Տավուշի մարզում ընտանիքի անդամները թունավորվել են «գինեզոխ» անունով տապակած կանաչեղենից. ԱՆ-ն մանրամասներ է հայտնել

Առողջապահության նախարարությունը մանրամասներ է հայտնում ապրիլի 19-ին Տավուշի մարզի Գետահովիտ համայնքում սննդային թունավորման դեպքից, որի հետևանքով 12-ամյա երեխա էր մահացել:

Ըստ աղբյուրի, ընտանիքի 3 անդամը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել Իջևանից տեղափոխվել էին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Մուրացան» հիվանդանոցային համալիր։ Բոլորն արդեն դուրս են գրվել։

«Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված դեպքի համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածները կերել են այգուց հավաքած կանաչեղենի տապակա («գինեզոխ» անվանմամբ), որն էլ հանդիսացել է թունավորման հավանական պատճառ։ Լաբորատոր հետազոտություններ կատարելու նպատակով սննդից վերցվել են փորձանմուշներ։

Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գինեզոխի 3 նմուշն էլ (հում, շոգեխաշած և տապակած) ունեն սուր թունավոր ազդեցություն։

Սննդային թունավորումներից խուսափելու նպատակով առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հորդորում է զերծ մնալ անհայտ ծագման բուսատեսակների օգտագործումից, թունավորման ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել բժշական օգնության և չզբաղվել ինքնաբուժմամբ։

Նշենք, որ Գինազոխում կա 8 տեսակի ալկալոիդ։ Դրանցից երկուսը գամա կոնիկեինը և կոնինը, որոնք ամենամեծ քանակությամբ են, շատ թունավոր են։ Կոնինը խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի գործունեությունը և վտանգավոր է մարդու առողջության համար։

Կոնինն արգելակում է նյարդամկանային սինապսները, ունենալով կուրարեին նմանվող ազդեցություն, առաջացնելով շնչառական մկանների պարալիչ, որը թթվածնի պակասի պատճառով առաջացնում է մահ», -նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։