Ցրտահարությունից մահացության դեպք, այնուամենայնիվ գրանցվեց Գյումրում․ Վահան Թումասյան

«Շիրակի կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքի էջում գրել է․

«Այսօր գրանցվել է ցրտահարությունից մահացության, առնվազն ինձ հայտնի առաջին դեպքը:

Միայնակ բնակվող, տնակի հասցեով հաշվառում ունեցող 70 ամյա տարեց կին՝ Շ. Գ.-ն: Անկեղծ ասած ես սկզբունք էի դրել, որ ամեն ինչ անելու էինք, որպեսզի ցրտահարության դեպքեր այս տարի ևս չգրանցվեն Գյումրիում, բայց ավաղ…:

Մանրանասները ներկայումս ճշտում ենք, պարզապես նրա հաշվառման հասցեով ոչ մեկը մեզ վառելափայտ ստանալու խնդրանքով չի դիմել, չուներ նաև իր անունով էլեկտրաէներգիայի սպառողի կոդ, հնարավոր է փաստացի չի բնակվել այն հասցեում, որտեղ հաշվառված է եղել:

Ինչևիցե տարեց կնոջը Գյումրու քաղաքապետարանի կողմից այսօր հողարկավորեցին «Շիրակ» գերեզմանոցի այն վայրում, որը հատուկ նախատեսված է անօթևան և խնամքից դուրս մնացած հանգուցյալների համար»,- նշված է գրառման մեջ: