Ճապոնիայի կառավարությունը որոշել է Հայաստանին տրամադրել 3.6 մլն դոլարի չափով օգնություն

Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանին 3,6 միլիոն ԱՄՆ դոլարի չափով անհետաձգելի օգնության դրամաշնորհ տրամադրել, որ նախատեսված է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և Հայաստանի հյուրընկալող համայնքներին աջակցելուն: 

«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և մեր գործընկերների անունից ողջունում եմ Ճապոնիայի ժողովրդի կողմից այս առատաձեռն օժանդակությունը, որը թույլ կտա ավելի ընդլայնել իրենց տները հարկադիր լքած մարդկանց, ինչպես նաև՝ Հայաստանում հյուրընկալող համայնքների առաջնային կարիքները հոգալուն ուղղված ջանքերը», – ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:

ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից տեղեկացնում են, որ այս օգնությունը կբարելավի փախստականի նման կարգավիճակում բնակվող մարդկանց կենսապայմանները, ովքեր 2020 թ.-ի հակամարտության հետևանքով հարկադրված լքել են Լեռնային Ղարաբաղը և անվտանգության նկատառումենրով տեղափոխվել Հայաստան: Մասնավորապես, օժանդակության շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել հետևյալ միջոցառումները.

  • բժշկական տեխնիկական ուսուցման կազմակերպում 6 հիվանդանոցների համար և բժշկական սարքավորումների տրամադրում առողջապահական հաստատություններին;
  • 3 տարրական դպրոցներում ձեռքի լվացման տարածքների տեղադրում՝ անվտանգ ջրի հասանելիությունն ապահովելու համար;
  • հիգիենայի միջոցների և օգնության այլ պարագաների տրամադրում մոտ 2300 մարդու;
  • 3 տարհանման կենտրոնների նորոգում և վերակառուցում;
  • ձմեռելու համար անհրաժեշտ օգնության պարագաների տրամադրում շուրջ 4000 մարդու;
  • 17 առողջապահական հաստատություններին բժշկական սարքավորումների տրամադրում;
  • 15 դպրոցական հաստատությունների վերականգնում և կրթական պարագաների տրամադրում:

Ճապոնիայի ժողովրդի կողմից տրամադրված օժանդակության մեծ մասը կտրամադրվի ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Միգրացիայի միջազգային կազմակերպության և նրանց գործընկերների միջոցով: