Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս․ Արցախի նախագահ

Հեղինակ MediaLab

Այսօր կրկին հանդիպել եմ անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների և խաղաղ բնակիչների մի խումբ հարազատների հետ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը: Ես իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնել գեներալ Մուրադովին, ով անձամբ այցելել է Ադրբեջան, տեղում հանդիպել մեր որոշ ռազմագերիների հետ և նրանց անուն-ազգանունները տրամադրել մեզ, իսկ նրանց ողջ լինելու մասին հաստատված տեղեկությունն այս պահին փոխանցվում է հարազատներին:

Նշեմ, որ Ադրբեջանն այս պահի դրությամբ հաստատել է գերության մեջ գտնվող ավելի քիչ անձանց անուններ, քան մեր անառարկելի ապացույցներն են ցույց տալիս: Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ շարունակելու ենք սկսված աշխատանքները բոլոր գերեվարված անձանց և զոհվածների մարմինները գտնելու ու հնարավորինս շուտ վերադարձնելու ուղղությամբ», -հավելել է Հարությունյանը: