Եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են. Անդրանիկ Քոչարյանը՝ օդանավի դատարկ վերադարձի մասին

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ գերիների` Հայաստան վերադարձի վերաբերյալ եղել են պայմանավորվածություններ, սակայն դրանք խախտվել են. չգիտի, թե ինչ պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իշխանությունը չգիտե՞ր, որ ապրիլի 8-ին օդանավը Բաքվից դատարկ է գալու: 

«Իհարկե, ոչինչ չգիտեին: Օդանավի մեջ, ենթադրում եմ, Մուրադովը (Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ-հեղ.) պետք է լիներ և կար: Եվ դա նշանակում է, որ եղել են պայմանավորվածություններ, որոնք խախտվել են: Եթե պայմանավորվածություն չլիներ, ինքնաթիռն ինչո՞ւ պետք է գնար»,-ասաց Քոչարյանը:

Նա պատճառների մասին դեռ չգիտի, սակայն ենթադրում է, որ հակառակորդը հերթական անգամ խաղի կանոններ է ուզում փոխել: Ըստ Քոչարյանի՝ Ադրբեջանը գերիներին պահում է` առաջին հերթին Հայաստանում լարվածություն առաջացնելու համար, այդ հարցը տարածքների հետ որևէ կապ չի կարող ունենալ: «Շարունակելու ենք գերիներին վերդարձնելու գործընթացը՝ տարբեր ձևերով»,-ասաց Քոչարյանը:

Պատգամավորը վստահեցնում է, որ գերիների հարցերով տեսանելի և անտեսանելի գործընթացներ կան: Նա նշեց, որ գերիների վերադարձի հարցը բարձրացվեց ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպմանը: «Դա քայլ էր, որտեղ հստակ երևաց` ՌԴ-ն իր մասնակցությունը փորձել է ներդնել այդ խնդրի լուծմանը: Դրանով է պայմանավորված, որ գեներալ-լեյտենանտ Մուրադովը գնացել էր գերիներին ուղեկցելու Հայաստան»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով հարցին՝ ի վերջո կհաջողվի՞ լուծել գերիների հարցը՝ Քոչարյանը պատասխնեց, որ դա չի կարող չլուծվել՝ վստահեցնելով, որ դա պետության առաջնահերթ պարտավորություններից մեկն է լինելու և կա: