Ժամկետանց ատելությունը անհավես տակտ է

Ժամկետանց ատելությունը անհավես տակտ է
Ժամկետանց ատելությունը անհավես տակտ է

Ինչի մասին են պատերազմի մասին երգերը

 

Ռուսները Հայրենական պատերազմի մասին ստեղծեցին մի մշակույթ, որով պատերազմը ռազմական հակամարտությունից վերածեցին ազգային ապրումի։ Այդ մշակույթի ամենահամընդհանուր հատվածը երգն է։ Եթե Շոստակովիչի սիմֆոնիան Ալթայի, Ուրալի, Սիբիրի գյուղերում չեն իմանում ու չեն լսում, եթե Օլգա Բերգոլցին, Յուլիա Դրունինային, Արսենի Տարկովսկուն չգիտեն բոլորը, պատերազմի մասին ռուսական երգերը գիտի ամեն ռուս, սովետական երկրում ապրած կամ շատ հետո ծնված մարդ, նաև, չխուսափենք իրականությունից՝ սովետական հանրապետություններից շատերում, եթե՝ ոչ բոլորում։ Ռուսաստանցի բանաստեղծները, կոմպոզիտորները պատերազմից ստեղծեցին համաժողովրդական, մնայուն ապրում։

Պատերազմական երգերի հաջողության կարևոր գործոնը մարդկային տեքստերն էին։ Այդ երգերի մեջ ռազմական հաջողության մասին գրեթե տող չկար։ Ֆաշիզմի հանդեպ խորքային ատելությամբ՝ այդ երգերի մեջ ատելության մասին բան չկար համարյա։ Խորհրդային բռնապետության պայմաններում անգամ հասկացել էին, որ պատերազմի մեջ մարդուն մարդկայինն է պետք։ Բռնապետական կայսրության մեջ Հայրենական պատերազմի մասին երգերում ռազմական ուժը գովերգող տեքստերն իրականում քիչ են։ Շեշտը ամենասովորական, ամենամարդկային, ամենականացի բաների մասին է։ Սա է, կարծում եմ, այդ երգերի անվիճելի հաջողության ու մնայուն լինելու գաղտնիքը։

Անգամ պատերազմից մոտ երեսուն տարի անց գրվում էին երգեր, որոնք բոլորինն էին, օրինակ՝ Օկուջավայի բառերով գրված «Бери шинель, пошли домой!» երգը։ Օկուջավան այն հեղինակներից չէ, որի ստեղծագործությունները սիրելի ու հասկանալի կարող էին լինել անծայրածիր Ռուսաստանի բոլոր վայրերում, բայց պատերազմի մասին երգը դարձավ բոլորին հասանելի ու ճանաչված։

Երգերը մի անգամ հնչելուց հետո կպնում էին մարդկանց հոգուն, բառերն անմիջապես հիշվում էին, մեղեդին գիտեին բոլորը, որովհետև այդ երգերում ռազմական ինքնաթիռի հզորությունը չէր երգվում, զենքի անհասանելի լինելը չէր, այլ ամենաչերևացող, ամենաանկարևոր թվացող դրվագը, որտեղ մեծ ողբերգություն կար, ամենաչնչին իրը, որի մեջ անհնար կարոտ կար, իսկ կարոտը վերացական չէր երգերում, այլ շատ կոնկրետ՝ աղջիկ, կին, երեխա, տուն, բակ, մայր։

1943-ին գրված «Темная ночь»-ը («Մութ գիշեր»), Վլադիմիր Ագատովի բառերով ու Նիկիտա Բոգոսլովսկու երաժշտությամբ Մարկ Բերնեսը հասցրեց բոլորին ու էլի ոչ մի ռազմական թեմա, այլ «В темную ночь ты любимая знаю не спишь И у детской кроватки тайком ты слезу утираешь»։ Կամ պատերազմից շատ տարիներ անց Ռասուլ Համզաթովի բառերով, ընդ որում՝ մայրենի լեզվով գրված և ռուսերեն թարգմանված, և Յան Ֆրենկելի երաժշտությամբ «Журавли» («Կռունկներ») երգը, որը նորից Բերնեսը հասցրեց բոլորին։ Տեքստում ռազմաշունչ տող չկա, անգամ ատելության մի բառ չկա, կա սգացող մարդուն հուսադրող մի պատկեր․ «Թվում է ինձ, թե դաշտերից արյունոտ հետ չեկած զինվորները, չեն հանձնվել հողին, այլ վերածվել են սպիտակ կռունկների»։ Պատերազմից էլի շատ տարիներ անց ֆիլմի համար գրված «Վերջին մարտ» երգը, մի տողով, ընդամենը մի տողով՝ «А я в Россию, домой хочу, Я так давно не видел маму!» դառնում է համաժողովրդական ու իմացված։

Ատելության մեջ թաթախված սովետական պետության մեջ, միլիոնավոր կյանքեր խլած արյունահեղ պատերազմի մասին ստեղծել են մարդկային երգեր, որոնց մեջ եթե լիներ ռազմաշունչ մի քանի տող, ատելություն, ժամանակի այդ հատվածում գուցե, բայց հետո, երբ տասնամյակների ընթացքում ատելությունը խամրեր ու ռազմական տեխնիկայի անհասանելի բարձունքների մասին լեգենդը մի օր հօդս ցնդեր՝ երգը կկորչեր՝ կորցնելով կարևորի մասին ասելիքը։ Իսկ «Ես այնքան վաղուց չեմ տեսել մորս»-ը հնանալ չի կարող, ու չէր կարող ժամանակավրեպ լինել «Իսկ ես Ռուսաստան՝ տուն եմ ուզում»-ը։

Ինչի համար եմ գրում ռուսական պատերազմական երգերի մասին։ Ամենևին արյունահեղ պատերազմում հաղթանակի տարեդարձը չէ պատճառը։ Գիտե՞ք, մենք մեր պատերազմի մասին գոնե երեք այդպիսի երգ չունենք։

Իսկ Ղարաբաղ գնում էին կամավոր, վստահ, գիտակցված։ Այդ պատերազմում շատ հետաքրքիր բաներ են կատարվել, բացի պատերազմից ու մահից։ Ոչ մի խորաթափանց երգ, ոչ մի պատմություն երգի միջոցով չի մնացել քառամյա պատերազմից՝ համարյա այնքան, ինչքան սովետականը։

Գիտնական տղաներ են գնացել՝ թողած իրենց գիտական աշխատանքները, բժիշկներ են դաշտային հիվանդանոցներում եղել, արկածախնդիր ջահելներ են գնացել, որոնք չգիտեին՝ ուր են գնում, կանայք բուժքույր են եղել արյան մեջ կորած անտառներում, մարդիկ են եղել, որոնք պատերազմի մարդիկ չէին ու գժվում էին այդ անսպասելի իրականությունից, բայցև ամաչում էին հետ գալ։ Իսկ մենք երգ չունենք։

Ինչքան փորձեցի հիշել՝ մտքիս միայն Ռուբեն Հախվերդյանի «Կարմիր կակաչներն» եկան, ու մի երգ Գետաշենի մասին։ Մեկ էլ՝ «Գանձասարը»։

Կա երգի ստացված լինելու մի ցուցանիշ՝ եթե այն գիտեն բոլորը ու ձայնակցում են կատարման ժամանակ, բայց դա անում են, ոչ որովհետև շատ են լսեցրել, այլ որովհետև հուզում է։ Չենք ստեղծել այդպիսի երգ։ Ինչի՞ց է։

Փորձեցի մի քանի պատճառ բերել մտքում՝ առանց ներքին ցենզորի։ Չէ, այդպես չէ։ Մերն էլ էր համաժողովրդական ու գոնե նրանց համար, ովքեր գնում էին կամավոր, հաստատ համաժողովրդական էր։

Ուրի՞շ։

Միգուցե մենք կռիվը միայն ատելության ու մահի տեսանկյունից ենք նայում, ինչը նույնպես բնական է ու ճիշտ, բայց երգի բառերի հեղինակը երգը կռվի ժամանակ չի գրում, «Գրադի» կրակահերթի տակ չի գրում, ընկերոջ արյան մոտ նստած չի գրում։ Ինքը հետո է գրում, երբ այդ մասին պատմում է, իսկ պատմելիս էլ չես ատում՝ ափսոսում ես, կարոտում ես, ուզում ես մի բանով մնայուն դարձնես գնացածին։

Մենք երևի ատելությունն արհեստական պահում ենք, իսկ արհեստական, արդեն տարիների հեռվից սառեցված ատելությունը իսկական չէ։ Տարիների հեռվից պահած սերը, կարոտը, հուշը միշտ իսկական են։

Այդ մասին է պետք գրել, ու երգեր կունենանք մեր ընկերների, անհավանական լավ տղաների, նրանց թուլությունների, վերջին ուրախ ծիծաղի ու սրամտության, առած ու հագնել չհասցրած նոր ջինսի մասին։

Իսկ մենք էլի ատում ենք արհեստական, վեր ենք կենում, բարձրանում սարերը, իջնում ձորերը, ահ սփռում երգով։ Ատելությունը թարմ պիտի լինի գոնե, որ հնչի։

Ժամկետանց ատելությունը անհավես տակտ է։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am