Կառավարությունը 7,5 մլրդ դրամ հատկացրեց արցախցիներին ապրիլ ամսվա 68 հազարական դրամի աջակցությունն ապահովելուն

Կառավարությունը պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացնի 7 մլրդ 548 մլն դրամ, որի նպատակն Արցախի քաղաքացիներին աջակցության 4-ամսյա ծրագրի ապրիլ ամսվա ֆինանսավորումն ապահովելն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ որոշման համաձայն 2021 թվականի մարտ, ապրիլ, մայիս, հունիս ամիսների ընթացքում յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր Արցախի քաղաքացու տրվում է 68 հազար դրամ աջակցություն՝ բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց:

«Մինչև այժմ արցախցիներին տրամադրված աջակցությունների ծավալը կազմում է մոտ 33 մլրդ դրամ: Եվս 22 մլրդ դրամի աջակցության որոշում արդեն ունենք, որից մեկը այս հատկացումն է: Այսինքն՝ ընդհանուր հատկացումների ծավալը կազմելու է 55 մլրդ դրամ: Այս ծրագրով նախորդ ամիս 101 հազարից ավելի արցախցիներ ստացել են այս աջակցությունը»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս աջակցությունից օգտվելու համար լրացուցիչ դիմելու կարիք չկա, եթե մարտին ստացել են աջակցությունը, մյուս ամիսներին ավտոմատ կստանան:

Ըստ նրա, մի փոքր խումբ քաղաքացիներ դուրս են  մնացել բազաներում որոշակի խնդիրների պատճառով: «Մենք այդ մասով առաջիկայում կարգավորում կանենք ու այդ մի քանի հարյուր քաղաքացիները, որոնք ծրագրերից դուրս են մնացել, դառնան ծրագրի շահառու»,- ասաց նախարարը: