Գազաբալոնների համար մեծ հերթեր են. վարորդները դժգոհում են, իսկ նախարարությունը վստահեցնում է՝ իրենք գործընթացը պատշաճ են կազմակերպել

Oգոստոսի 1-ից Հայաստանի բոլոր գազալցակայաններում չեն լիցքավորվելու այն վարորդների մեքենաների գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լինի լիցենզավորված կազմակերպությունների կողմից: Հայաստանում նման կազմակերպությունները այսօրվա դրությամբ 23-ն են, իսկ հանրապետությունում գազի բալոնով աշխատում է 450 հազար մեքենա:

Այժմ վարորդները դժգոհում են, որ չեն հասցնի մինչև օգոստոսի 1-ը անցնել համապատասխան ստուգում: Սակայն ոլորտը վերահսկող Տարածքային կառավարման նախարարությունից պնդում են՝ իրենք մեղավոր չեն:

«Այս որոշման միակ բացասական կողմն այն է վարորդների համար, որ հիմա շատերը չեն հասցնելու մինչև օգոստոսի 1-ը համապատասխան լիցենզիան ստանալ: Վարորդներից շատերը դժգոհում են, որ իրենց հերթը կհասնի հոկտեմբեր-նոյեմբերին»,- «Մեդիալաբին» ասում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեհյանը:

«Վարորդի ընկերոջ» խոսքով, դրական է այն, որ այս որոշմամբ արդեն հնարավոր կլինի ունենալ հստակ տվյալներ մեքենաների գազաբալոնների վիճակի մասին, իսկ լիցքավորման ժամանակ առաջացող խնդիրները աստիճանաբար կնվազեն:

«Եթե լիցքավորման կետերը պատշաճ պահպանեն օրենքի պահանջը, ստուգեն համապատասխան փաստաթղթի առկայությունը ու նոր միայն լիցքավորեն, արդյունքը լավ կլինի, այս մասով դժբախտ պատահարները կքչանան: Բայց պրակտիկան ցույց է տալիս, որ մեզանում շատ օրենքներ մնում են միայն թղթի վրա ու չեն իրագործվում»,- ասում է Քեհյանը: Նա պնդում է՝ այժմ գոյություն ունեցող հերթերն ու վարորդների դժգոհությունները կարող էին չլինել, եթե նրանք մի փոքր հետևողական լինեին ու շուտ գնային գազաբալոնները ստուգաչափելու:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղյակ են առաջացած հերթերից ու դժգոհություններից, բայց չեն ընդունում մեղադրանքները, թե նախարարությունը թերացել է գործընթացը կազմակերպելիս: Ավելին՝ ասում են՝ իրենք նույնիսկ ընդառաջել են վարորդներին և նախապես փետրվարի մեկը սահմանված ժամկետը մեկ անգամ արդեն երկարացվել է: Եվս մեկ անգամ երկարացնելու մասին քննարկումներ չկան:

«Նախարարությունը պատշաճ կազմակերպել է գործընթացը, պարբերաբար իրազեկում ենք իրականացնում Հանրային հեռուստաընկերությամբ, ուղղակի մեր հանրությունը, մեզ բնորոշ վարքով առաջնորդվելով, ամեն ինչ թողել է վերջին օրերին»,- «Մեդիալաբին» ասում է ՏԿԵ նախարարի խոսնակ Սոնա Հարությունյանը:

Նրա խոսքով, մինչև օգոստոսի 1-ը վարորդները կարող էին դիմել համապատասխան կազմակերպություններ ու անցնել այդ ստուգումը: Երևանում և մարզերում գործող 2 տասնյակ լիցենզավորված կազմակերպություններին ավելանում են նորերը:

«Այս պահին քննարկվում է Սյունիքի մարզի համար ներկայացված կազմակերպության հայտը, առաջիկա օրերին կստանա լիցենզիա: Միակ մարզն այսօր, որ չունի լիցենզավորված կազմակերպություն, Արմավիրն է»,- ասում է Սոնա Հարությունյանը:

ՏԿԵ նախարարի խոսնակի խոսքով՝ գազալցակայաններում վերահսկողություն իրականացնելու է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը և հետևելու է՝ արդյոք այդ կազմակերպությունները հետևում են օրենքի պահանջներին:

«Գազալցակայանները, որոնք չեն պահպանի օրենքը, կտուգանվեն՝ առաջին անգամվա համար` եթե չեմ սխալվում, շուրջ 200 հազար դրամ, իսկ երկրորդ խախտման դեպքում տուգանքի չափը կավելանա»,- եզրափակում է Սոնա Հարությունյանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am