Վերջին կես տարում ռազմական բեռների որևէ մատակարարում չի կատարվել Ադրբեջան. Բելառուսի դեսպանություն

ՀՀ-ում Բելառուսի դեսպանությունը մեկ անգամ ևս ընդգծել է՝ վերջին 6 ամիսների ընթացքում ռազմական բեռների որևէ մատակարարում չի կատարվել Ադրբեջան: «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության մեջ Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպանությունը հիշեցնում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 4-ի հեռախոսազրույցը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որում Լուկաշենկոն հստակ և միանշանակ պատասխանել է իր հայ գործընկերոջ հարցին. «Վերջին 6 ամիսների ընթացքում ռազմական արդյունաբերական համալիրի միջոցով ոչ մի ռազմական բեռ չի մատակարարվել ոչ Ադրբեջան, ոչ էլ Հայաստան»: Դեսպանությունից նշել են, որ դա ամենաճշգրիտ և հավաստի տեղեկատվությունն է, որին վերադառնալն իմաստ չունի:

Դեսպանությունը նաև հավելել է, որ Բելառուսը պատրաստ է տրամադրել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն՝ կողմերի միջև երկխոսությունը խթանելու գործում՝ կողմերի համար ընդունելի ձևաչափերով:

«Բելառուսն անկեղծորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններով: Ստեղծված իրավիճակում շատ կարևոր է դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից»,-ասված է հայտարարությունում:

Դեսպանությունը մեկ անգամ ևս ուշադրություն է հրավիրել Բելառուսի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության՝ սեպտեմբերի 28-ի հայտարարության վրա, որով ոչ միայն կոչ են արել, այլև խնդրել են դադարեցնել ռազմական գործողությունները, հրաժարվել զենքի օգտագործումից և գտնելու իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:

«Բելառուսը պատրաստ է տրամադրել ցանկացած անհրաժեշտ օժանդակություն՝ կողմերի միջև երկխոսությունը խթանելու գործում՝ իրենց համար ընդունելի ձևաչափերով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դեսպանությունից հորդորել են ԶԼՄ-ներին օգտվել բացառապես ստուգված տեղեկություններից: 

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Ադրբեջանն անտեսել է անգամ հոկտեմբերի 10-ից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: