«Եթե հանկարծ հին ուժերը վերադառնան, այս իշխանության նկատմամբ թավիշ չի լինելու, մամլիչի տակ են հայտնվելու»․ Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Նինա Կարապետյանցը

Տիկի՛ն Կարապետյանց, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ կմասնակցի արտահերթ ընտրություններին, և հույս է հայտնում, որ կհաղթի։ Չնայած նրա նկատմամբ հարուցված քրեական գործին՝ նա խոսում է ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին, ինչի՞ հետևանք է սա։ Արդյոք հասարակությունը կընդունի՞ նրան։

– Այն, որ նա կունենա որոշակի թվով համակիրներ, չեմ կասկածում, քանի որ իր պաշտոնավարման տարիներին եղել են մարդիկ, որոնք օգտվել են այդ պաշտոնավարումից։

Սա հետևանք է այն բանի, որ, ամենաառաջինը՝ չտրվեց քաղաքական գնահատական նախկինում տեղի ունեցած բոլոր իրադարձություններին։

Այն վախն ու թուլամորթությունը, որը ցուցաբերեց մեր գործող իշխանությունը, բերում է նրան, որ մարդիկ, որոնք այլևս երբեք հավակնություն չպետք է ունենային նման հայտարարություններ անելու, այսօր հավակնում են պաշտոնների։ Եվ խոսքը միայն Քոչարյանի մասին չէ, շատ-շատերի մասին է։

Եվ, բնականաբար, սա չիրականացված վեթինգի ու լյուստրացիայի հետևանք է։ Հուսանք, որ հասարակության մեծ մասը հասկացավ, որ այդքան երկար քննարկված վեթինգն ու լյուստրացիան ո՛չ ինքնանպատակ էին, ո՛չ էլ ինքնահաստատվելու նպատակ ունեին։

Դա այն խնդիրն էր, որը հանգեցնելու էր բազմաթիվ ծանր հետևանքների, մինչև անգամ ես համոզված եմ, որ պատերազմում խայտառակ պարտությունը նույնպես կապված է գնահատական չտալու, վեթինգ ու լյուստրացիա չիրականացնելու հետ։

– Հիմա Բարձրագույն դատական խորհրդում են փոփոխություններ իրականացնում, փորձում են կոռուպցիոն գործերի քննության համար մասնագիտացված դատարաններ ձևավորել, արդյոք պե՞տք է արդյունք սպասել այս գործընթացից։ 

Ես ոչ մի սպասելիք չունեմ, որովհետև միշտ ասել եմ, որ այս իշխանությունները գնում են իրավիճակային լուծումների։

Հնարավոր չէ իրավիճակային, դրվագային ինչ-որ լուծումներով փոխել վիճակը, դա բացառել եմ ի սկզբանե։ Երբ ամբողջ համակարգն ուղղակի ողողված է այն մարդկանցով, որոնք այդ համակարգում չպիտի լինեին ու չեն կարող լինել, փոքր ու իրավիճակային լուծումները որևէ ազդեցություն ունենալ չեն կարող։

Եվ ստացվում է, որ այսօրվա իրավիճակում նախկինների վերադարձ կարո՞ղ է տեղի ունենալ։ 

– Կարող է և այդպիսի իրավիճակ լինել, բայց ինձ հուսադրում են միայն մեր ժողովրդի իմաստությունը և ադեկվատությունը։ Միայն այն, որ 17 կուսակցությունները դուրս եկան փողոց և ունեցան այդքան քիչ աջակիցներ ու սատարողներ, հուշում է, որ մարդկանց իմաստությունն ու ինքնագիտակցությունը շատ ավելի բարձր են, քան շատերը կարծում էին։

Եվ մարդիկ պատրաստ չեն սատարելու իրենց ընդդիմություն հռչակած կողմերին, սպասում են նոր ուժերի։ Հուսամ՝ այդ նոր ուժերը կկարողանան ձևավորվել, ավելի ակտիվ լինել ու գալ իշխանության։

Ես մեծ հույսեր ունեմ, որ հասարակությունը նախկիններին ձայներ չի տա, բայց նաև չեմ բացառում վերադարձի հնարավորությունը։ Ինչո՞ւ։

Որովհետև վեթինգ, լյուստրացիա չիրականացնելու, գնահատական չտալու հետևանքով տարբեր պաշտոններում մնացել են աշխատող մարդիկ, ովքեր առնվազն չպետք է լինեին այդ պաշտոններում։

Իսկ իմ պատկերացմամբ՝ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեին իրենց նախկին գործողությունների համար՝ սկսած ընտրությունները կեղծելուց, վերջացրած բանակում կոռուպցիայից։ Բոլոր ոլորտներում պետք է լինեին պատասխանատվության ենթարկվածներ։

Բոլորին բանտում տեսնելը նույնպես ինքնանպատակ չէ, անպատժելիությունը բերում է ավելի ծանր հանցագործությունների։ Այնպես որ, պարզագույն բաները չհասկանալը, թուլամորթությունը, ինչու ոչ, նաև պայմանավորվածությունը բերեցին այս վիճակին։

Ես նաև կարծում եմ, որ նախկինների հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, արդարադատության ոլորտը չբարեփոխելը, իմ կարծիքով՝ հենց այդ պայմանավորվածության հետևանք էր։

Ես կարծում եմ, որ որոշ անձանց «ձեռք չտալու» պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Եվ դրա համար կար միայն մեկ տարբերակ, երաշխիք՝ դատաիրավական համակարգը չբարեփոխելը, չմաքրելը, վեթինգի չենթարկելը։

Եվ հին համակարգն այսօր կարող է դուրս գալ իշխանությունների դե՞մ։

– Այդ համակարգը արդեն շատ վաղուց է դուրս եկել նրանց դեմ։ Եվ սրա մասին մենք զգուշացրել էինք, բազմիցս բացատրել։

Մենք նաև նրանց բացատրել էինք, որ իրենք պրակտիկ կյանքում չեն հանդիպել ո՛չ էդ համակարգերին, ո՛չ նրանց հնարավորություններին, հետևաբար չեն պատկերացնում, թե ինչ է լինելու։

Բայց մեզ լսող չեղավ։ Եվ շատ ցավալի է լինելու այս իշխանությունների համար, եթե հանկարծ հին ուժերը, նախկինները վերադառնան, այս իշխանության նկատմամբ թավիշ չի լինելու, նրանք բոլորը գալու են մամլիչ մեքենայի գործադրմամբ։

Եվ այս իշխանությունն այդ մամլիչի ամբողջ ծանրությունն իր մաշկի վրա է զգալու։ Եվ ոչ ոք նրանց չի կարողանալու պաշտպանել, որովհետև որևէ մեկի ուժը չի բավականացնի այդ մամլիչ համակարգը կանգնեցնելու:

Հիմա միակ տարբերակը մնում է այս իշխանությանը հեռացնելը և ողջամիտ ու պրոֆեսիոնալ, հայրենասեր մարդկանց իշխանության բերելը, որոնք թաթախված չեն կոռուպցիոն կապերի մեջ, պրոֆեսիոնալ են, նվիրված հայրենիքին։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am