Որքա՞ն է քաղաքացին վճարելու բժշկական ապահովագրության համար. առողջության ապահովագրության ներդրման հայեցակարգը հարցեր է առաջացրել

Հայաստանում թեպետ առողջապահության կազմակերպիչները արդեն որոշել են 2024 թվականից առողջության համապարփակ ապահովագրության համակարգ ներդնել, այդուհանդերձ, մասնագետները պնդում են՝ ներդրվող համակարգը ունի թերություններ:

«Պարզ ասեմ՝ ապահովագրության առաջարկվող համակարգը փող ուզելու մասին ծրագիր է»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է «Հարկ վճարողների պաշտպանություն» կազմակերպության ղեկավար Փայլակ Թադևոսյանը:

«Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի՝ ներկայումս առաջարկվող տեսքով ներդրումը կբերի առողջապահության համակարգի ֆինանսավորման աղբյուրների փոփոխության՝ չհանգեցնելով, սակայն, համակարգի արդյունավետության և որակի բարձրացմանը»,- ներդրվող համակարգի մասին իր հոդվածում այսպես էր արտահայտվել «Ամերիա» խորհրդատվական խմբի ղեկավար, տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանը:

Օրերս, հիշեցնենք, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել էր, որ Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի փուլային եղանակով. այս տարի ներդրման նախապատրաստական փուլն է, 2024 թվականից պետությունը կապահովագրի պետպատվերի շահառուներին, 2025-ից՝ թոշակառուներին, իսկ 2027-ին բոլոր քաղաքացիները պետք է ապահովագրեն իրենց առողջությունը՝ ամսական ապահովագրավճար վճարելու եղանակով: Իսկ եթե քաղաքացու աշխատավարձը միջինից ցածր լինի, պետությունը կսուբսիդավորի ապահովագրավճարի որոշ մասը:

Զուգահեռ կգործի կամավոր ապահովագրության համակարգը, այսինքն՝ քաղաքացին, որը կցանկանա կամավոր միանալ համակարգին, ամսական վճարների միջոցով կարող է ներգրավվել: «2025 թվականից պետության կողմից կապահովագրվեն թոշակառուները, որոնք ևս կօգտվեն փաթեթի ողջ ծառայություններից։ Պետությունն իր վրա կվերցնի թոշակառուների ապահովագրության այդ կարևոր մասը: 2026-ին կամփոփենք: 2027 թ.-ից արդեն կգործի համապարփակ, պարտադիր ապահովագրությունը՝ բոլորի համար»,-ներկայացրել էր նախարար Ավանեսյանը:

Ապահովագրական փաթեթը ներառելու է հետազոտություններից մինչև վիրահատություններ, նույնիսկ դեղորայք: Այն չի ծածկելու պլաստիկ վիրահատությունները: Չի լինելու եկամտից կախված վճարային համակարգ: Ապահովագրավճարը հաստատուն թիվ է լինելու, տարեկան գումարը բաժանվելու է ամիսների վրա, և քաղաքացին ամսական վճարում է կատարելու: Աշխատող քաղաքացիների համար այդ վճարները կգանձվեն հարկային գործակալի, այսինքն՝ գործատուի կողմից: Իսկ այն քաղաքացիները, որոնք ֆորմալ աշխատանք չունեն և այն խմբում չեն, որոնց համար պետությունը պետք է վճարի, ապա քաղաքացին ինքը պետք է անի ամսական վճարումը: «Եթե քաղաքացին հայտարարագրի իր եկամուտները, և պարզվի, որ նրա եկամուտը միջին աշխատավարձից ցածր է, ապա պետությունը կսուբսիդավորի նրա ապահովագրավճարի որոշ չափը»,- ասել էր պաշտոնյան: Իսկ մինչև 18 տարեկան երեխաները, քանի դեռ պետպատվերի շահառու են, ապա նրանց ևս պետությունը կապահովագրի:

Ստեղծվելու է ապահովագրական հիմնադրամ, որը և՛ կկառավարի բժշկական ծառայությունների գնումը, և՛ կիրականացնի ոլորտի վերահսկողությունը։ Միևնույն ժամանակ կներկայացնի հանրային հաշվետվություն՝ առնվազն եռամյա կտրվածքով:

Թադևոսյանն ասում է՝ պետական ապահովագրության համակարգի ներդրմամբ ու մեկ միասնական հիմնադրամի ստեղծմամբ մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից բժշկական ապահովագրության գործառույթը վերանում է, ինչը նշանակում է՝ վերանում են մրցակցային պայմանները: «Նախարարը չգիտես ինչու մարդկանց հիմարի տեղ է դնում՝ ասելով՝ պետական համակարգը որ ծառայությունը չի ապահովագրի, թող դա էլ մասնավոր ընկերություններն անեն: Պարզ չէ՞, որ ոչ մեկին ձեռ չի տա ծախսատար ծառայությունը վերցնել ու ապահովագրել»,- ասում է Փայլակ Թադևոսյանը:

Նա մտավախություն ունի, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի վրա աշխատած խմբի հիման վրա կստեղծվի պետական հիմնադրամը, որտեղ «բարձր աշխատավարձերով կուղեգրեն հայեցակարգը մշակած անձանց»: «Հիմա սա կոռուպցիա չէ, ի՞նչ է»,- հարց է բարձրացնում նա:

Մյուս խնդիրը, որ առանձնացնում է մասնագետը, քաղաքացուց գանձվող հարկի չափը չներկայացնելն է, այսինքն՝ որքա՞ն պետք վճարի քաղաքացին իր առողջության ապահովագրության համար:

«Ասում են՝ այն քաղաքացին, որը կարիք ունի, պետությունը կսուբսիդավորի, իսկ որքա՞ն է վճարելու այն քաղաքացին, որը կարիքի մեջ չէ՝ չեն ասում: Ասում են՝ աշխատավարձի նկատմամբ տոկոս չկա, բայց իրականում տոկոս է պահվելու: Հայաստանում, օրինակ՝ այսօր կազմակերպություններ կան, որոնք աշխատողի նկատմամբ սոցիալական պատասխանատվության ներքո ապահովագրում են ոչ միայն իրենց աշխատողներին, այլ նաև նրանց ընտանիքի անդամներին: Հիմա այս համակարգի ներդրմամբ այդ մարդիկ զրկվելու են այդ ծառայությունից՝ հերիք չէ, մի հատ էլ ստանալու են անորակ պետական բուժծառայություն ու ավելի շատ էլ վճարելու են»,- ներկայացնում է Փայլակ Թադևոսյանը:

Նախարարի հայտարարությունը, թե քաղաքացու եկամուտների հայտարարագրի հիման վրա հնարավոր է որոշել՝ վճարունա՞կ է քաղաքացին, թե՞ ոչ, Թադևոսյանը վիճահարույց է համարում:

«Նա, ով ուզում է խուսափել ավելորդ հարկ վճարելուց, ոչ ճշգրիտ հայտարարագիր կներկայացնի, կասի՝ էս են իմ եկամուտները, պետությունը տեսավ՝ եկամուտները քիչ են, կսուբսիդավորի առողջության ապահովագրությունը: Համ հարկ չի վճարի, համ էլ պետական սուբսիդավորումից կօգտվի: Ստացվում է՝ այս համակարգի ներդրումն ընկնում է բարեխիղճ հարկ վճարող, օրինապահ քաղաքացու վրա: Համակարգը պետք է արդար լինի, որ ընկալելի լինի, եթե դու արդար համակարգ չես ներդնում, արդար մոտեցում չես կիրառում, պարզ է, որ ընկալելի չի լինի: Պարզ է, որ թոշակառուներին հարցնեք, կասեն՝ հա, ընտիր նախաձեռնություն է, բայց երբ ասես՝ հարևանի հաշվին է, կասի՝ ոչինչ»,- ընդգծում է կազմակերպությանը ղեկավարը:

Տիգրան Ջրբաշյանն իր հոդվածում անհրաժեշտ էր համարել, որ առողջության ապահովագրության համակարգը ներդրվի փուլային եղանակով՝ հաշվի առնելով կամավոր ապահովագրվածների թիվը, քաղաքացիների օբյեկտիվ բնութագիրը և եկամուտների չափը՝ դրանցից կախված կիրառելով տարբերակված մոտեցում։

Առողջության ապահովագրության փուլային եղանակով ներդրման շրջանակներում նա առաջարկել էր առաջին փուլում սահմանել, որ առողջության կամավոր ապահովագրության ծախսը կարող է դիտարկվել որպես եկամտային հարկի հարկվող բազայի նվազեցում: Այնուհետև առաջարկել էր սահմանել առողջության պարտադիր ապահովագրության պարտավորություն այն մարդկանց համար, որոնց եկամուտը գերազանցում է որոշակի սահմանաչափը, կամ որոնք ունեն սահմանված չափը գերազանցող անշարժ կամ շարժական գույք, արժեթղթեր և այլն: Նրա ներկայացմամբ՝ այդ չափանիշներից ելնելով՝ կիրառել պետական համաֆինանսավորման տարբերակված մոտեցում:

Միևնույն ժամանակ նա ընդգծել էր, որ առաջին փուլով առողջության ապահովագրություն ստացող անձինք այլևս չեն օգտվի պետական ֆինանսավորումից, ինչը հնարավորություն կընձեռի պետական միջոցներն ուղղել բնակչության սոցիալապես խոցելի խմբերի առողջության պահպանմանը և առողջապահական ծախսերի ծածկմանը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am