Արցախի ոստիկանությունը քննելու է ադրբեջանցիների կողմից հայկական ավտոմեքենաների քարկոծման դեպքը
19:32, 26 Մարտ, 2021
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՄԱՐՏԻ, 26 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի գլխավոր դատախազությունը հայկական ավտոմեքենաների քարկոծման վերաբերյալ հրապարակումն ուղարկել է ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու հանձնարարությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացնում են Արցախի գլխավոր դատախազությունից:
«Զանգվածային լրատվության միջոցներով սույն թվականի մարտի 25-ին տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիները քարեր են շպրտել հայերի մեքենաների ուղղությամբ, առաջին ավտոմեքենային քար չի դիպել, սակայն վարորդը քիչ է մնացել շրջեր մեքենան, իսկ երկրորդը վնասվել է:
Նկատի ունենալով, որ վերը բերված հրապարակումները առերևույթ պարունակում են գույքի դիտավորյալ ոչնչացման կամ վնասման վերաբերյալ ենթադրյալ հանցավոր արարքի մասին վկայող տեղեկություններ, ուստի գլխավոր դատախազության կողմից հիշյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն` քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու հանձնարարությամբ»,-հայտնում են Արցախի գլխավոր դատախազությունից: