«Դիվային բենզալցակայան» . «Մեդիալաբի» երգիծանկարչի աշխատանքները լավագույններից մեկը`միջազգայի մրցույթում

«Դիվային  բենզալցակայան» . «Մեդիալաբի» երգիծանկարչի աշխատանքները լավագույններից մեկը`միջազգայի մրցույթում
«Դիվային բենզալցակայան» . «Մեդիալաբի» երգիծանկարչի աշխատանքները լավագույններից մեկը`միջազգայի մրցույթում

Ուկրաինայում ամփոփված «Դիվային  բենզալցակայան» («Дьявольская бензоколонка») թվով 4-րդ քաղաքական երգիծանկարի միջազգային մրցույթում «Մեդիալաբի» երգիծանկարիչ Վահե Ներսեսյանի աշխատանքներն ընդգրկվել է լավագույնների շարքում:

«Դիվային  բենզալցակայան» խորագրի ընտրությունը պայմանավորված էր ծայրահեղ լարվածության հասած ռուս-ուկրաինական հարաբերությունների, Ռուսաստանի վարած քաղաքականության եւ հետեւանքների հետ, ինչը իր հերթին թեմատիկ առումով շատ երգիծանկարիչների համար ուղղորդող դեր էր կատարել: Մրցույթին մասնակցող 32 երկրների (ԱՄՆ, Ավստրալիա, Ուկրաինա, Ռուսաստան, Չինաստան, Գերմանիա, Իսպանիա, Կոլումբիա, Իրան, Իտալիա եւ այլն )շուրջ 300 երգիծանկարներում գերիշխողը հենց թեմատիկ այս ուղղությունն էր:

Մրցույթի հաղթող ճանաչվեց Անդրեյ Լեվչենկոն` ուկրանիական Պոլտավա քաղաքից:

«Մեդիալաբի» երգիծանկարիչ Վահե Ներսեսյանի` ռուսական քաղաքականության թեմաներով աշխատանքները ընդգրկվեցին լավագույն 15 երգիծանկարների մեջ, որոնք հասանելի կլինեն այցելուներին Կիեւում բացված ցուցասրահում մինչեւ նոյեմբերի առաջին շաբաթը:

Ըստ մրցույթի կազմակերպիչների, մրցույթի ամփոփման համար հոկտեմբեր ամսի ընտրությունը եւս պատահական չէր, այն նվիրվում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրվան (հոկտեմբերի 7-ին), որպես «ծննդյան նվեր»:

Մրցույթի ժյուրին կազմված էր հանրաճանաչ երգիծանկարիչներից:

Հետաքրքրական է, որ մրցույթին մասնակցում էին բազմաթիվ ռուս ճանաչված երգիծանկարիչներ, սակայն ինչպես կազմակերպիչ Վալերի Կրուգովն է հայտարարել,  ոմանք ցանկացել էին անանուն մնալ, եւ հրաժարվել էին հրապարակել իրեն անուն-ազգանունները:

Հիշեցնենք, որ միջազգային երգիծանկարչության ոլորտում, սա Վահե Ներսեսյանի երկրորդ հաջողությունն է: 2011-ին Ներսեսյանի` Բին Լադենի սպանության թեմայով արված ծաղրանկարն արժանացել է բարձր գնահատականի` գլխավորելով ծաղրանկարիչների միջազգային ազատ ցանցի` toonpool.com-ի, այդ թեմայով արված ծաղրանկարների տասնյակը: Գերմանիայում տեղակայված ցանցում զետեղված են ավելի քան 112 000 ծաղրանկարներ:

© Medialab.am