Բելառուսում ՀՀ դեսպանը մասնակցել է Արմեն Սարդարովի գրքի շնորհանդեսին

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Բելառուսի ազգային տեխնիկական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Արմեն Սարդարովի «Храм. Традиции мировой и белорусской архитектуры» գրքի շնորհանդեսին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Բելառուսում ՀՀ դեսպանությունից:

Ներկայացնելով հեղինակած աշխատությունը որպես քրիստոնեական և այլ կրոնական շինությունների գեղագիտական ընդհանրացում՝ ճարտարապետության դոկտոր Ա․Սարդարովն Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու և Հայ Առաքելական Եկեղեցու մի շարք այլ տաճարների օրինակի հիման վրա ներկաների ուշադրությունն է հրավիրել հայ ճարտարապետության եզակի ճարտարապետա-գեղարվեստական առանձնահատկությունների վրա։

Ժամանակակից բելառուսական պետականության թանգարանում կազմակերպված միջոցառմանը մասնակցել են Բելառուսի ռուս ուղղափառ եկեղեցու Էկզարխ, Մինսկի և Զասլավլի միտրոպոլիտ Բենիամինը, Բելառուսում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Մեզենցևը, ինչպես նաև հոգևորականներ, գիտության և ստեղծագործ մտավորականության ներկայացուցիչներ։