Պատերազմի հետևանքով վնասվել և մասամբ ադրբեջանական վերահսկողության տակ են անցել Արցախի մի շարք ենթակառուցվածքներ, պետք է վերանայել ջրամատակարարման որոշ ծրագրեր․ Արայիկ Հարությունյան

Հեղինակ MediaLab

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հանրապետության բնականոն կյանքի վերականգնումը Կառավարության գերակա նպատակներից է, և անհրաժեշտ է արագ ու արդյունավետ լուծումներով վերացնել պատերազմական հետևանքները:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ պատերազմի հետևանքով վնասվել և մասամբ ադրբեջանական վերահսկողության տակ են անցել Հանրապետության մի շարք ենթակառուցվածքներ, այդ իսկ պատճառով հարկ է վերանայել ջրամատակարարման որոշ ծրագրեր ու ցանցեր։ Այդ համատեքստում նախագահը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հնարավորինս կարճ ժամկետում մշակել նոր ծրագրեր՝ գործող ենթակառուցվածքների վերանորոգման, նոր ջրագծերի և ոռոգման համակարգերի կառուցման, ինչպես նաև ոլորտի տեխնիկական վերազինման ուղղությամբ՝ նախատեսելով և՛ բյուջետային, և՛ արտաբյուջետային միջոցների ներգրավում։
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ գործադրվելու են գործուն ջանքեր առաջիկա երեք տարիների ընթացքում բոլոր բնակավայրերում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու ուղղությամբ:

Անդրադառնալով սակագների քաղաքականությանը՝ Արայիկ Հարությունյանը հիշեցրել է, որ պետությունը մեկ տարվա ընթացքում շարունակելու է փոխհատուցել քաղաքացիների կոմունալ, այդ թվում՝ ջրամատակարարման ծառայությունների դիմաց վճարները՝ որոշակի ծավալներով։

Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել պետական լիազոր մարմիններին՝ ջրային ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների արագ կազմակերպման ու հետագա ծրագրերի հստակեցման ուղղությամբ:

Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր հրավիրել եմ աշխատանքային խորհրդակցություն՝ խմելու և ոռոգման ջրերի կառավարման խնդիրների ու բարեփոխման ծրագրերի շուրջ:

Posted by Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan on Friday, January 15, 2021