«Ես չեմ կարող մեղադրել Հայկ Մարությանին, մեղադրելու հարց չի, գուցե դա նրա քաղաքացիական դիրքորոշումն է»․ Արթուր Մանուկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանը

-Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք գնահատում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գործունեությունը, և եթե նա քարոզարշավի ժամանակ չի կանգնել թիմի կողքին, արդյոք դա պե՞տք է հիմք հանդիսանա նրա նկատմամբ կոշտ քննադատության:

– Քարոզարշավի ժամանակ դիրքորոշում չհայտնելը շատ անձնական բան է, և չեմ կարծում, որ դրա համար պետք է ինչ-որ քայլեր արվեն: Պետք է հասկանալ, թե ինչն ինչոց է: Մարդը որոշել է քարոզարշավի ժամանակ քաղաքական չեզոքություն պահպանել:

Քանի որ ես նրա հետ չեմ զրուցել, չգիտեմ պատճառը, գուցե դա նրա քաղաքացիական դիրքորոշումն է: Գուցե նա մտածել է, որ քաղաքապետ լինելով պետք չէ, որ ինքը կոնկրետ դիրքորոշում ցուցաբերի:

Ինչ վերաբերում է Արայիկ Հարությունյանի մեկնաբանությանը, թե իրենց համար անհասկանալի է Հայկ Մարությանի նման կեցվածքը, ես հասկանում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Իմ քայլն» ամբողջությամբ՝ որպես քաղաքական թիմ, Հայկ Մարությանի քաղաքապետ ընտրվելու քարոզարշավի ժամանակ ջանք չեն խնայել: Ամեն թաղամաս միասին գնացել ենք, քարոզել ենք, հանդիպել ենք մարդկանց հետ, խոսել ենք, խնդիրներն ենք փորձել հասկանալ, լուծումներ առաջարկել:

Ամբողջ քաղաքական թիմը պրոցեսի մեջ է եղել և ամեն ինչ արել է, որպեսզի Հայկ Մարությանը շատ բարձր լեգիտիմությամբ քաղաքապետ լինի:

Մեր թիմի համար այս ժամանակահատվածը շատ ծանր էր, երևի գիտեք, որ մենք այդքան մեծ ռեսուրսներ չունեինք, որ չգիտեմ ինչեր վարձեինք, դրա համար ամբողջ ծանրությունը մեզ վրա էր, մի 10 հոգու վրա էր: Ինչ ասեմ, երևի Արայիկ Հարությունյանը կցանկանար քաղաքապետից տեսնել քաղաքական աջակցություն:

Կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանի այդ արտահայտությունն ընդամենը ռեֆլեքսիա էր այն պրոցեսին, երբ մենք 2018-ին իսկապես քաղաքական մեծ աջակցություն ենք ցուցաբերել Հայկ Մարությանին: Մյուս կողմից՝ դժվար է վարչական աշխատանքի մեջ այնպիսի կեցվածք որդեգրել, որ բավարարի բոլորին:

Դրա համար ես չեմ կարող մեղադրել քաղաքապետին, դա մեղադրելու հարց չի:

-Իսկ որպես քաղաքապետ, Հայկ Մարությանն արդարացրե՞լ է իրեն:

-Տեսեք՝ մենք երևանցուն ինչ-որ բաներ ենք խոստացել, խոստացել ենք, որ, օրինակ՝ վերելակները կարգի կբերենք: Այդ պրոցեսը գնում է, մարդիկ տեսնում են, որ հարյուրավոր վերելակներ են փոխվել:

Խոստացել էինք, որ ճանապարհներն այդ վիճակում չենք թողնի, դուք տեսնում եք, որ Երևանում անընդհատ նոր ճանապարհներ են կառուցվում:

Բոլորը տեսել են, թե աղբահանության հետ կապված ինչ ահռելի դժվարության առջև էինք կանգնել, տեսել են «Սանիթեքի» սաբոտաժը, բայց տեսանք, թե ինչ լավ լուծվեց խնդիրը: Ես ուրիշ մարդ չգիտեմ, որ կկարողանար գլուխ հանել, և այդ առումով չեմ կարող Հայկ Մարությանին որևէ բան ասել: Իհարկե, բազմաթիվ են խոստումները, և կատարած աշխատանքն էլ բավական տեսանելի է:

-Կարծում եք, որ այս աղմուկը բոլորովին տեղին չէ՞ր:

-Ինձ թվում է, որ տեղին չէ: Ես, իհարկե, հասկանում եմ Արայիկ Հարությունյանին, որովհետև ամբողջ ծանրության մեծ մասը նրա վրա էր, և նա ուղղակի կցանկանար աջակցության խոսք տեսնել:

-Բայց դա հենց այնպե՞ս էր, թե՞ խորքային պատճառներ էլ են եղել:

-Ես ինքս խորքային պատճառներ չգիտեմ: Դե, սա պրոցես է, մի օր այսպես կլինի, մի օր հարաբերությունները շատ ջերմ կլինեն: Բայց դա ոչինչ չի նշանակում քաղաքական այս պրոցեսների մեջ:

Եթե հիշում եք՝ աղբահանության այդ շրջանում մարդիկ հուսահատվել էին, մտածում էին, թե դա արագ լինող գործ է, իսկ Մարությանը դանդաղում է, բայց դա բնավ այդպես չէր: Այդ ժամանակ արվեց նույնիսկ անհնարինը: Ես, անկեղծ ասած, չէի կարող դրա տակից դուրս գալ: Նա այն մարդկանցից է, որ այդ վիճակում կարողացավ խելքի բերել աղբահանության հարցը:

-Հնարավո՞ր է, որ Մարությանը քաղաքական թիմի հետ տարաձայնություններ ունի:

-Ես այդպիսի բաներ չեմ լսել: Խնդիրներ անընդհատ էլ լինում են, դա պրոցես է: Ավագանու անդամներն էլ դժվար մարդիկ են, մինչև նրանց լիարժեք չհամոզի, որ այս բանը հատկապես այսպես պետք է արվի, չի կարողացել անել, բայց դա երբեք չի բերել կոնֆլիկտի:

Այսինքն՝ երբ նա մի որոշում է ընդունել, պետք է ավագանու անդամներին լիարժեքորեն համոզի, փաստարկներ բերի, որ դա հենց այն լուծումն է, որը պահանջվում է:

-Կարծում եք, որ բանը չի՞ հասնի քաղաքապետին փոխելու օրակարգին:

-Ես չեմ կարծում, որ սա այդքան լուրջ խնդիր է: Ես կյանքում չեմ լսել այդպիսի խոսակցություն: Ես չեմ մասնակցել այդպիսի խոսակցության, ոչ էլ լսել եմ, որ այդպիսի խոսակցություն եղած լինի:

Մանե Հարությունյան

MediaLab.am