Ալեքսեյ Մակարյանը Հայաստանում COVID19-ի դեմ առաջին պատվաստվածներից է

 Հայաստանը հաջողությամբ մեկնարկել է COVID19-ի դեմ պատվաստման գործընթացը, որն առաջնահերթ իրականացվում է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների և սոցիալական խնամքի կենտրոնների շահառուների և աշխատակիցների, կամավորության սկզբունքով: Մեր զրուցակիցը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 81-ամյա Ալեքսեյ Մակարյանն է, ով Հայաստանում COVID-19-ի դեմ առաջին պատվաստվածներից է: Նրա ինքնազգացողությունը լավ է, այժմ որևէ գանգատ չունի, ավելին՝ շատ մոտ ապագայում կյանքի իր գերադասելի ռիթմին վերադառնալու պլաններ է կազմում: Այս մասին փոխանցում է «Արմենպրես»-ը։

«Ի՞նչ փոխեց COVID-19-ը Ձեր կյանքում» հարցին միանգամից պատասխանում է՝ «COVID-ն ինձ կտրեց ակտիվ գործունեությունից, իմ շրջապատից»: Հետո մանրամասնում. «Տարիներ շարունակ զբաղվել եմ դասախոսական գործունեությամբ, ներկայում միայնակ թոշակառու եմ, երբեմն-երբեմն զբաղվում եմ գիտական գործունեությամբ: Միշտ սիրել եմ սպորտով զբաղվել և երկար տարիներ լողավազան էի հաճախում: Վերջին անգամ նախորդ տարվա մարտի 10-ին եմ եղել լողավազանում: Արդեն մեկ տարուց ավելի է չեմ հաճախում: Անընդհատ սպասել եմ՝ երբ պետք է հաղթահարվի հիվանդությունը, որ նորից ի վիճակի լինեմ զբաղվել լողով»:

Վստահեցնում է, որ կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերից լրջորեն է վերաբերվել հիվանդությանը: Այնքան զգուշավոր է եղել, որ հստակ հիշում է՝ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց համաշխարհային համավարակ: Նա լողավազան գնացել էր նախորդ օրը, հենց այդ օրվանից դադարեցրեց հաճախելը: «Ես ընդհանրապես բժիշկների ասածների հանդեպ շատ պարտաճանաչ եմ: Մի քանի վիրահատություններ եմ տարել, հիմա էլ տասնյակ դեղեր եմ խմում ու դեղորայքով շաքարի դեմ եմ պայքարում: Մշտապես շատ զգուշավոր եմ ու հետևում եմ բոլոր կանոններին»,-ասում է մեր զրուցակիցը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։