ԼՀԿ-ն իշխանությունից պահանջում է բացատրություն տալ համացանցում շրջանառվող, որպես հուշագիր ներկայացվող փաստաթղթի վերաբերյալ

 ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը իշխանությունից պահանջում է բացատրություն տալ համացանցում շրջանառվող՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավանական հուշագրի տեքստի վերաբերյալ, պարզաբանել՝ նման հուշագիր իրականում գոյություն ունի, թե ոչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան»-ից  Տարոն Սիմոնյանը:

«Համացանցում հրապարակվել էր ինչ-որ հուշագրի տեքստ, որն ուղղակիորեն վերաբերում էր թե Արցախին, թե Սյունիքին: Դա պարզվում է, որ գաղտնի կնքվել է դեռ դեկտեմբերին և հարաբերություններ է կարգավորել մինչև դեկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածի հետ կապված: Մենք իշխանությունից պահանջում ենք՝ հոդաբաշխ ձևով բացատրություն տալ, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց Սիմոնյանն ու նկատեց, որ հրապարակված փաստաթղթում միայն տեքստն է, չկա ստորագրություն՝ հայկական կողմից, և իրենք չգիտեն, թե դա ինչ ուժ ունեցող փաստաթուղթ է: Սիմոնյանը նշեց՝ եթե դա իսկապես ստորագրված լինի Հայաստանի գործադիր իշխանության որևէ ներկայացուցչի կողմից, ապա իրավունքի կոպիտ խախտմամբ փաստաթուղթ է:

Այսպիսով, համացանցում շրջանառվող տեքստը ԼՀԿ-ի մոտ մտահոգություն է առաջացրել, նրանք մտածում են, որ դա հնարավոր է, որ իրական լինի, ուստի դրա համար իշխանությունից պահանջում են անհապաղ բացատրություն տալ: «Թող հերքեն, ասեն, որ նման տեքստ գոյություն չունի»,-ասաց նա:

Համացանցում շրջանառվում է մի տեքստ, որը, ըստ ոչ պաշտոնական հրապարակումների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 6 կետից բաղկացած հուշագիր է՝ Սյունիքի հատվածում ճանապարհի որոշ հատվածների շահագործման հետ կապված: