Հայ-թուրքական երկխոսությունն այսօր շատ կարևոր է, որպեսզի մենք դրա միջոցով չեզոքացնենք Ադրբեջանից եկող հնարավոր ռիսկերը․ Սուրեն Սուրենյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

– Պարո՛ն Սուրենյանց, Արևմուտք-Ռուսաստանի Դաշնություն լարվածությունը՝ ի դեմս Ուկրաինայի, շարունակվում է։ Դեպքերի ի՞նչ զարգացում եք կանխատեսում՝ դատելով առկա իրողություններից։

– Կարծում եմ՝ ճգնաժամի հանգուցալուծման համար դիվանագիտական ռեսուրսներն առայժմ սպառված չեն, չնայած պատային իրավիճակ է ստեղծվել, որովհետև Ռուսաստանը կանխատեսելիորեն չստացավ այն, ինչ ակնկալում էր։ Մյուս կողմից՝ հիմնական խաղացողների՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի համար ակնհայտ է, որ էսկալացիայի խորացումը բերելու է անկանխատեսելի հետևանքների, ու երկու կողմերն էլ դեռ բաց են թողել բանակցությունների դուռը, որովհետև ռուսները խոսում են նոր գրավոր արձագանքի մասին, ԱՄՆ-ն սպասում է, որ Բլինքեն-Լավրով նոր հանդիպում պետք է տեղի ունենա, այնուամենայնիվ, խնդրի լուծման դիվանագիտական ռեսուրսներ դեռևս կան։

Կարծում եմ՝ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթաց է ընթանում, ու անկախ կոշտ հռետորաբանությունից, հակամարտության գլոբալ կողմերը, այնուամենայնիվ, կարող են ինչ-որ փոխզիջումային լուծումների գալ, որովհետ երկար ընդմիջումից հետո «Նորմանդական քառյակն» էլ կարողացավ հանդիպել: Խոսքս Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքական խորհրդականների մասին է, ու շատ փոքր, բայց որոշակի առաջընթաց այդ հանդիպումներում արձանագրվեց։

Ստեղծված իրավիճակում Ռուսաստանը երկու ճանապարհ ունի՝ կա՛մ գնալ էսկալացիայի, որը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ, կա՛մ փորձել Արևմուտքի հետ փոքր խնդիրների շուրջ համաձայնությունների գալ, նույն է, թե փորձել ֆիքսել այն հարցերը, որտեղ կան համագործակցության կամ կոնսենսուսի գալու հնարավորություններ։

– Այսինքն՝ կարծում եք, որ Ռուսաստանը, այնուամենայնիվ, գնալո՞ւ է զիջումների։

-Զիջումների բոլորն են գնալու, որովհետև, եթե կոմպրոմիսներ ձևավորվում են ՝ փոխզիջումներն անխուսափելի են։ Օրինակ՝ ՆԱՏՕ-ի երկրները, ԱՄՆ-ն, չնայած, գրավոր որևէ հավաստիացում չեն տալու Ռուսաստանին, այն մասին, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվելու, այնուամենայնիվ, նկատելի է նաև, որ դիվանագիտական շփումների ժամանակ ընդունում են, որ այսօր Վրաստանի, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա։ Սա ակնհայտորեն փոխզիջում է Արևմուտքի կողմից, նաև Արևմուտքը համաձայն է, որ սպառազինության նկատմամբ փոխադարձ վերահսկողություն լինի, ինչը կնպաստի Արևելյան Եվրոպայում կայունության հաստատմանը։ Բնականաբար, ակնկալվում է, որ Ռուսաստանն էլ կանի ողջամիտ փոխզիջումներ, օրինակ՝ կհրաժարվի Ուկրաինայում իշխանություն փոխելու մտադրությունից կամ ներխուժման պլաններից։ Բնականաբար, երկու կողմն էլ կարող են գնալ ռացիոնալ փոխզիջումների, հիմա այնպիսի իրավիճակ է, որ միաբևեռ աշխարհ գոյություն չունի, կողմերը ստիպված են լինելու ինչ-որ համաձայնությունների գալ, եթե շահագրգռված են գլոբալ անվտանգության ու կայունության հարցերով։

– Պարո՛ն Սուրենյանց, եթե չլինեին այլ երկրների ճնշումները, Ռուսաստանը կգնա՞ր փոխզիջումների, թե՞ կփորձեր իր դիրքերն ամրապնդել ռազմական ճանապարհով։

– Եկեք ֆիքսենք, որ Ռուսաստանում որոշումներ կայացնողը մեկ մարդ է՝ Վլադիմիր Պուտինը, իսկ մնացած ինստիտուտների և դերակատարների, առավել ևս՝ պատգամավորների հայտարարություններն այնքան էլ մեծ արժեք չունեն։ Կարծում եմ՝ Պուտինը բավականին ռացիոնալ գործիչ է ու ամեն դեպքում հակված չէ արկածախնդրությունների, այսինքն՝ նա բավականին սթափ գնահատում է այն ռիսկերը, որ սպառնում են Ռուսաստանին և առկա հնարավորությունները։

Ֆիզիկապես Ռուսաստանը, իհարկե, կարող է Ուկրաինան կամ նրա ինչ-որ տարածքներ գրավել, որովհետև պարզ է, չէ՞, որ Ռուսաստանի զինված ուժերի պոտենցիալը անգամներ, եթե ոչ տասնապատիկ գերազանցում է Ուկրաինայի զինված ուժերի պոտենցիալին, բայց ցանկացած գործողություն ունի հետևանքներ, օրինակ՝ եթե ներխուժում է անում, ապա դա առաջացնելու է անկանխատեսելի հետևանքներ, որը վերջին հաշվով կարող է հանգեցնել Ռուսաստանի ֆիասկոյի։

Բացի Արևմուտքի ճնշումներից, Ռուսաստանի վերնախավը այս բոլոր ռիսկերը հաշվարկում է, ու հենց այդ պատճառով է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԱՄՆ-ն, չնայած փոխադարձ շատ կոշտ հռետորաբանությանը, չեն փակում բանակցությունների ճանապարհը, որովհետև շատ լավ հասկանում են, որ սա ուկրաինական կոնֆլիկտ չէ, շատ ավելի գլոբալ է, ու էսկալացիան շղթայական եղանակով տարածվելու է շատ այլ տարածաշրջաններ՝ Հարավային Կովկաս, Կենտրոնական Ասիա:

Բացարձակ պատահական չհամարեք, որ այս օրերին տարբեր տարածաշրջաններում հին կոնֆլիկտները թարմանում են, օրինակ՝ երեկ, ամբողջ երեկո Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև տեղի էին ունենում բախումներ, որոնց հետևանքով զոհ ու տասնյակ վիրավորներ կան։ Եթե էսկալացիան խորացվի, դա բերելու է գլոբալ անկայունության մի շարք տարածաշրջաններում, հատկապես հետխորհրդային տարածքում։

– Ասացիք, որ նոր աշխարահակարգի ձևավորում է ընթանում, այս գործընթացում ՀՀ-ի դերը ո՞րն է, ու այդ գործընթացն ի՞նչ արդյունք կամ հետևանք կարող է ունենալ Հայաստանի համար։

– Հայաստանը զրո դերակատարություն ունի այս գլոբալ գործընթացներում, ավելի շատ Հայաստանն իր վրա զգալու է դրա հետևանքները, որովհետև Հայաստանից ոչինչ կախված չէ, նույնիսկ Ուկրաինայից, մեծ հաշվով, ոչինչ կախված չէ, էլ ուր մնաց՝ Հայաստանից։ Խաղադրույքները շատ մեծ են, ու խոշոր խաղացողներն են որոշում նոր աշխարհակարգի բնույթն ու էությունը, բայց, բնականաբար, Հայաստանի իշխանությունը պետք է հետամուտ լինի, որ հնարավոր ռիսկերը չեզոքացվեն, որովհետև, կրկնում եմ՝ Ուկրաինայի շուրջ կատարվողը կարող է իր ազդեցությունն ունենալ Հարավային Կովկասում, այստեղ ստատուս քվոն շատ փխրուն է:

Մենք պետք է շատ ուշադիր լինենք, որպեսզի հնարավորինս նվազեցնենք անվտանգային ռիսկերը, կարողանանք արտաքին այնպիսի քաղաքականություն վարել, որը միտված կլինի ավելի բարենպաստ անվտանգային միջավայրի ստեղծմանը։ Այս առումով խիստ կարևորում եմ հայ-թուրքական երկխոսության շարունակությունը, որովհետև դա կչեզոքացնի անվտանգային ռիսկերը։

– Պարո՛ն Սուրենյանց, հնարավո՞ր է, որ այս ընթացքում, երբ ՌԴ-ն զբաղված է Արևմուտքի հետ իր հարաբերությունների կարգավորմամբ, Թուրքիան՝ ի դեմս Ադրբեջանի, սահմանային էսկալացիա հրահրի Հայաստանի հետ, որպեսզի իր կիսատ թողած ծրագրերն ավարտին հասցնի։

– Իհարկե կարող է փորձել ավելի մեծացնել իր ազդեցությունը, հենց այս համատեքստում էի ասում, որ հայ-թուրքական երկխոսությունն այսօր շատ կարևոր է, որպեսզի մենք դրա միջոցով չեզոքացնենք Ադրբեջանից եկող հնարավոր ռիսկերը․ պետք է համարձակորեն շարունակենք հայ-թուրքական երկխոսությունը, որովհետև դա կայունության ազդակ է։

– Ճի՞շտ եմ հասկանում, որ անկախ արդյունքից՝ մտածում եք, որ պետք է շարունակվի երկխոսությունը, որովհետև այդ ընթացքում Ադրբեջանից եկող հնարավոր վտանգները զսպվելու են։

– Եթե կա երկխոսություն, դա նվազագույնի է հասցնում սպառնալիքները, եթե չկա երկխոսություն, բնականաբար, այդ ռիսկերը շատ ավելի մեծ են լինում։ Երկխոսությունը միշտ ենթադրում է, որ դրա վերջում ունենալու ենք հայ-թուրքական ավելի կանխատեսելի հարաբերություններ։ Հարևանների հետ հարաբերությունների ավելի կանխատեսելի լինելն էապես նվազեցնում է պատերազմի ռիսկերը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am