Մարզերում կձևավորվեն երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանացային նորարարական կենտրոններ

Կառավարությունը հաստատել է ՀՀ մարզերում երիտասարդների ինքնազարգացման, սոցիալական ձեռներեցության, մշակութային-ժամանացային միջավայրերի ապահովման, նորարարական կենտրոնների ձևավորման միջոցառումները:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, նախորդ տարի վեց կենտրոններ մասնակցել են դրամաշնորհային մրցույթի և շահել են դրամաշնորհներ նշված ուղղությամբ գործունեություն իրականացնելու համար: «Հայտնի պատճառներով այդ ծրագրերը չեն իրականացվել՝ COVID-ի, այնուհետև՝ պատերազմի: Ծրագրերի բովանդակությունը հետևյալն է՝ 6 կենտրոններ դիմել են, որոնցից մեկը LOFT-ն է: Հիմա առաջարկվում է հետևյալը՝ Վանաձորում Լոռու մարզային գրադարանի մասնաշենքերից մեկը տրամադրվում է LOFT կենտրոնին, իսկ մնացած մարզային հինգ կենտրոնները պետք է իրականացնեն դրամաշնորհային ծրագրերը, որոնք շահել են նախորդ տարի: Ընդհանուր գումարը մոտ 110 մլն դրամ է կազմում»,-ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ հանրապետության մարզերում կամ մարզերի մեծամասնությունում չկան երիտասարդների համար այդպիսի կենտրոններ: «Հատկապես մարզերում պետք է ստեղծել նման կենտրոններ: Առանց կառավարության միջամտության, օրինակ՝ Երևանում, նաև Գյումրիում, այդպիսի կենտրոններ ձևավորվել են ժամանակի ընթացքում: Դա երկար է տևել: Եվ մենք որոշեցինք խթանել այդպիսի կենտրոնների ձևավորմանը նաև մարզերում:

Ընդ որում, պետք է արձանագրել, որ, այսպես ասած, երիտասարդական կենտրոնների ավանդական մոդելը, որի մասին մենք պատկերացում ունենք, այս նպատակին չի ծառայում: Որոշ մարզային քաղաքաներում կան անհատներ, որոնք իրենք նախաձեռնել են նման միջավայրերի ձևավորումը, և շատ հաջող փորձ ունենք: Արդյունքում մենք որոշեցինք դրամաշնորհային ծրագիր իրականացնել, այսինքն՝ առաջարկ անել, ովքեր ունեն նման նախաձեռնություն, նման մտահղացում, ներկայացնեն ձևավորված մրցութային հանձնաժողով: Եվ մարդիկ ներկայացրեցին իրենց առաջարկները, որի արդյունքում ունենք շահողներ: Վերջիններիս մենք ուղղակի աջակցում ենք, որպեսզի այդ կենտրոնները ստեղծեն: Այս կենտրոններն իրենցից ներկայացնելու են երիտասարդների միջավայր: Օրինակ՝ Երևանում հենց նույն LOFT-ը այնպիսի կենտրոն է, որ դժվար է ժամանակակից տերմինաբանությամբ ձևակերպել, թե ինչ է՝ սրճարան է, ակումբ է, գրադարան է: Այսինքն՝ մի միջավայր, որտեղ, այնուամենայնիվ, կարևորը բովանդակությունն է, շփումն է, քննարկումներն են և այսպես շարունակ: Եվ մենք նախորդ տարի մրցույթը հայտարարել էինք, շահողները կային, ուղղակի պատերազմի բերումով արդեն բուն ֆինանսական հատկացումները հետաձգվեցին: Մենք հիմա որոշեցինք վերադառնալ այս ծրագրին: Ըստ այդմ, հիմա գումարները կհատկացվեն և նախագծերը կիրականացվեն»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ծրագիրը լավ արդյունքներ կունենա. «Պետք է իրականացման ընթացքին հետևել անպայման, որպեսզի հիմքում դրված բովանդակությունը ճշգրիտ իրականացվի: Եվ ես հույս ունեմ, որ սրա արդյունքում, այսպես ասած, երիտասարդական միջավայրը մարզերում կփոխվի: Մենք այս ծրագիրը կփորձենք շարունակել՝ նաև հնարավորինս լայն տարածում տալու համար, որովհետև սա, առաջին հերթին, զարգացման ծրագիր է»:

Վարչապետը նշել է նաև, որ պետք է շարունակել ընդունել առաջարկներ մարզերից, մարզային կենտրոններից, քաղաքաներից այսպիսի նախագծեր իրականացնելու համար. «Այս պահին չստանձնենք որևէ ֆինանսական պարտավորություն, բայց ամեն դեպքում բովանդակային առաջարկներ շարունակենք ընդունել, և եթե լինեն հետաքրքիր ծրագրեր, կարծում եմ, մենք կգտնենք ձևն այդ ծրագրերի իրագործմանն աջակցելու»: