Արա Այվազյանը հանդիպել է Արայիկ Հարությունյանի հետ. քննարկել են արցախյան հիմնախնդրի հետ կապված հարցեր

Մարտի 25-ին Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից:

ՀՀ ԱԳ նախարարը և Արցախի նախագահը կարևորել են Հայաստանի և Արցախի կառավարման մարմինների միջև պարբերական շփումները և խորհրդակցությունները` տարածաշրջանում հայության առջև ծառացած խնդիրների համատեղ լուծման նպատակով:

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման, այդ թվում` տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տեղում միջազգային մասնագիտացված կառույցների անխոչընդոտ ներգրավվածությունը:

Հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում նախագահ Հարությունյանը և ԱԳ նախարար Այվազյանը մտքեր փոխանակել են հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ անընդունելի գնահատելով Ադրբեջանի կողմից հումանիտար այս խնդրի անհարկի քաղաքականացումը:

Երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական քաղաքական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Այդ առնչությամբ շեշտվել է իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ապրելու և ինքնորոշման իրավունքի ճանաչման անկյունաքարային դերը: