«Ռուսաստանն այսօր լրջագույն ճգնաժամի մեջ է, և հասկանալի չէ, թե ինչո՛ւ Հայաստանը պետք է Պուտինի հետևից գնա գերեզման». քաղաքագետ

«Ռուսաստանն այսօր լրջագույն ճգնաժամի մեջ է, և հասկանալի չէ, թե ինչո՛ւ Հայաստանը պետք է Պուտինի հետևից գնա գերեզման». քաղաքագետ
«Ռուսաստանն այսօր լրջագույն ճգնաժամի մեջ է, և հասկանալի չէ, թե ինչո՛ւ Հայաստանը պետք է Պուտինի հետևից գնա գերեզման». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։

– Պարո՛ն Մեհրաբյան, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 2019-ին ՀՀ-ԵՄ համաձայնագիրը դժվար վավերացվի։ Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված սա, ո՞րն է այս ձգձգման իրական պատճառը։

– Իրական պատճառն այն է, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, և դրանով պայմանավորված ընդհանրապես փոփոխվել է Հայաստանի կարգավիճակը։ Փոխվել է Հայաստանում ներքին պրոցեսների տրամաբանությունը, դա բերել է Հայաստանի արտաքին քաղաքականության իմաստի ու փիլիսոփայության փոփոխության, հետևաբար, սա բերել է մի իրավիճակի, որ հինը չկա, իսկ նորը պարզ չէ, թե ինչ է։ Եվրոպացիները, իմ կարծիքով, որոշակի թայմաութ են վերցրել կամ կվերցնեն։ Չի բացառվում է, որ այս մտահոգությունները նաև չափազանցված են, կապրենք՝ կտեսնենք։ Դեռևս հունվարն է, իսկ այս համաձայնագիրը ԵՄ երկրների խորհրդարանների օրակարգում կա։

– Կա դիտարկում, որ ՀՀ նոր իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը Հայաստանին նետված փրկօղակ է, ինչպես նախորդ իշխանությունը չէր հասկացել, որ 2014 -ի մայիսին ԱՄՆ-ի հետ ստորագրված ներդրումների և առևտրի շրջանակային համաձայնագիրն էր փրկօղակ էներգետիկ և այլ տարբեր քաղաքականությունների դիվերսիֆիկացման համար։ Կիսո՞ւմ եք այդ տեսակետը։

– Ես հարցին մի քիչ այլ կերպ եմ նայում։ Ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, ապա, այո՛, դա փրկօղակ էր, և նախկին իշխանությունները, այնուամենայնիվ, հասկացան դա։ Իրենք էին նախանձախնդիր ձևով արագացնում գործընթացը և հորդորում եվրոպացի գործընկերներին հնարավորինս արագ գործարկելու Հայաստան-ԵՄ պայմանագրի գլխավոր դրույթները։

Ի դեպ, ասեմ, որ պայմանագիրը ներկայումս հիմնական մասով աշխատում է, սակայն ամբողջությամբ աշխատելու համար, այո՛, վավերացումը պետք է։ Ինչ վերաբերում է նոր իշխանություններին, սա ոչ թե փրկօղակ է, այլ լավ բազա է հարաբերությունները խորացնելու համար, որովհետև ներկայիս իշխանությունները հայտարարել են փաստացի արտաքին քաղաքականության և արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին։

Այդ իմաստով այս պայմանագիրը ոչ թե փրկօղակ է, այլ լրջագույն բազա է, որ գնում է եվրոպական ուղղությամբ, այդ դիվերսիֆիկացումը տեղի կունենա ի շահ և՛ եվրոպական և՛ հայկական պետության։ Այլ հարց է, որ վերջին յոթ ամիսների ընթացքում նոր իշխանությունը, նոր կառավարությունը, որ դե ֆակտո ժամանակավոր կառավարություն էր և գործում էր անխուսափելիորեն նախընտրական տրամաբանության մեջ, ուղղակի զբաղված լինելով ներքին հարցերով և Ռուսաստանի կողմից մեծ վտանգի չեզոքացման աշխատանքներով, այս ուղղությամբ, այո՛, ռեսուրսը չէր բավարարում լիարժեքորեն զբաղվելու համար։

Այլ է պարագան հիմա։ Առաջիկա օրերին կձևավորվի նոր կառավարություն և այլևս նախընտրական տրամաբանությունից դուրս կառավարություն, և նրանք և՛ ժամանակ, և՛ ռեսուրս ունեն այդ ամենը արագորեն կյանքի կոչելու։ Հիմա շատ անհրաժեշտ է նոր ռեստարտ ԵՄ-ի հետ երկխոսություն սկսելու, և շատ կարևոր են փոխադարձ պաշտոնական այցերը գործընթացն արագացնելու համար։ Եվ չեմ կարծում, որ այստեղ խոչընդոտ կա և կարող է լինել։

– Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ իրենք հստակ նախանշել են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, որը ըստ էության չի տարբերվի նախկինից։ Կարծում եք՝ եվրոպացի գործընկերների համար Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի հարցում դեռ հստակություն մտցնելու կարիք կա՞։

– Ես կարծում եմ՝ այն, ինչ ասվել է, ասվել է տվյալ պահի համար, և դա չի նշանակում, որ ասել են, քարի վրա փորագրել և այդպես անփոփոխ շարունակվելու է։ Ի վերջո, մենք տեսնում ենք, որ Հայաստանի շուրջ իրավիճակը շատ դինամիկ է փոխվում։ Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանն այսօր լրջագույն ճգնաժամի մեջ է, և որևէ հնարավորություն չկա, որ այդ ճգնաժամն ինչ-որ ձևով կհանգուցալուծվի, մինչև Պուտինը չմահանա կա՛մ քաղաքականապես, կա՛մ ֆիզիկապես։ Հետևաբար, ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե ինչո՛ւ Հայաստանը պետք է Պուտինի հետևից գնա գերեզման։ Ես վստահ եմ, որ այս ամենը հասկանում է այն շրջանակը, որը կոչվում է պաշտոնական Երևան։

– Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փայլուն է գնահատում։ Մյուս կողմից՝ Ռուսաստանը գազի գինն է բարձրացնում սահմանին։ Ի՞նչ վիճակում են հայ-ռուսական հարաբերությունները։

– Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին առանձին անդրադառնալու կարիք կա։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը փորձում է Հայաստանի ամբողջ ռեսուրսը հողանցել իր հետ իբր հարաբերությունների հստակեցման վրա, որպեսզի Հայաստանում ուղղակի խափանվեն բոլոր հնարավոր բարեփոխումները, որովհետև այն չարորակ ուռուցքը, որը ներկայացնում է «Գազպրոմը» Հայաստանի օրգանիզմում, բնականաբար թույլ չի տալու որևէ արմատական փոփոխություն։ Այդ դեպքում Հայաստանն ունենալու է տնտեսություն, որը կողմնորոշված է ռուսական գազի վրա, ինչը նշանակում է, որ էներգետիկ դիվերսիֆիկացում չի լինելու, տնտեսության դիվերսիֆիկացում չի լինելու, և մենք լավագույն դեպքում պոմիդոր և ծիրան վաճառելու ռազմավարության շրջանակներում կարող ենք մեզ թույլ տալ ինչ-որ գործունեություն, ուրիշ ոչ մի բան։

Մանե Հարությունյան

MediaLab.am