Ռուսաստանը ևս  շահագրգռված է խաղաղության հարցում, որքան ԱՄՆ-ն, պարզապես այն խաղաղությամբ, որն ինքը կկառավարի. Հակոբ Բադալյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարն ասել է, որ «հապճեպ պատրաստված, հում խաղաղության պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին: Ընդհակառակը՝ այն հետագա կոնֆլիկտների ու ողբերգությունների հիմք կդառնա»: Ձեր դիտարկմամբ՝ սա իրատեսակա՞ն մտահոգություն է, թե՞ այս հայտարարությունը պետք է դիտարկել Արևմուտք-Ռուսաստան հակամարտության համատեքստում:

– Բնականաբար, այդ դիվանագիտական հայտարարություններն արտահայտվում են սեփական երկրի շահերից բխող մղումներով, բայց դրանց համատեքստում, իհարկե, գնահատելի է այն բովանդակությունը, ինչ շոշափվում է, և պետք է հասկանանք՝ այդ բովանդակությունը համարժե՞ք է իրականությանը, թե՞ ոչ: 

Այս թեմային ես բազմիցս եմ անդրադարձել այն առումով, որ խաղաղությունը կամ արդյունավետ գործընթացը դեպի խաղաղություն էապես կախված է նրանից, թե որքանո՛վ է այն հավասարակշռված: Եթե չկա հավասարակշռված գործընթաց, դա չի կարող բերել խաղաղության: Դա նշանակում է միակողմանի պայմանների վրա կառուցված ինչ-որ պատկեր, որը պարտադրված խաղաղություն է, հետևաբար այն ցանկացած պահի ենթակա է պայթյունի կա՛մ արտաքին, կա՛մ ներքին որևէ մանիպուլյատիվ ազդեցության հետևանքով, որը կարող է լինել ինչ-որ աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից բխող որևէ գործողություն: 

Այս տեսանկյունից ի՞նչ է նշանակում «հապճեպ» պայմանագիր. այսօրվա դրությամբ, հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժերի բալանսը, ես նկատի չունեմ միայն զուտ ռազմական ուժը, ու նրա էական խախտվածությունը, ցավոք, ոչ հօգուտ Հայաստանի, սա նշանակում է անհավասարակշռված պայմանագիր, այսինքն՝ պայմանագիր, որում արտահայտվում են գերազանցապես Ադրբեջանի պայմաններն ու մոտեցումները, եթե ոչ բացարձակ իմաստով, ապա ճնշող գերակայությամբ:

Սա նշանակում է, որ դա ամենևին էլ խաղաղություն չէ, դա Հայաստանին պարտադրված ինչ-որ իրավիճակ է, որն արդեն ենթակա է լինելու որևէ կայծից վերստին բռնկվելու, իսկ քանի որ հիմա շատ մեծ պայքար է աշխարհակարգային դիրքերի ու տեղերի համար, ապա այս անկանխատեսելի միջավայրում այդ անհավասարակշռված խաղաղությունը ցանկացած պահի ենթակա է լինելու բռնկման: 

– Իսկ Գոնչարի հետևյալ միտքը, որ «Արևմուտքի երկրները կեղտոտ մեթոդներով շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ տրամադրելով Ռուսաստանի դեմ» հիմքեր ունի՞, ըստ ձեզ:

– Խնդիր դրված չէ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փչացնել, խնդիրը Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելն է: Այդ համատեքստում միջոցներից մեկը կարող է դիտվել, այո՛, Հայաստանում հակառուսական տրամադրվածության խորացումը, առավել ևս, որ դա բավական արդյունավետ գործիք է նաև հենց Ռուսաստանի քաղաքականությունից ելնելով, այսինքն՝ Ռուսաստանն ինքն է իր քաղաքականությամբ, առավել ինտենսիվ՝ վերջին տասնամյակում, ստեղծել այդպիսի նախադրյալներ, որով իր աշխարհաքաղաքական ցանկացած մրցակից կարող է այդ հակառուսական քարոզչությունն իրականացնել: 

Նպատակը, արդեն ասացի՝ Ռուսաստանի դիրքերի թուլացումն է Կովկասում, այլ ոչ թե, ինչպես ծայրահեղացնում են, Կովկասից նրան դուրս մղելը: Փորձում են այդ կերպ Ռուսաստանին սեփական գործակցության դաշտ բերել, որպեսզի նաև այդ բալանսավորման մեխանիզմն աշխատի՝ Իրան, Թուրքիա, նաև Չինաստանի հաշվարկով, և այս տեսանկյունից Ռուսաստանի ներկայությունը, այդուհանդերձ, իմ գնահատմամբ, պետք է ԱՄՆ-ին: Պարզապես հարցն այն է, որ այդ ներկայությունն իրենց համար լինի կառավարելի, իրենք սահմանեն այդ ներկայության պայմանները և այլն: 

Ու երբ ռուսները խոսում են «հապճեպ» պայմանագրի աննպատակահարմարությունից, նրանց հոգսն էլ, բնականաբար, առաջին հերթին այն չէ, որ դա «հեղհեղուկ» պայմանագիր կարող է լինել, այլ այն, որ գերազանցապես Ադրբեջանի պայմանները բավարարող խաղաղության պայմանագիրը լինելու է այն գործոններից մեկը, որը թուլացնելու է Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում: 

Ռուսաստանը պակաս շահագրգռված չէ խաղաղության հարցում, որքան ԱՄՆ-ն, պարզապես նա շահագրգռված է այն խաղաղությամբ, որն ինքը կկառավարի, ինչպես որ Նահանգներն է շահագրգռված իրենց կառավարման ներքո ձևավորվելիք խաղաղությամբ: 

– Պարո՛ն Բադալյան, իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի այդ պայմանագիրը արտահայտի նաև Հայաստանի շահերը:

– Սա առաջին հերթին կախված է նրանից, թե Հայաստանն ինչքա՛ն կամք ու ուժ ունի իր շահերը ներկայացնելու: Այստեղ կրկին պետք չէ պատկերացնել միայն ուժային գործոնը. ուժ ասվածը նաև պետք է ենթադրի դիվանագիտական հմտություններ, ինչը նաև չափազանց կարևոր գործոն է, որովհետև այսօր ակնհայտ է, որ Հայաստանը միայն ֆիզիկական ուժի տեսանկյունից չունի իր շահերն արդյունավետ սպասարկելու մեծ հնարավորություն: Սրան պետք է փոխարինելու գա դիվանագիտական արդյունավետ մտքի ուժը ու դրա շնորհիվ ընդհանրապես հայկական սփյուռքի ռեսուրսն այդ նպատակին ծառայեցնելու կարողությունը, որովհետև սա ևս պահանջում է մտավոր ներուժ: 

Մենք գիտենք, որ սփյուռքը շատ բարդ, բազմազան է իր կառուցվածքով, տարբեր վերաբերմունք ունի Հայաստանի քաղաքական իշխանության հանդեպ, բայց պահանջվում է այդ մտավոր ուժը և հմտությունը այդ ամեն ինչից վեր մի ընդհանուր ռեսուրս ձևավորելու և այդ ռեսուրսով աշխատանք կատարելու համար: Սա է Հայաստանի հնարավորությունը՝ խուսափել պարտադրվող պայմաններից, որոնց ձգտում է Ադրբեջանը՝ օգտվելով նաև ԱՄՆ-ի ու Ռուսաստանի դիմակայությունից: Հիմա, որքան Հայաստանը կհաջողի այդ հարցում՝ այդքան էլ հաջողակ կլինի խաղաղության պայմանագրի՝ իր շահերը սպասարկելու հարցում: 

Փոքր-ինչ օգտակար կարող է լինել այն, որ, այդուհանդերձ, ռուսներն ու ամերիկացիները, մրցակցելով, հակակշռում են միմյանց, ու դա հեռացնում է խաղաղության պայմանագրի հավանականությունը, այն պայմանագրի, որն ավելի շատ կլինի պարտադրված, քան Հայաստանի շահերով հավասարակշռված: 

Բայց խնդիրն այն է, որ գործընթաց, այդուհանդերձ, կա, ու եթե այդ գործընթացում չկարողանանք մեր շահերը սպասարկել, անկախ նրանից՝ պայմանագրի ստորագրումը մոտ է, թե հեռու, մենք կարող ենք պարզապես ավելի բարդ վիճակում հայտնվել այն ժամանակ, երբ կլինի արդեն որևէ պայմանագիր ստորագրելու անհրաժեշտություն: Սրա համար էլ շատ կարևոր է, թե այսօր իսկ մենք ինչպես ենք սպասարկում մեր շահերը դիվանագիտության դաշտում:

– Իսկ ինչպե՞ս ենք հիմա սպասարկում մեր շահերը:

– Կարծում եմ, որ մենք հիմա ունենք լուրջ խնդիրներ, ու դրանք որքան էլ օբյեկտիվ են, նույնքան նաև որոշակիորեն սուբյեկտիվ են՝ արդեն մեր ներքին իրողություններից կախված: Նկատի ունեմ ոչ միայն ներհայաստանյան, այլ նաև ներհայկական, որովհետև, իմ գնահատմամբ՝ մենք բավարար արդյունավետությամբ չենք օգտագործում նաև սփյուռքի ներուժը: 

Ուզում եմ այստեղ հետևյալը ընդգծել. հաճախ սփյուռք ասվածը պատկերանում է մի մոնոլիտ մարմին, որի դեմ խաղ չկա և այլն: Միֆական պատկերացումների մասին չէ խոսքը. ֆրանսիական սփյուռքն ունի մի ներուժ, որը կարող ենք օգտագործել մի նպատակի համար, իսկ, ենթադրենք՝ Մերձավոր Արևելքի հայությանը ինչ-որ ձևով օգտագործել այլ նպատակի համար, այսինքն՝ ապակենտրոն օգտագործման մասին եմ խոսում, որովհետև սփյուռք որպես այդպիսին մոնոլիտ կառույց չկա, բայց սա առավելևս պահանջում է մեծ հմտություն: Ես այսօր տեսնում եմ խնդիր այդ հմտությունների ու լրջմտության հարցում թե՛ իշխանության մակարդակում, թե՛, ցավոք սրտի, մնացյալ քաղաքական դաշտի:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am