Բնիկներ․ ովքե՞ր են նրանք

Մհեր Արշակյան

Բնիկների թեման ծագեց երգահան Վահան Արծրունու ֆեյսբուքյան մի գրառումից, ըստ որի գույքահարկի նոր օրենքը ունեզրկելու է Երևանի բնիկներին։ 

Ըստ իս, «բնիկ» ընկալման մեջ թյուրիմացություն կա։ Նախ՝ ի՞նչ տեղի կունենար, եթե Երևանում ապրեին միայն բնիկները, գույքահարկի մասին օրենք չպե՞տք է լիներ։

Երկրորդ՝ բնիկների պաշտպանության թեման այլ հիմքեր ունի։ Բնիկները թեմա են, եթե վտանգված է նրանց մշակութային ինքնությունը։

Այսինքն՝ բնիկները արտոնություններ են ձեռք բերում, եթե նրանց մշակութային և գոյաբանական տարածքների վրա տեղի է ունեցել ինտերվենցիա։

Երևանցի բնիկները հայ են, նրանք ապրում են Հայաստանի Հանրապետությունում, բնիկ երևանցին ինքնին մշակութային հասկացություն է, բայց ոչ մեկը նրանց դուրս չի մղել և դուրս չի մղում Երևանից, ոչ մեկը նրանց կյանքին չի սպառնացել, եթե թուրք, պարսիկ, ուզբեկ, ֆրանսիացի, ամերիկացի, ուրուգվայցի կամ նույնիսկ Զատիկ կղզու ներկայացուցիչ չէ։

Գույքահարկի մասին նոր օրենքը գույքահարկի մասին հին օրենքն է, այն տարբերությամբ, որ միշտ փոփոխվելու է, վճար է բարձրանալու, վճար է իջնելու։

Բնիկների իրավունքներն ի սկզբանե այս օրենքում և որևէ այլ օրենքում չեն կարող ներառվել, որովհետև նրանց փոխարեն ոչ մեկը Երևանում չի ապրում, եթե անգամ նրանք դուրս են մղվել Երևանից և հայտնվել, ասենք, Ամերիկայում, դա այն բանի արդյունք չէ, որ զենք ու զրահով նրանց այս քաղաքից դուրս են մղել։

Երևանը 1998-2008 թվականներին գրավված էր, Ռոբերտ Քոչարյանը բառի բուն իմաստով խելքին փչածն արեց Երևանի կենտրոնի հետ։

Այն ժամանակ Ֆեյսբուք չկար, և ի պաշտպանություն Երևանի կենտրոնի ֆլեշմոբը իրատեսական չէր, բայց համարենք, որ եղել է նման բան։

Բայց Ռոբերտ Քոչարյանն իր մտածողությամբ ինտերվետոր էր, նա նույնիսկ Երևանի մեջ Երևանի տեղը չգիտեր, նա քաղաքի հերն անիծում էր, ինչպես երեխան նաև ուրիշների համար նախատեսված շոկոլադն է «խեղդում»։

Նրա հարձակումը Երևանի հանդեպ չի եղել, այլ Հայաստանի Հանրապետության դեմ, նրա գործունեությունից տուժել են բոլորը, բոլոր հայաստանցիները՝ Աշոցքից մինչև Մեղրի, Բաբկեն Թունյանի հարևան Պողոսից մինչև Սիրուշո։

Հայտնի է, որ ամերիկյան իշխանությունները օրենքներով են պաշտպանում ամերիկյան բնիկ ցեղերի իրավունքները, եթե չեմ սխալվում՝ նրանք նույնիսկ հարկեր չեն վճարում։

Ինչո՞ւ։

Որովհետև իրենք եկել ու գրավել են նրանց հողը, նրանց սպանել են, ունեզրկել են, ստրկացրել են, ոչնչացրել են (սպանելու և ոչնչացնելու տարբերություններն ահռելի են)։

Նոր Ամերիկայի իշխանությունները հենց Կորտեսի ժամանակակիցների մեղքերն են քավում բնիկներին տված արտոնություններով։ Երևանին ի՞նչ է պատահել։ Հայաստանի նոր իշխանությունները որևէ կերպ իրավազրկել կամ ունեզրկե՞լ են նրանց, նրանք գրե՞լ են օրենքներ, որոնք իրենց խորքում նկատի ունեն հենց բնիկների ունեցվածքը կամ կյանքի իրավունքը։ Ոչ։ 

Հայաստանում բնիկներ չկան, եթե, իհարկե, այստեղ ապրող հույնը, ռուսը, եզդին, քուրդը և նույնիսկ ադբեջանցին հենց այստեղի բնիկները չեն։

Բնիկ երևանցին ընկալում է, որը զուտ մշակութային առումով որոշ իրավունք ունի, եթե իր մեջ պատմություն ունի փոխանցելու, բայց Հայաստանում հայը չի կարող բնիկ լինել կոնկրետ բնակավայրում։

Որովհետև բնիկ երևանցի ընկալումը նախ ընկալում է բնիկ ապարանցու, բնիկ գորիսեցու, բնիկ գյումրեցու դեմ։

Բնիկը զենք է դառնում ընդդեմ ուրիշի, եթե կռվի ուրիշ թեմա չկա։

Մյուս կողմից՝ լավ է, որ այս թեման բարձրացրեց Վահան Արծրունին։ Որովհետև մեկընդմիշտ պետք է ասվի՝ բնիկ ես, եթե քո հողի վրա մնացած բոլորը թուրք են կամ այլազգի։

Բնիկ երևանցին զուտ արտահայտություն է և նույնիսկ մշակութային գոյության իրավունք ունի, բայց այն չպետք է դառնա արտոնություն, եթե արանքում երբևէ զենք չի եղել։

Բնիկների թեման այսքանով կարելի է ավարտել։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am