Ցեղասպանության միջազգային ճանաչումը ինքնանպատակ չէ, այլ համամարդկային արժեբանության խնդիր. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արդեն 106-րդ տարին է, որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Տեղի ունեցածը բնույթով ոչ միայն անձնական ողբերգություն էր հրեշավոր այդ արարքի զոհ դարձած յուրաքանչյուր հայի համար, այլև համազգային աղետ, որ արժեցավ միլիոնավոր կյանքեր, խեղված ճակատագրեր և հայրենազրկություն:

Այս ամենով հանդերձ՝ մեր ժողովուրդը կարողացավ իր մեջ ուժ գտնել և վերածնվել: Կարծում եմ՝ Ցեղասպանության աղետի հարցում ուղենշայինը պիտի լինի հենց վերածննդի գաղափարը, դժոխքի միջով անցնելու, սակայն ոտքի վրա կանգուն մնալու մեր ազգային կարողությունը: Սա մեր ներքին ուժի լավագույն ապացույցն է, որ արհավիրքը մեզ չի վերացնում, դժվարությունը կոփում է, եղեռնը՝ վերածնում:

Ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևաբար, ինքնանպատակ չէ, այլ համամարդկային արժեբանության խնդիր՝ մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության դատապարտում և դրա միջոցով նաև կանխում ու պետությունների կողմից այդպիսի պատասխանատվության ստանձնում»: