«Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ «Այգեձորի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրենը 2014-2017թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը և իրականացնելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, նախապես տեղյակ լինելով, որ նույն ՀՈԱԿ-ի մի քանի աշխատակիցներ չեն հաճախում աշխատանքի և չեն իրականացնում հրամանով նախատեսված իրենց գործառույթները, նրանց փոխարեն նույն գործառույթն իրականացրել են այլ անձինք,  անձնական այլ դրդումներով ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելով կազմել, կնքել և ստորագրել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր՝ աշխատակիցների անվան դիմաց կատարելով աշխատաժամանակի հաշվարկ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով (5 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը, ուղարկվել դատարան: