Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքները նվազել են 32․1 տոկոսով, գները իջել. Ըստ մասնագետի՝ «հիմա գործարք անելը հերոսություն է դարձել»

Լուսանկարը՝ Akcern.am

Հայաստանում անշաժ գույքի շուկայում ակտիվությունը  նվազում է։ Կադաստրի կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվարի անշարժ գույքի շուկայի վերլուծությունը։ Ըստ այդմ՝ հունվարին նախորդ տարվա նույն ամսի համեմատ նվազել են և՛ ընդհանուր, և՛ առքուվաճառքի, և՛ վարձակալության գործարքները։

Անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքներն այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել են 22.4 տոկոսով՝ կազմելով 8419։

Անշարժ գույքի նկատմամբ իրականացված առքուվաճառքի գործարքներն այս տարվա հունվարին նախորդ տարվա հունվարի համեմատ նվազել են 32.1 տոկոսով։ Ընդ որում, միայն Երևան քաղաքում առքուվաճառքի գործարքները նվազել են 35.9 տոկոսով։ 

Անշարժ գույքի նկատմամբ օտարման գործարքները ևս նվազել են․ եթե նախորդ տարվա հունվարին իրականացվել էր 4519 օտարման գործարք, ապա այս տարվա հունվարին այդ թիվը կազմել է 3011։

Հողի վաճառքի գործարքները 2021 հունվարին կազմել են 982, իսկ 2020 թվականի հունվարին՝ 1506։

Չնայած վարձակալության շուկայում աշխուժություն էր նկատվում՝ պայմանավորված Արցախից Հայաստան տեղափոխված անձանց կողմից բնակարաններ վարձակալելու գործոնով, սակայն պաշտոնական տվյալներով՝ այստեղ ևս նվազում կա։

Անշարժ գույքի վարձակալության գործարքներն այս տարվա հունվարին 2020-ի հունվարի համեմատ նվազել են 35.6 տոկոսով։ Ընդ որում, հունվարին վարձակալության գործարքները Երևանում նվազել են 49.2 տոկոսով։

Silver Rea անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնում է շուկայում տեղի ունեցող զարգացումներին։

Մասնագետի խոսքով՝ անշարժ գույքի շուկան շատ աշխույժ է եղել 2019 թվականին՝ նախքան կորոնավիրուսի համավարակը։ COVID-ով պայմանավորված սահմանափակումների պայմաններում շուկայում պասիվություն էր սկսվել։ Երբ սահմանափակումները թուլացվել էին, շուկայում դարձյալ աշխուժություն էր սկսվել։ Սակայն պատերազմի հետևանքով դարձյալ շուկայի վիճակը վատթարացել էր։

«Պատերազմից հետո մոտ 2 ամիս շատ պասիվ էր շուկան, այս վերջին մեկ ամսում ինչ-որ չափով ակտիվություն կա։

Բայց հիմնականում վաճառվում են այն բնակարանները, որոնց գները սեփականատերերն էականորեն իջեցնում են։

Բայց այս ակտիվությունը մենք համեմատում ենք պատերազմից հետո ժամանակաշրջանի հետ։ Այն բնակարաններն են վաճառվում, որոնց գները բավական զեղչվում են»,- ասում է Անդրանիկ Հարությունովը։

Նրա խոսքով՝ անշարժ գույքի երկրորդային շուկայում պասիվությունը մեծ է։ Առաջնային, այսինքն՝ նորակառույցների շուկայում ևս պասիվություն կա, բայց այն մեծ չէ։

Դա մի քանի գործոնով է պայմանավորված։ Նախ՝ եկամտահարկի վերադարձն է խթանում առաջնային շուկայի զարգացումը։

Մյուս գործոնն այն է, որ Երևանում կառուցապատումը մեծ ծավալների էր հասել, նախագծերը հաստատվել էին, ամեն դեպքում այդ շենքերը պետք է կառուցվեին։ Կառուցապատողների միջև մրցակցություն է առաջանում, ինչն էլ նպաստում է, որ լավ գներ ձևավորվեն։

«Օրինակ՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում մարդը հին շենքում կարող է բնակարան ձեռք բերել մեկ քմ-ն 1200 դոլարով, իսկ նորակառույցում շատ հնարավոր է նմանատիպ բնակարան ձեռք բերել մեկ քմ-ն 850 դոլարով, չնայած մեկ կամ մեկուկես տարի պետք է սպասել շինարարության ավարտին։

Դրա համար առաջնային շուկան մի քիչ ավելի գրավիչ է դարձել գնորդների համար, քան երկրորդայինը։ Բայց, համեմատած նախկին տարիների հետ, առաջնային շուկայում էլի պասիվություն կա»,- ասում է մասնագետը։

Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ գործարքների թվերն էապես նվազել են։ «Հիմա գործակալությունների համար մի քանի գործարք անելը հերոսություն է դարձել»,- հավելում է նա։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ կանխատեսումներ կան, շուկայում իրավիճակն ավելի՞ է վատթարանալու, Հարությունովն ասում է․ «Շուկան շատ զգայուն է։ Պատերազմը, covid-ը, դոլարի կուրսը մեծ ազդեցություն են գործել շուկայի վրա։ Հայաստանում, չգիտես ինչու, մեր քաղաքացիները բնակարանի գինը դոլարով են որոշում։

Դոլարի կուրսն էական չափով բարձրացել է, դա էլ է ազդել շուկայի վրա։ Նաև մեր քաղաքական վիճակն է ազդում անշարժ գույքի շուկայի վրա։

Ես մոտ 10 տարի է՝ այս ոլորտում եմ աշխատում, նախկին տարիներին էլ, երբ ինչ-որ իրադարձություններ էին լինում երկրում, որոնք լայն հնչեղություն ունեին, ազդում էին շուկայի վրա։ Իմ կանխատեսումներով՝ անշարժ գույքի գներն ավելի կնվազեն, առքուվաճառքը՝ ևս»։

Ըստ մասնագետի՝ անշարժ գույքի գնորդների մեծ մասը դա որպես ներդրում է համարում։ Եթե ինչ-որ մի տեղ անկայուն վիճակ, անորոշություն է, մարդիկ զգուշանում են այնտեղ ներդրումներ անելուց։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am