Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 9 ամսում նվազել է 6.6 տոկոսով

 Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-սեպտեմբերին 6.6 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել  է 1 տոկոսով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը՝ 0.5 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 15.7 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-սեպտեմբերին նվազումը կազմել է 11.4 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 11.7 տոկոսով:

2020 թվականի հունվար-սեպտեմբերին սպառողական գների ինդեքսն աճել է 0.9 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 1.5 տոկոսով: Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-սեպտեմբերին աճել է 4.7 տոկոսով՝ կազմելով 186 հազար 967 դրամ: Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 7.4 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.2 տոկոսով: