Պուտինը հնարավոր է համարում ԼՂ-ում խաղաղապահների թվի ավելացումը, եթե լինի կողմերի համաձայնությունը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների թվի ավելացումը, սակայն այն դեպքում, երբ կլինի այդ մասով Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պուտինն ասաց մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ինչ վերաբերում է հումանիտար առաքելության կոնտինգենտի խաղաղապահների թվի ավելացմանը, ապա դա հավանական է, բայց միայն բոլոր կողմերի հետ համաձայնությամբ, այդ թվում` Ադրբեջանի, քանի որ մենք ի սկզբանե քննարկել ենք մեր խաղաղապահների թիվը և այն համաձայնեցված է»,- ասաց Պուտինը:

ՌԴ նախագահը նշեց, որ, եթե կողմերը հայտնեն խաղաղապահների թվի ավելացման անհրաժեշտության մասին, ապա իրենք դա կանեն: