ 30 տարի առաջ բոլոր կինոթատրոնների պատերի վրա Լենինին վերաբերող մի հետաքրքիր արտահայտություն էր գրված, որ բոլոր արվեստներից ամենակարևորը կինոն է։ Հոլիվուդում պատերին նման բաներ գրված չեն, բայց նրանք շատ լավ դա հասկանում են։

Ուղղակի եթե համեմատենք, ապա Արևմուտքում և, մասնավորապես, ԱՄՆ-ում, ամեն ինչ թելադրում է շուկան։ Մեզանում, օրինակ՝ կինոյի ասպարեզում շուկա չկա։ Մեզանում անգամ կինոթատրոններ չեն մնացել, ինչը ծիծաղելի է։ Մեզանում կա շուկա գրականության համար, գեղանկարչության համար երկրի ներսում։ Մյուս կողմից՝ երկիրը չափազանց փոքր է, մենք ընդամենը միջին չափի մի քաղաք ենք։

Այնպես որ, ապավինել շուկային հնարավոր չէ։ Մյուս կողմից՝ Հայաստանի համար մշակույթը ոչ թե առանցքային, այլ ռազմավարական նշանակություն ունի։ Պետությունն այս պահին, կոնկրետ այս պայմաններում երևի թե իրավունք չունի կտրուկ շարժումներ անել։ Կարծում եմ՝ բոլորովին այլ եղանակով է պետք շտկել, բարելավել, բարեփոխել իրավիճակը մշակույթի նախարարությունում։

Մենք ուղղակի պետք է ազգային գաղափարախոսություն որդեգրենք, որը այդքան չէր սիրում առաջին նախագահը։ Մենք իհարկե ունենք ազգային գաղափարախոսություն, կամ գոնե դրա տեսլականը պետք է ունենանք։ Ամեն կուսակցություն դա ունի, ամեն կառավարություն դա ունի, դա համազգային խնդիր է։ Մենք մեր տեսակը պահպանելու, մեր մշակույթի պահպանելու գերագույն ռազմավարական խնդիր ունենք։ Այնպես որ, մշակույթի նախարարությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի պես երկրում։ Չկա ոչ մի ուրիշ բան Հայաստանում, բացի մշակույթից։

Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում. Հայաստանում չի գործում ոչ մի այլ ոլորտ, անգամ կոնյակի արտադրությունը մշակույթ է, գորգերի արտադրությունը մշակույթ է։ Բավական է 20 րոպե կանգնել «Զվարթնոց» օդանավակայանում, և դուք կտեսնեք, թե ի՛նչ են տանում մարդիկ Հայաստանից՝ նկարներ, գրքեր, երբեմն՝ կոնյակ։ Բոլոր դեպքերում դա արվեստի գործեր են, այսինքն՝ մշակույթ։ Համակարգիչներ չեն, մեքենաներ չեն, զենքի չի։ Ի՞նչ է արտադրում Հայաստանը, արտադրում է ամենակարևորն ու ամենաթանկարժեքը, ամենաեզակի բանը։

Համակարգիչներ կարելի է հավաքել Չինաստանում, Թայվանում, Թաիլանդում և այլ տեղերում։ Հայկական մշակույթ կարող է արտադրվել միմիայն Հայաստանում։ Հետևաբար, մշակույթի նախարարությունը ես չեմ ասում խիստ անհրաժեշտ է, բայց կա ուրիշ ձև մշակույթի հետ վարվելու։

Տասնամյակներ շարունակ ես մշակույթի չորս նախարարների մոտ չէի կարող անգամ մուտք գործել, նամակներիս չէին պատասխանում, իմիջիայլոց, նույնը կրկնվեց նաև հիմա։ Ես 15 առաջարկություն արեցի մշակույթի ոլորտում, որոնք վերաբերում էին արդյունավետությունը գրեթե առանց ծախսերի կտրուկ բարելավելուն, բայց դա ոչնչի չբերեց, նամակս կարդացին, ու ոչ մի հետևանք չեղավ։ Այսինքն՝ այս վիճակում մշակույթի նախարարությունը վերացնելը իհարկե սխալ է, որն անխուսափելիորեն կշտկվի։

Մանե Հարությունյան

MediaLab.am