«Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարները կհանդիպեն ՀՀ նախագահի հետ

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների հետ հանդիպելու հարցով դիմել է իրենց:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանը հիշեցրեց, որ Հանրապետության նախագահին շատ հստակ ներկայացրել են իրեն պահանջը: «Մենք մինչև այս պահը վերջնական պատասխան չունենք, և ունենք ժամկետ՝ մինչև երկուշաբթի օրը»,-ասաց նա ու առաջարկեց, որ ինքը բոլորի անունից դիմի նախագահին՝ նշելով, որ նախագահը պարտավոր է մինչև երկուշաբթի օրը դիմել ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելու ԳՇ պետի պաշտոնանկությունը:

«Նախագահը վաղը կրկին շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել»,-ասաց Սաղաթելյանն ու նշեց, որ այդ պահանջը բոլորի անունից ևս մեկ անգամ կփոխանցեն նախագահին:

Նա հավաքվածներին առաջարկեց իրենց անունից դիմել նաև ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: «Քո պաշտոնին մնալը այլևս մեր բոլորի պահանջն է»,-ասաց Սաղաթելյանն ու հորդորեց Գասպարյանին մնալ իր տեղում պինդ կանգնած՝ վստահեցնելով, որ դա պաշտոնի կռիվ չէ, այլ բանակի պահպանության համար է, պետականությունը պահելու համար է:

Սաղաթելյանը, դիմելով հավաքվածներին, ասաց, որ ըստ երկուշաբթի օրը ընդունված որոշումների, եթե փորձ արվի հեռացնել Օնիկ Գասպարյանին, ապա երեքշաբթի 17:00-ին կհավաքվեն և կորոշեն այն քայլերը և գործողությունները, որոնք պետք է կատարվեն:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցով ուղիղ հեռարձակմամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և պատրաստել է համապատասխան փաստաթղթերը:

Հանրապետության Հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր հանրահավաք, որին հաջորդել էր երթ: Ազատության հրապարակում էլ անցկացվել էր ընդդիմության հանրահավաքը: Այնուհետև փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերվանից ընդդիմության ներկայացուցիչներն անցկացնում են Բաղրամյան պողոտայում՝ այնտեղ տեղակայելով վրաններ: Այդ ընթացքում ՀՀ նախագահը որոշեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին պաշտոնանկ անելու հրամանագրի նախագիծը առարկություններով ետ ուղարկել վարչապետի աշխատակազմ: Այդ առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ որոշումը ամենեւին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը:

Վարչապետը նշել էր էր, որ ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում է նախագահին: Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: