Պաշտպանը տարբերակված մոտեցում է ցուցաբերում իր հայտարարություններում, ինչը անթույլատրելի է և նշանակում է տուրք տալ ծայրահեղական խմբավորումներին․ Սաքունցը դիմել է Թաթոյանին

Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«ՄԻՊ-ի իրավապաշտպանների այսօրվա հայտարարությունում այդպես էլ մեկ բառով անգամ անդրադարձ չկար Բաց հասարակության հիմնադրամների գրասենյակի դեմ նոյեմբերի 9-ի գիշերը կատարված հարձակմանը, որոնք ուղեկցվում էին ատելության, թշնամանքի, ֆիզիկական սպառնալիքների արտահայտություններով։

Նման տարբերակված մոտեցումը ՄԻՊ-ի կողմից ոչ միայն անթույլատրելի է, այլև նշանակում է տուրք տալ ամիսներ շարունակ ծայրահեղական, հետադիմական, ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքների դեմ հրապարակավ հանդես եկող խմբավորումներին։

Հայաստանի Հանրապետությունում տասնյակ տարիներ մարդու իրավունքների պաշտպանությանը, հաշվետու և թափանցիկ կառավարման ձևավորմանը աջակցությունը ցուցաբերած և ցուցաբերող ԲՀՀ Հայաստանի գրասենյակի, նաև գործընկեր կազմակերպությունների` Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստանի գրասենյակի, Կանանց ռեսուրսային կենտրոն, Ասպարեզ լրագրողների ակումբի և չհիշատակված այլ կազմակերպությունների նկատմամբ ամիսներ տևող անպատիժ հարձակումները, թիրախավորումները, կեղծ ու ապատեղեկատվությամբ ատելության, թշնամանքի մթնոլորտի հրահրումը անտեսելով, լռության մատնելով, ՄԻՊ-ը դառնում է նման գործողություններ կատարողների սատարողն ու աջակիցը։

Ցավալի է, որ նման հարձակումների ենթարկվող, տուժող` ԲՀՀ -ի հետ համագործակցող որոշ կազմակերպություններ ու նրանց ներկայացուցիչներ ոչ թե հակադարձում են, այլ նույնիսկ չնկատելու են տալիս ՄԻՊ-ի այսօրվա իբր թե իրավապաշտպան կազմակերպություններին աջակցող, սատարող Հայտարարության ակնհայտ խտրական, ձևական և մակերեսային մոտեցումը։

Մենք նման աջակցության կարիքը չունենք` մեր գործընկերներին անտեսելու գնով։Պարոն Arman Tatoyan , մեր կազմակերպության անվանումը հեռացրեք Ձեր այսօրվա Հայտարարության տեքստից»։