Հաշվի առնելով նոր իրողությունները, թերևս ժամանակն է հրապարակել նախորդ 26 տարիների ղարաբաղյան բանակցային փաստաթղթերի բնօրինակների ողջ փաթեթը․ Արսեն Խառատյան

Հասարակական գործիչ Արսեն Խառատյանը արձագանելով ղարաբաղյան բանակցությունների մասին ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հոդվածին, իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Գաղտնազերծել բանակցային բոլոր փաստաթղթերը, կամ` լռելԱրցախյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի միջոցով արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կողմից` ՀՀ Վարչապետի պաշտոնական կայքում հրապարակած հոդվածին:

Պոպովը պնդում է, թե Փաշինյանը փաստեր է խեղաթյուրում` մանրամասներ ներկայացնելով ընդհուպ մինչեւ 2019-ի հունիս ամսին կողմերին ներկայացված առաջարկությունների վերաբերյալ: Մի կողմ թողնենք ռուսաստանցի դիվանագետի մոտիվներն ու դրա էթիկական հատվածը. Ի՞նչ պետք է անենք մենք:Ինչպես գիտենք, 1994-ից ի վեր, արցախյան բանակցային ողջ գործընթացը վարվել է գաղտնիության սկզբունքով:

Դրանց որոշ հատվածներ ոչ պաշտոնական խողովակներով հրապարակվել, կամ` գաղտնազերծվել են ներկա ու նախկին պաշտոնյաների, Մինսկի խմբի համանախագահների, փորձագետների ու լրագրողների կողմից: Արցախյան բանակցային գործընթացը` Քի Վեսթից մինչեւ Մադրիդյան սկզբունքներ, Կազանի փաստաթուղթ եւ անդին, տարբեր փուլերում իր մի շարք հոդվածներում հրապարակել է իմ գործընկեր Tatul Hakobyan-ը` ANI Armenian Research Center կայքում, սակայն դրանք երբեք պաշտոնական փաստաթղթեր չեն եղել:

Իրենց պաշտոնավարման ընթացքի բանակցային տվյալներ են հրապարակել արտգործնախարարներ Վարդան Օսկանյանն ու Էդուարդ Նալբանդյանը, մինչդեռ 90-ականների բանակցությունների մանրամասնություններին մեծամասամբ առնչվում ենք պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մենագրությունների, հոդվածների, հարցազրույցների ու ելույթների միջոցով: Ցավոք, սակայն, այս մասով եւս բնօրինակները սակավաթիվ են:

Հաշվի առնելով ստեղծված նոր իրողությունները, թերեւս ժամանակն է հրապարակել նախորդ 26 տարիների բանակցային փաստաթղթերի բնօրինակների ողջ փաթեթը, որոնք պետք է գտնվեն գործող քաղաքական մեծամասնության տնօրինության ներքո:

Այսպիսով, նախ` հստակեցումներ կմտցվեն ներհայաստանյան հանրային-քաղաքական դաշտում, եւ ապա կկանխվեն ապագայի ներքին ու արտաքին հնարավոր նոր շահարկումները: Մեր երկրի ու ժողովրդի համար այս լրջագույն մարտահրավերների շրջանում գործող պետական բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հասկանան, որ կամ` ամբողջական ծավալով լույս են սփռում անցյալի անգամ ամենածանր իրողությունների վերաբերյալ, կամ` դադարեցնում են մասնակի ներկայացնել պաշտոնական փաստաթղթերը, որոնք խորացնում են ճգնաժամն ու ավելացնում վտանգները»: