Իրանը պետք է Բաքվին ուղղված հրադադարի կոչեր անի, քանի որ դա բխում է նաև Իրանի շահերից. Իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրանագետ Գարիկ Միսակյանը

– Արցախում սահմանային լարվածությունը ստիպել է հարևան Իրանի Իսլամական Հանրապետությանը դիմել է որոշակի գործուն քայլերի։ Մասնավորապես, մենք տեսնում ենք արդեն, որ զորք է կենտրոնացվել սահմանի երկայնքով։ Դուք հավանաբար հետևում եք իրանական մամուլին, խնդրում եմ ներկայացրեք՝ ի՞նչ տրամադրություններ են այդ երկրի ներսում։

– Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի դեռ սկզբից Իրանում իրենց հյուսիսային սահմանների անվտանգության հետ կապված անհանգստությունները մեծացան, քանի որ Արցախյան առաջին պատերազմից հետո մշտապես ունեցել են խաղաղ հյուսիսային սահմաններ։

Նաև պետք է ասել, որ Իրանի համար շատ կարևոր են իր սահմանների անվտանգությունը, և դա արտահայտվել է Իրանի արտգործնախարարության բոլոր հայտարարություններում։

Իսկ Իրանի ռազմական ղեկավարությունը սկսեց կոշտ դիրքորոշում արտահայտել այն ժամանակ, երբ հայտնվեցին տեղեկություններ, որ տարածաշրջան ահաբեկիչներ են ներթափանցել, ինչպես նաև տեսանյութեր ահաբեկիչների տարբեր սպառնալից հայտարարություններով։ 

– Այսօր էլ հայտնվեց տեղեկություն, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատարն էր այցելել երկրի հյուսիսարևմտյան սահման…

– Այո՛, բացի այդ, Իրանի արտաքին գործերի քաղաքական հարցերով փոխնախարար Արաղչին ևս այցելել էր սահման։ Մինչ այդ բազմաթիվ ռազմական տեխնիկա էր տեղափոխվել սահման։

Այս ամենը պայմանավորված է նրանով, որ Իրանը նախ ապահովագրում է իրեն ցանկացած անօդաչու սարքերի հայտնվելուց, ինչպես նաև ահաբեկիչների հայտնվելու վտանգից։

Իրանի ռազմական ղեկավարության կողմից նաև հայտարարություններ էին եղել հայ-իրանական սահմանի հետ կապված, որ այդ սահմանն անձեռնմխելի է, և անվտանգությունը շատ կարևոր է։

Սակայն այսօր տեսանք, որ ՊՆ-ն հայտարարեց Ադրբեջանի կողմից հարձակման մասին։ Հիմա պետք է սպասենք Իրանից ավելի կոշտ դիրքորոշման Ադրբեջանի հանդեպ։ Նաև պետք է սպասել այդ դիրքորոշմանը, քանի որ Իրանն արդեն հայտարարել է, որ այդ սահմանն իր համար «կարմիր գծերից» մեկն է։ 

– Հնարավորություն տեսնո՞ւմ եք, որ Իրանը կարող է Ադրբեջանի հանդեպ կոշտ դիրքորոշմամբ հանդես գալ։

– Իմ կարծիքով՝ Իրանը պետք է կոշտ դիրքորոշում որդեգրի այս հարցում, քանի որ երկու երկրների պետական սահմանն է վտանգվում, և, բացի այդ, Իրանի համար կարևոր տնտեսական սահման է։

Ես կարծում եմ՝ համապատասխան աշխատանքներ տարվում են Իրանի հետ, և պետք է ակնկալել, որ Իրանը այս հակամարտության նկատմամբ դրսևորող չեզոք վերաբերմունքը փոխի և սկսի դատապարտել ադրբեջանական հարձակումները։

Այսօր արդեն Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնելու լուծել հակամարտությունը, և նշվեց, որ Արաղչին մեկնելու է Ռուսաստան, Հայաստան, Բաքու և Անկարա։

Այսինքն՝ սա նույնպես Իրանի անհանգստությունների և այս հակամարտության կարգավորմանը ներգրավվելու կամ օժանդակելու փորձերից մեկն է լինելու։ 

– Հույսեր կա՞ն, որ փաստորեն արդեն չորրորդ միջնորդը կկարողանա այս հարցը լուծել։ 

– Իրանը մշտապես ցանկություն է հայտնել դառնալ միջնորդ այս հակամարտության կարգավորման գործընթացում՝ նաև հիմք ընդունելով Արցախյան առաջին պատերազմի ժամանակ միջնորդական առաքելությունը, սակայն պետք է նշեմ, որ հակամարտությունը կարգավորվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, և մեր երկիրը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը Մինսկի խմբի ձևաչափով է պատրաստ լուծել հակամարտությունը։

Այսինքն՝ ներկա փուլում մեր երկրի ղեկավարության կողմից չկան ազդակներ, որ Իրանը դառնա բանակցային գործընթացի միջնորդ կողմ, սակայն լինելով հարևան երկու երկրների հետ, ինչպես նաև անհանգստանալով իր երկրի հյուսիսային սահմանների համար, ադրբեջանական բանակում ահաբեկիչների առկայությամբ, Իրանը կարող է փորձել սեփական ուժերով, օրինակ՝ Բաքվին հրադադարի կոչեր անել կամ միջնորդել հրադադարի հաստատմանը։ Դա բխում է նաև Իրանի շահերից, քանի որ Իրանի սահմանները ներկա պահին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով վտանգի տակ են գտնվում։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am