Թուրքական ապրանքների ազդեցությունը հայկական շուկայում

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Թուրքիան բացահայտ ռազմական և քաղաքական աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին։ Հայաստանում այս առիթով խորացող դժգոհությունների ֆոնին Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց 2021 թվականի հունվարի 1-ից կես տարով արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան։ Եվ չնայած ԵԱՏՄ պայմանագրի համաձայն երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների արգելքը կարող է լինել առավելագույնը 6 ամիս ժամկետով, սակայն ենթադրվում է, որ ժամկետի ավարտից հետո այն կրկին կերկարաձգվի։

Այս որոշումը, չնայած ողջունվեց հասարակության լայն շերտերի կողմից, սակայն առաջ բերեց մի շարք հարցեր, որոնց պատասխանները դեռևս անհայտ են։

Մասնավորապես, ամենից կարևոր խնդիրը թուրքական էժան ապրանքների փոխարինման հարցն է, որի լուծման հեռանկարները դեռևս անորոշ են։

Եկեք տեսնենք, թե իրականում ինչ դերակատարում ունեն Թուրքիան և թուրքական ապրանքները հայկական շուկայում։ Այդ նպատակով կուսումնասիրենք վերջին 20 տարում Հայաստան ներմուծված թուրքական ապրանքների վիճակագրությունը։

Դինամիկան

Մինչև 2005 թվականը Թուրքիայից Հայաստան ներմուծվող ապրանքների ընդհանուր ծավալը տատանվում էր 38-ից 40 մլն դոլարի շրջանակներում։

Սկսած 2005 թվականից Վիճակագրական կոմիտեն ներմուծվող ապրանքների դեպքում վարում է միանգամից երկու վիճակագրություն․ ըստ ներմուծման երկրի և ըստ ապրանքի ծագման երկրի։

Հաշվի առնելով այն փաստը, որ կառավարությունը արգելք է սահմանել թուրքական ծագման ապրանքների նկատմամբ՝ կխոսենք թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման մասին։

Ի դեպ, թուրքական ծագմամբ ապրանքների տեսակարար կշիռն ավելին է, քան հենց Թուրքիայից ներմուծված ապրանքներինը։

Ինֆոգրաֆիկան՝ այստեղ։

Ինչպես նշեցինք, մինչև 2005 թվականը Թուրքիայից ներմուծվող ապրանքների տեսակարար կշիռը բավական փոքր էր՝ 38-40 մլն դոլար, սակայն սկսած 2005 թվականից թուրքական ապրանքների ներմուծումը կտրուկ աճեց և 2008 թվականին հասավ իր պատմական առավելագույնին՝ 268 մլն դոլար։ Այսպիսի ցուցանիշ գրանցվել է նաև նախորդ տարի։

Գրաֆիկից պարզ է դառնում, որ 2009 և 2015 թվականներին թուրքական ապրանքների ներմուծումը կտրուկ անկում է ապրել։

Առաջին դեպքում պատճառը համաշխարհային տնտեսական ճգնաժամն էր, որի հետևանքով Հայաստանի տնտեսությունը ավելի քան 14 տոկոս անկում գրանցեց, իսկ ներմուծվող ապրանքների ծավալը, որպես հետևանք, 25-տոկոսանոց անկում ապրեց։

2015-ին թուրքական ապրանքների ներմուծման նվազումը կրկին կապված էր այլ գործոնների հետ։ Այս անգամ հիմնական պատճառը ռուսական ռուբլու արժեզրկումն էր։ Ինչպես գիտենք, հայրենի տնտեսությունը մեծապես կախված է ռուսական շուկայից, և վերջինիս գնողունակության նվազմանը զուգահեռ՝ նվազում է նաև Հայաստանից դեպի ՌԴ արտահանումը։ Երկիր ներհոսող գումարների նվազմանը գումարվում է նաև մասնավոր տրասֆերտների նվազումը։ Ռուսաստանից փոխանցվող մասնավոր տրասֆերտները նվազեցին մոտ կես միլիարդ դոլարով, ինչը հանգեցրեց նաև մեր երկրի գնողունակության անկմանը, որի հետևանքով դեպի Հայաստան ներմուծման ծավալները նվազեցին 26․5 տոկոսով։ Սա, բնականաբար, իր ազդեցությունն ունեցավ նաև ներմուծվող թուրքական ապրանքների վրա։

Ընդհանուր առմամբ, Հայաստան ներմուծվող ապրանքների մեջ թուրքական ծագմամբ արտադրանքի մասնաբաժինը բավական մեծ է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանն ու Թուրքիան նույնիսկ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել միմյանց հետ։

Ինֆոգրաֆիկան՝ այստեղ։

Ինչ վերաբերում է այս տարվան, ապա Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հոկտեմբեր ամսվա տվյալները, ըստ որոնց՝ 2020-ի առաջին 10 ամիսներին Հայաստան է ներմուծվել 178 մլն դոլար արժողությամբ թուրքական ծագմամբ ապրանք, ինչը կազմում է ներմուծման 4․9 տոկոսը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշը նվազել է 32 մլն դոլարով։

Ապրանքատեսակները

Հայաստանը Թուրքիայից ներմուծում է հիմնականում տրիկոտաժ և բամբակյա գործվածքներ, նավթամթերք, լվացող և քիմիական այլ միջոցներ, էլեկտրական սարքեր, ցիտրուսային մրգեր և այլն։ 

Սրանք այլ երկրների արտադրանքի համեմատ ավելի էժան են, և դրա շնորհիվ այդ ապրանքները մեր երկրում բավական մրցունակ են։ Այդ իսկ պատճառով կառավարության որոշումը, որով արգելվում է դրանց ներմուծումը Հայաստան, առաջ է բերում մի քանի խնդիրներ, որոնց լուծման տարբերակները երկուսն են՝ այլ երկրներից ներմուծում կամ տեղական արտադրության կազմակերպում։

Այլ երկրներից ներմուծման գործընթացը կազմակերպելու համար թուրքական ապրանքների ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողները շատ կարճ ժամանակ ունեն՝ այլ մատչելի աղբյուրներ որոնելու, դրանց հետ բիզնես կապեր հաստատելու, ներմուծման գործընթացը կազմակերպելու և այլնի համար։ Բացի դա, թուրքական ապրանքները Հայաստանում գնային առումով մրցունակ էին նաև տրանսպորտային ծախսերի շնորհիվ, ինչը այլ՝ աշխարհագրական դիրքի պատճառով հեռու գտնվող երկրներից ներմուծվող ապրանքների դեպքում բավական խնդրահարույց է։

Տեղական արտադրության խթանումը ևս խնդրի լուծման տարբերակներից մեկն է։ Իհարկե, այս ապրանքներից շատերն ունեն հայկական փոխարինողներ, ինչպիսիք են լվացող միջոցները և այլ քիմիական արտադրանքը, պտուղ-բանջարեղենը, գործվածքները և այլն, սակայն հումքի ձեռքբերման կամ արտադրության կազմակերպման վրա կատարված ծախսերը շատ հաճախ ավելի բարձր են, քան թուրքական ապրանքների դեպքում, ինչը բավական մեծ խնդիրներ է առաջացնում արտադրողների համար իրացման առումով, իսկ ցածր գնողունակություն ունեցող քաղաքացիների համար՝ սպառման առումով։

Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ է պետական լուրջ օժանդակություն՝ արտադրությունը Հայաստանում հնարավորինս ցածր ինքնարժեքով կազմակերպելու համար (հումքի ներմուծում, հարկերից որոշակի ժամանակով ազատում կամ նվազեցում, նորագույն տեխնոլոգիաների ներդրում և այլն)։

Ամփոփելով՝ փաստենք, որ կառավարության այս որոշումը ծանր դրության մեջ է դնելու թուրքական ապրանքներ ներմուծող տնտեսվարողներին՝ հաշվի առնելով նաև կորոնավիրուսի ու պատերազմի ծանր հետևանքները։ Այնուամենայնիվ, կարող ենք պնդել, որ այս խնդիրը լուծելու դեպքում հայրենի տնտեսությունը ամբողջովին կազատվի ոչ բարեկամ երկրից ունեցած տնտեսական կախվածությունից։

Սևադա Ղազարյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»